ԽԱՌՆԱՇՓՈԹ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ կաշառք ստանալու պահին Արարատի եւ Վայոց ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դահլիճում ձերբակալվեց 2008 թվականից մինչ օրս նշյալ դատարանի դատավոր Լեւոն Արազյանը: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ձերբակալությունից հետո դատարանում մեծ խառնաշփոթ է առաջացել, եւ դատարանում չեղյալ են հայտարարվել բոլոր դատական նիստերը:

Այն, որ դատական համակարգում արձանագրված կաշառակերության բացահայտման դեպքերից դատավորները դասեր չեն քաղում, փաստ է: Սա առաջին դեպքը չէ, որ ազգային անվտանգության ծառայությունը կաշառքի համար դատավոր է ձերբակալում: 2014 թվականին Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Խաչատուր Խաչատրյանը 20 հազար դոլար կաշառքի համար ազատազրկման դատապարտվեց 8 տարի ժամկետով, սակայն որոշումը բողոքարկել է ՀՀ վերաքննիչ դատարանում եւ գործով դատական նիստերը դեռ շարունակվում են: 2016 թվականին 1000 դոլար կաշառք վերցնելու համար կալանավորվեց նաեւ Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Իշխան Բարսեղյանը:
Ու թեեւ դատավորների կողմից վերցվելիք կաշառքի սակագները գնալով իջնում են՝ 20 հազարից դառնալով 1000, ապա 600 ԱՄՆ դոլար, այնուամենայնիվ, երեւույթը դեռ արմատախիլ չի արվում:
Երեկ Արարատի եւ Վայոց ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դահլիճում 600 ԱՄՆ դոլար կաշառքի համար ձերբակալվեց դատավոր Լեւոն Արազյանը:
«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ դատավոր Արազյանի ձերբակալվելուց հետո դատարանում իրարանցում է սկսվել: Դատարանում ժամը 15:00-ից հետո նշանակված բոլոր դատական նիստերը չեղյալ են հայտարարվել:
Իսկ ո՞ր գործի համար է դատավորը կաշառք վերցրել: Ըստ ազգային անվտանգության ծառայության՝ քրեական գործով անձին տուգանքի դատապարտելու համար դատավորը պահանջել եւ անձամբ ստացել է 600 ԱՄՆ դոլար գումար:
Նկատենք, որ 2017 թվականին Լեւոն Արազյանին մակագրվել է 23 քրեական գործ: Դրանցից երկուսով օրերս դատավորը վճիռ է կայացրել: Մասնավորապես «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ մայիսի 4-ին Լեւոն Արազյանը քննել է Անուշավան Հակոբյանի գործողությունների մասով հարուցված քրեական գործը , որին մեղադրանք է առաջադրված եղել այն բանի համար, որ երեք ամսից ավելի չարամտորեն խուսափել է դատարանի վճռով իր երեխային ապրուստի միջոցներ վճարելուց: Այս գործով Լեւոն Արազյանը 2017 թվականի մայիսի 4-ին կայացրել է դատավճիռ:
Մյուս գործը, որով մայիսի 5-ին վճիռ է կայացրել դատավորը, կապված է Արարատի մարզի Այգավան գյուղի բնակիչներից մեկի հետ: Ինչպես պարզեցինք՝ Գրիգոր Շամասուրյանը, իր անձնական օգտագործման «Լեքսուս» մակնիշի 05 OL 578 հաշվառման համարանիշի ավտոմեքենան 1.800 ԱՄՆ դոլարով վաճառել է Արթուր Նիկողոսյանին: 2016 թվականի դեկտեմբերի սկզբներից սկսած Գրիգոր Շամասուրյանը Արթուր Նիկողոսյանից պահանջել է պարտք մնացած գումարը, սակայն վերջինս պատճառաբանել է, որ գումար չունի, ժամանակ է խնդրել: Գրիգոր Շամասուրյանը ենթադրելով, որ Արթուր Նիկողոսյանը խաբում է իրեն, գնացել է Նիկողոսյանի տան բակ, տարել է այնտեղ կայանված իր մեքենան եւ մեկ այլ մեքենա:
Այս արարքի համար Գրիգոր Շամսուրյանին մեղադրանք է առաջադրվել 322 հոդվածի առաջին մասով՝ ինքնիրավչության համար, որը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով: Ինչպես արդեն նշել էինք՝ այս գործով վճիռը հրապարակվել է մայիսի 5-ին, սակայն դեռեւս հայտնի չէ, թե ինչ որոշում է կայացրել դատավորը:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Արարատի եւ Վայոց ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Գագիկ Սարգսյանը, անդրադառնալով իր ղեկավարած դատարանում ստեղծված իրավիճակին, հայտնեց, որ չի հասկանում, թե ինչ է կատարվում, եւ, առհասարակ, այնպիսի հոգեբանական վիճակում է, որ որեւէ բան չի կարող ասել. «Որեւէ կարծիք չեմ կարող հայտնել, Դուք նախ պետք է հասկանաք, թե ինչ հոգեկան վիճակի մեջ եմ, իմ վիճակը հասկացեք, չգիտեմ, թե ինչ է եղել»:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 
ԿՐԿՆԱԿԻ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ՀԵՏՔԵՐՈՎ
Ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունների ընթացքում արձանագրված ընտրախախտումներով հերթական գործը ուղարկվեց դատարան: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ այս անգամ ամբաստանյալի աթոռին է հայտնվել Վանաձորի բնակիչ Ատոմ Հովհաննիսյանը: Նա ապրիլի 2-ին խորհրդարանական ընտրությունների օրը գնացել էր Վանաձոր քաղաքի 23/02 ընտրատեղամաս եւ կատարել իր ընտրությունը եւ դուրս էր եկել: Կարճ ժամանակ անց կրկին էր գնացել ընտրատեղամաս եւ որոշել էլի քվեարկել, սակայն անձնագիրը ստուգող սարքի ազդանշանը միացել էր, եւ նա ավարտին չէր կարողացել հասցնել իր գործը: Թե ում է քվեարկել, այդպես էլ անհայտ է պահվում:
Նրա նկատմամբ մեղադրանք էր առաջադրվել կրկնակի քվեարկության փորձ կատարելու համար: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ երկրից չհեռանալու մասին: Նշենք, որ հարուցված քրեական գործը կքննվի Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում, իսկ գործը նախագահող դատավորը Լուսինե Աբգարյանն է:

