ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒՄ ԵՆ` ԱՌԱՆՑ ՄԻՄՅԱՆՑ ՎՍՏԱՀԵԼՈՒ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ նախագահական նստավայրում ստորագրվեց ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիոն հուշագիրը: Մեկ տարի տեւած երկկողմ համագործակցությունից հետո ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կրկին միասին իշխանավարելու հայտ են ներկայացրել, այս անգամ մինչեւ նոր խորհրդարանի լիազորությունների ավարտը (ենթադրվում է` մինչեւ 2022 թվականը): Միայն թե, նկատենք, չնայած երկարաժամկետ համագործակցության պատրաստակամությանը, երեկ ստորագրած հուշագրի տեքստն անուղղակի վկայում է կոալիցիոն երկու կուսակցությունների միջեւ անվստահության մասին:

«Քաղաքական կոալիցիոն համագործակցությունը վերաբերում է կառավարության ողջ գործունեությանը:
Քաղաքական կոալիցիայի կողմերն առաջնորդվում են փոխադարձ հարգանքի, փոխըմբռնման, հանդուրժողականության, տարաձայնությունները բանակցությունների եւ քննարկումների միջոցով լուծելու մոտեցումներով՝ հանրային իշխանության մարմինների ու պաշտոնատար անձանց գործունեության ամբողջական պատասխանատվության գիտակցմամբ»,- նշված է փաստաթղթում:
Այլ կերպ ասած՝ կոալիցիոն հուշագրում ամրագրված է իշխանության համար ամբողջական պատասխանատվություն կրելու թեզը, մի դրույթ, որը կար նաեւ նախորդ տարվա փետրվարին ստորագրված ՀՀԿ-ՀՅԴ քաղաքական համագործակցության փաստաթղթում, բայց որը չի եղել կոալիցիոն նախորդ մյուս հուշագրերում: Ընդ որում, նման ձեւակերպում ներկայացվել է այն դեպքում, երբ խորհրդարանական այս ընտրությունների արդյունքում ՀՀԿ-ն ԱԺ-ում ստացավ բացարձակ մեծամասնություն, իսկ ՀՅԴ-ին կրկին բաժին են հանելու նախարարական երեք եւ մարզպետի երկու պորտֆել` կառավարության մեկ յոթերորդը:
ՀՀԿ-ի կողմից նման պայմաններ առաջադրելը միանգամայն հասկանալի է. նախկին բոլոր կոալիցիաների անդամները (այդ թվում ՀՅԴ-ն) իշխանությունից դուրս գալուց հետո, երբ ստիպված էին ընդդիմադիր ձեւանալ, անխնա քննադատել են այդ տարիների բացթողումները` բացասականը վերագրելով ՀՀԿ-ին ու արդարանալով, թե իրենք պատասխանատու են եղել միայն իրենց վերապահված ոլորտների համար: Իսկ հիմա նման հուշագիրը ստորագրելով՝ ՀՅԴ-ն այլեւս չի կարողանա մանեւրել:
Չնայած, հարկ եղած դեպքում ՀՅԴ-ին որեւէ բան չի խանգարի վերադառնալ նախկին գործելաոճին. չէ՞ որ ԱԺ այս ընտրությունների քարոզարշավի ժամանակ, երբ ակտիվորեն խոսվում էր ԼՂ խնդրի մասին, նույն ՀՅԴ-ն մադրիդյան սկզբունքներն ամենաակտիվ քննադատողներից մեկն էր, եւ սա այն դեպքում, երբ նախորդ տարի ստորագրված կոալիցիոն հուշագրում եւս նշված էր իշխանության համար ամբողջական պատասխանատվություն կրելու դրույթը, նաեւ ասված էր. «Քաղաքական համագործակցության դաշտը ներառում է պետության կյանքի ներքին եւ արտաքին բոլոր ոլորտները»:
Ինչեւէ, շարունակենք ներկայացնել երեկվա հուշագրի ուշագրավ դրույթները: «Քաղաքական կոալիցիայի կողմերը քաղաքական պաշտոնները միմյանց միջեւ բաշխում են խորհրդակցությունների միջոցով ձեռք բերված համաձայնությամբ: Վարչապետի առաջադրման իրավունքը պատկանում է Հայաստանի հանրապետական կուսակցությանը:
Քննարկումների արդյունքում տվյալ կուսակցությանը վերապահված պաշտոնում կարող է նշանակվել միայն տվյալ կուսակցության կողմից առաջադրված թեկնածուն:
Թեկնածուի առնչությամբ մյուս կուսակցությունը կարող է ներկայացնել դիրքորոշումներ, որոնք հրապարակման ենթակա չեն»,- նշված է ստորագրված փաստաթղթում:
Միանգամայն տրամաբանական է, որ հուշագրով վարչապետի թեկնածուի առաջադրումը վերապահված է խորհրդարանում բացարձակ մեծամասնություն ունեցող ՀՀԿ-ին. այլ կերպ չէր կարող լինել: Իսկ ահա հուշագրի հաջորդ նախադասությունը բացահայտում է ներիշխանական տրամադրություններն ու հակասությունները: Ինչպես հիշում եք` մամուլում շատ խոսվեց, որ ՀՀԿ-ում հատկապես վարչապետ Կարեն Կարապետյանը դեմ է եղել ՀՅԴ-ական նախարարների նշանակմանը` այդ կուսակցությունից պահանջելով ուրիշ թեկնածուներ առաջադրել: Ու հիմա կոալիցիոն հուշագրում նման ձեւակերպումը կարելի է համարել ՀՅԴ-ի կողմից ՀՀԿ-ին, կամ առնվազն ՀՀԿ-ականների մի մասին ներկայացված պահանջ (նաեւ անուղղակի հաստատում վարչապետ-ՀՅԴ հակասությունների): Դեռ ավելին՝ այս հուշագրով արգելք է դրվում «անցանկալի» թեկնածուների մասին կոալիցիոն քննարկումներից դուրս բարձրաձայնելն ու հրապարակայնացնելը. եւս մի պահանջ, որի հեղինակը ՀՅԴ-ն է:
Հուշագրում նաեւ խոսք կա բոլոր հարցերի շուրջ որոշումները «համախոհությամբ» ընդունելու մասին: «Համախոհության բացակայության դեպքում, անկախ իրենց դիրքորոշումից, կողմերը պարտավոր են ապահովել ընդունված որոշման իրագործումը իշխանության բոլոր մակարդակներում եւ օղակներում»,- ասված է փաստաթղթում: Սա էլ, թերեւս, ՀՀԿ-ի պահանջն է, երբ ստիպում է կոալիցիոն գործընկերոջն անկախ ունեցած տեսակետից, այնուամենայնիվ, կողմ քվեարկել ներկայացված փաստաթղթերին: Իսկ եթե ոչ, ապա կարելի է եւ հանգիստ խղճով ապահարզան տալ. «Քաղաքական կոալիցիայի կողմերի միջեւ սկզբունքային տարաձայնությունների առաջացման դեպքում դրանք լուծվում են բանակցությունների միջոցով: Բանակցությունների միջոցով համաձայնություն ձեռք չբերելու դեպքում կուսակցություններից յուրաքանչյուրը, մյուս կողմին գրավոր տեղեկացնելով, կարող է դուրս գալ կոալիցիայից»:
Հ.Գ. Հուշագրում նաեւ նշված է «կոալիցիոն խորհուրդ» ձեւավորելու մասին: Միայն թե, նկատենք, «կոալիցիոն խորհուրդ» ստեղծելու գաղափարը նաեւ նախորդ տարի ստորագրված փաստաթղթում կար, բայց այդպես էլ այն իրականություն չդարձավ: Միգուցե առաջիկա հինգ տարիների ընթացքում խորհուրդը վերջապես ձեւավորեն: Բայց սա լինելու է անիմաստ մարմին. ի վերջո, ՀՀԿ-ն բացարձակ մեծամասնություն ունի, հետեւաբար նաեւ միանձնյա որոշում կայացնելու իրավունք:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ

 

 

 
ՓՈՂԻ ԿԱՐԻՔ ՈՒՆԵ՞Ն
Երեկ Մոսկվայի հայկական եւ ժողովուրդների մշակույթների թանգարանի հիմնադիր, գործարար Ռուբեր Գրիգորյանը հայտարարել է, որ Զարուհի Փոստանջյանն իր անցած ուղով, սկզբունքների հավատարմությամբ ապացուցել է, որ արժանի է եւ ունակ լինելու Երեւանի քաղաքապետ, եւ նշել, որ ինքը պատրաստ է ֆինանսապես աջակցել Զարուհի Փոստանջյանի «Երկիր ծիրանի» կուսակցությանը: Հիշեցնենք, որ որոշ ժամանակ առաջ լուրեր շրջանառվեցին, որ հենց Գրիգորյանն է Փոստանջյանի կուսակցության հովանավորը, սակայն կուսակցապետը հերքեց այդ լուրերը: Ինչեւէ, «Ժողովուրդ» օրաթերթը որոշեց Զարուհի Փոստանջյանից հետաքրքրվել, արդյո՞ք իրենք ունեն Գրիգորյանի հովանավորչության կարիքը: Սակայն հարցը լսելուն պես Փոստանջյանը հրաժարվեց պատասխանել հարցին:

 

 