 

 

ՆԱԽԿԻՆ ՊԵՏԻ ՇՈՒՐՋ
ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության նախկին պետ Արտյոմ Մովսեսյանին պատկանող «Գետամեջի» թռչնաֆաբրիկայի շուրջ ուշագրավ զարգացումները շարունակվում են: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ ապրիլի 20-ին թռչնաֆաբրիկան տուգանվել է, պետական եկամուտների կոմիտեի կողմից ենթարկվել է վարչական պատասխանատվության: Բանն այն է, որ ընկերությունը հայտարարագրել է ապրանքներ, սակայն ընկերության տնօրենը սահմանված ժամկետում չի ապահովել ճանապարհային երթեւեկության համար նախատեսված վճարը, ինչը ՊԵԿ տեսուչները համարել են վարչական իրավախախտում եւ ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության նախկին պետ Արտյոմ Մովսեսյանին պատկանող «Գետամեջի» թռչնաֆաբրիկային տուգանել են 20 հազար դրամի չափով:
Նշենք, որ սա առաջին դեպքը չէ, որ թռչնաֆաբրիկան հայտնվում է անցանկալի իրավիճակում, գրել էինք, որ թռչնաֆաբրիկայի աշխատակիցները գողացել էին ֆաբրիկային պատկանող օդափոխության համակարգի 8 շարժիչներ եւ իրաններ եւ այն վաճառել էին հայտնի գործարարին՝ Խաչիկ Մանուկյանին պատկանող «Լուսակերտ» ՍՊԸ-ին: Իսկ գողոնի վաճառքից ստացված գումարն էլ մեջ-մեջ էին արել: Այս գործով դատական նիստերը դեռեւս շարունակվում են:

 

 
ԴԱՏԻ ԵՆ ՏՎԵԼ ՏԱՐՈՆԻՆ
Երեւան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Ազատամարտիկի եւ Աթոյան փողոցների մի քանի տասնյակ բնակիչ դիմել է վարչական դատարան՝ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի՝ 2012 թվականին դեկտեմբերի 26-ի «հ 8889-Ա» որոշումը բեկանելու պահանջով: Խոսքը Ազատամարտիկների 76 հասցեում 1970-ականներին կառուցված ջրի պոմպակայանի տարածքը քաղաքացի Վահան Բեգոյանին սեփականաշնորհելուն է վերաբերում: Բնակիչները տարիներ շարունակ պայքարում էին Տարոն Մարգարյանի այս որոշման դեմ՝ պնդելով, որ պոմպակայանը չի կարող որպես ինքնակամ շինություն սեփականաշնորհվել ինչ-որ մի անձի, որն էլ հետագայում այդ տարածքի ծառերը կհատի եւ գարեջրատուն կկառուցի: Հայցադիմումի հիմքի մասում մայրաքաղաքի բնակիչները հիշեցրել են, որ երկար ժամանակ չեն կարողացել քաղաքապետարանից տեղեկատվություն ստանալ այն մասին, թե ինչ է կատարվում նշված տարածքում: Ըստ armtimes.com-ի, կրկնակի հարցումից հետո քաղաքապետարանն արդեն պատասխանել է, որ տարածքը, որպես ինքնակամ կառույց, սեփականության հիմքով տրամադրվել է քաղաքացի Վահան Բեգոյանին: Այս ամենից հետո նրանք դատական կարգով այժմ վիճարկում են քաղաքապետ Տարոն Մարգարյանի՝ 2012 թվականի որոշումը:

 

 

 

ՍՊԱՆԵԼ Է
Մայիսի 5-ին՝ ժամը 10:40-ի սահմաններում, շտապօգնության կայանից հաղորդում էր ստացվել, որ Գյումրիի Ղորղանյան փողոցի 1-ին փակուղու տներից մեկում դիակ կա: Դեպքի վայրում հայտնաբերվել էր տվյալ տան բնակիչ, 1940թ. Ստեփան Մարկոսյանի դիակը՝ կրծքավանդակի շրջանում կտրած-ծակած վնասվածքներով: Նախնական քննությամբ հիմնավորվել է, որ Գյումրի քաղաքի 22-ամյա բնակիչը 2017թ. մայիսի 5-ին՝ ժամը 05.00-ի սահմաններում, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, կենցաղային հարցերի շուրջ նախկինում ունեցած տարաձայնությունների համար վրեժխնդիր լինելու նպատակով գնացել է Ս. Մարկոսյանի տուն, մուտք գործել ննջասենյակ եւ դանակի գործադրմամբ բազմաթիվ հարվածներ հասցրել նոր արթնացած Ս. Մարկոսյանի կրծքավանդակի ձախ կեսին, գլխի եւ պարանոցի հատվածներին։ Ստացած մարմնական վնասվածքներից տանտերը մահացել է։ Ձեռք բերված ապացույցների հիման վրա 22-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ սպանություն: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։

 

 

ՕՊԵՐԱՏՈՐԸ ՎԻՐԱՎՈՐՎԵԼ Է
Արցախա-ադրբեջանական շփման գծի հյուսիսային հատվածում Ադրբեջանի զինուժի գնդակոծության հետեւանքով «Շանթ» հեռուստատեսության «Դիրքերում» հաղորդաշարի վիրավորված օպերատոր Դավիթ Աթոյանը երեկ վիրահատվել է: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում ասաց ԼՂՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը: Հիշեցնենք, որ նախօրեին՝ երեկոյան ժամը 18-ի սահմաններում, արցախա-ադրբեջանական շփման գծի հյուսիսային հատվածում գնդակոծության է ենթարկվել «Շանթ» հեռուստաընկերության «Դիրքերում» հաղորդաշարի նկարահանող խումբը: Հակառակորդը հրաձգային խոշոր տրամաչափի զենքերով գնդակոծել է նկարահանող խմբի ավտոմեքենան: Մեր գործընկերոջը շուտափույթ ապաքինում ենք մաղթում:




Լրահոս