ԱՌՆԵՏՆԵՐՆ ՈՒ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԽՐԱԽՃԱՆՔԸ
ՀՀ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի 4-րդ միկրոշրջանի 45 շենքի առաջին մուտքի բնակիչները դիմել են «Ժողովուրդ» օրաթերթին եւ հայտնել, որ իրենց շենքի վերելակը արդեն երեք օր է՝ չի աշխատում: Պատճառը վերելակի հորանի աղբն ու կենդանի առնետներն են: Սակայն բնակիչների պատմելով՝ հորանը աղբից ու առնետներից մաքրելը պատկան մարմիններին` համատիրությանը, վերելակային ծառայությանը եւ Աբովյանի քաղաքապետարանին չի մտահոգում: Աբովյանի քաղաքապետարանին ենթարկվող վերելակային ծառայությունը, որին բնակիչները ամսական վճարում են ավելի քան 8000 դրամ, հրաժարվում է մաքրել հորանը` նշելով, որ դա իրենց գործառույթների մեջ չի մտնում: Ավելին՝ հավաստիացրին, թե վերելակի հորանը աղբից ու առնետներից մաքրելը տվյալ շենքի համատիրության «սուրբ պարտականությունն է»: Ինչի հետ համաձայն չէ համատիրության նախագահ Հարութ Մուշեղյանը: Նա էլ իր հերթին ուղղորդեց հարցի լուծման մասին հետաքրքրվել վերելակային ծառայությունից: Ասել է, թե կրկին գործեց հայկական ավանդական տարբերակը. պատկան մարմինները հարցը լուծելու պարտականությունը գցում են մեկը մյուսի վրա: Իսկ այս ընթացքում Աբովյանի քաղաքապետ Վահագն Գեւորգյանը Ղրիմում այցելում է թանգարաններ, լուսանկարվում արձանների կողքին` աչքաթող անելով իր աբովյանցիների խնդիրները:
 

ՍՏՎԵՐԸ ԹԱՔՑՐԵՑ
Անցած տարվա դեկտեմբերի վերջին խոշոր հարկատուների մոտ ստվերը գնահատվել է 48.8 տոկոս: Սակայն, ըստ ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանի, հիմա ստվերը նվազել է, մասնավորապես մարտին այն կազմել է 33.2 տոկոս: Իսկ երբ լրագրողները հետաքրքրվեցին, թե ովքեր են այն խոշոր հարկատուները, որոնք մոտ 50 տոկոս ստվեր են թաքցրել, ՊԵԿ նախագահը հրաժարվեց անուններ նշել:

 

 
ՀԻՇԵԼ Է
Արցախի մարդու իրավունքների պաշտպանը մեկնել է Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտ՝ «Ռազմական հակամարտությունների զոհերը միջազգային մարդասիրական իրավունքի եւ մարդու իրավունքների միջազգային իրավունքի հատման կետում» խորագրով միջազգային համաժողովին մասնակցելու նպատակով։
Հունգարիայում լրագրողի հետ զրույցում անդրադառնալով մարդասպան Ռամիլ Սաֆարովի արտահանձնման խնդրին՝ Ռ. Մելիքյանն ընդգծել է դրա պատճառական կապը ապրիլյան պատերազմում Ադրբեջանի զինված ուժերի կատարած վայրագությունների հետ։ Մելիքյանը, մասնավորապես, նշել է, որ Սաֆարովի հերոսացումը ուղեկցվել է նրա հանցանքը երիտասարդների համար օրինակելի դարձնելու պետական խրախուսմամբ, ինչն իր դրսեւորումն է ստացել 2016 թվականի ապրիլին։

 

 

ԻՐԱՐ ԴԵՄ
Այսօր «Երկիր Ծիրանի» կուսակցության առաջնորդ Փոստանջյանը ընտրակաշառքի դեմ քաղաքացիներին 15 հազարական դրամներ տրամադրելու «Ելք»-ի նախաձեռնությունը «քրեորեն հետապնդելի արարք» էր որակել: «Կարծում եմ՝ յուրաքանչյուր իրավապահ քաղաքացի պետք է քրեորեն հետապնդելի արարքի մասին տեղեկանալուց հետո դիմի իրավապահ մարմիններին: Էնպես որ, ես հույս ունեմ, որ Զարուհի Փոստանջյանն իր հայտարարության մեջ կլինի հետեւողական եւ կդիմի իրավապահ մարմիններին», – երեկ ի պատասխան՝ հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:

 

 

ԼՌՈՒՄ ԵՆ
razm.info-ն գրում է, որ մայիսի 9-ին նախնական տվյալներով առաջնագծում սպանվել է Ադրբեջանի բանակի սպա, առնվազն կապիտանի կոչում ունեցող Քազիմով Սուլեյման Սեյիդաղա օղլուն: Ադրբեջանի պաշտոնական աղբյուրները այս մասին որեւէ տվյալ չեն հաղորդել: Ավելացնենք, որ 2017 թ. ընթացքում բաց աղբյուրներից հայտնի է դարձել Ադրբեջանի բանակի 27 զինծառայողի մահվան մասին։




Լրահոս