«ԵՐԲ ՔԱՂԱՔԻ ԴԻՄԱԳԻԾԸ ՔԱՌԱԿՈՒՍԻ ՄԵՏՐՆ Է»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը երգիչ, երգահան Վախթանգ Հարությունյանի հետ զրուցել է մայրաքաղաքի կոլորիտի, քաղաքացու գիտակցության եւ քառակուսի մետրերին ստորադասվելու միտումի մասին:

-Պարո՛ն Հարությունյան, ի՞նչ կարծիք ունեք մայրաքաղաքի հանրային վայրերում հնչող երաժշտության մասին: Երբեմն այնպիսի տպավորություն է, որ այդ վայրերի սեփականատերերը «բռնանում են» մեզ վրա` ստիպելով լսել ցածրաճաշակ երաժշտություն:
-Կուզեի, որ ամբողջ քաղաքը` իր մշակութային շերտերով, մատուցվեր քաղաքային ֆոլկլորի շրջանակում, կուզեի որեւէ ձեւաչափում չկիրառվեին այն օտարամետ երաժշտական ուղղությունները, որոնք հարիր չեն մեզ: Վերջին տասը տարում, այնուամենայնիվ, այդ ուղղությամբ ինչ-որ քայլեր արվել են: Բայց, կարծում եմ, անհրաժեշտ է, որ կարգավորվի օրենսդրական դաշտը: Օրինակ` Վիեննայում նույնիսկ արտաքնոցի տարածքում Մոցարտ է հնչում: Բայց դա ընկալվում է ոչ թե որպես վիրավորանք Մոցարտին, այլ պարզապես մի սկզբունք, ըստ որի՝ ցանկալի երաժշտությունը կիրառվում է ամենուրեք: Այս առումով մեր քաղաքն ունի շտկումների կարիք: Հանրային վայրերում հնչող երաժշտությունը պետք է բնութագրի, ոչ թե աղճատի մեր կերպարը: Դու չպետք է քո միջավայրի մարդկանց եւ քո հյուրերին տանես խայտաբղետ մի տարածք: Բայց այս խնդիրները մեկ անձի կողմից չէ, որ պետք է լուծվեն: Ինչպես նշեցի, օրենսդրական հիմքեր, ուղենիշներ են պետք, որոնցով կառաջնորդվեն բոլորը: Գոյություն ունեն քաղաքներ, որտեղ դեցիբելով որոշվում է, թե երաժշտությունն ինչ բարձրությամբ կարող է հնչել: Իսկ ահա մենք ունենք Հրազդանի կիրճ, որտեղ երաժշտությունը ինչ բարձրությամբ ուզում, միացնում են եւ մոտակայքում ապրող բնակիչներին ստիպում ունկնդրել դա:
-Այս դեպքում, թերեւս, կարեւորվում է քաղաքացու գիտակցության հարցը:
-Գիտակցության ձեւավորումն ամենօրյա աշխատանք է: Մենք պետք է հասկանանք, որ բնակիչն ու քաղաքացին տարբեր բաներ են: Բնակիչը քառակուսի մետրում ապրող, քառակուսի մետրի գիտակցությամբ առաջնորդվողն է, իսկ երբ խոսում ենք քաղաքացու մասին, պետք է խոսենք նաեւ այն պատասխանատվության մասին, որը նա կրում է իր քաղաքի հանդեպ: Այդ գիտակցությունը մեզանում, ցավոք, հասունանալու եւ ամրապնդվելու կարիք ունի:
-Ինչպիսի՞ն կցանկանաք, որ մեր երեխաները տեսնեն Երեւանը` 50 տարի հետո:
-Երեւանի դիմագիծը մենք վերջին տասը տարում չէ, որ կորցրել ենք, այլ, ցավոք, ավելի վաղ: Ինչպիսի՞ն ենք ուզում տեսնել Երեւանը 50 տարի հետո. եթե մենք ունենայինք նման կոդեքս, քաղաքի դիմագիծը պահպանելն ավելի հեշտ կլիներ: Բայց ցավալի է, երբ որոշում է կայացվում, որ քաղաքի դիմագիծը քառակուսի մետրն է, որի վաճառքը 20 տարի առաջվանից է սկսվել: Ցավալին այն է, որ մենք նշածս կոդեքսը չենք ունեցել: Եթե ի սկզբանե որոշում կայացվեր, որ քաղաքը պետք է լիներ ցածրահարկ շենքերով, հորիզոնական լուծումներով, օրինակ, կանաչապատման, ջրհագեցման եւ այլ խնդիրներ ավելի հեշտ կլուծվեին: Ժամանակին, երբ Երեւանում եկեղեցի էր կառուցվում, դա արվում էր ամենաբարձր կետում, որպեսզի խաչը որեւէ շինություն չգերազանցեր իր բարձրությամբ: Հիմա քանի՞ եկեղեցի ունենք Երեւանում, որոնց խաչն ավելի վեր է, քան կողքի շինությունը. ցավոք, չունենք: Բոլորը ստորադասվել են քառակուսի մետրերին: Սա գիտակցության խնդիր է` կյանքը, քաղաքը չընկալել քառակուսի մետրերով, այլ այն գաղափարախոսությամբ, որը կուզեինք փոխանցել մեր երեխաներին:

Զրուցեց ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ

 

 
ՋՈՒՍՆ ԱՆԿԵՂԾԱՑԵԼ Է ԻՐ ԱՄՈՒՍՆԱԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Օրեր առաջ հայտնի դարձավ, որ երգչուհի Ջուսն ամուսնալուծվել է: Նա այդ մասին տեղեկացրեց սոցցանցերում: Հիշեցնենք, որ երգչուհին ամուսնացել էր փաստաբան Վահագն Մանուկյանի հետ` 2016-ի հուլիսին: Վերջինս կայքերից մեկի հետ զրույցում մեկնաբանելով բաժանության լուրը՝ նշել էր. «Ջուսին միայն փողն էր հետաքրքրում. նա ընտրեց բաց հետույքը եւ ազատ վարքագիծը»: Այնինչ՝ երգչուհին «Ժողովուրդ»-ի հետ զրույցում շտապեց հակադարձել այդ մեղադրանքները. «Նախ ասեմ, որ ես մեր համատեղ կյանքի ընթացքում առօրյայում բաց չեմ հագնվել: Նա ընդամենը պատճառներ է բերում, որ արդարացնի իրեն: Ինչ վերաբերում է բեմական կերպարներին, ապա այդ պարագայում ամեն բան այլ է. արտիստին չի կարելի սեղմել, այլապես նա անհետաքրքիր կդառնա»:

Մեր այն հարցին, թե արդյոք նման հարցերը մինչ ամուսնությունը չե՞ն քննարկել, Ջուսը պատասխանեց. «Սկզբում նա ասում էր, որ նորմալ է նայում բեմական կերպարներիս, բայց վերջերս դրանք էլ չէր հանդուրժում, անընդհատ ուզում էր ինձ փոխել»:
Ջուսը նշեց, որ վերջին շրջանում ամուսինը խանդի անհիմն տեսարաններ է սարքել, ավելին` ուրիշների ներկայությամբ նսեմացրել է երգչուհուն. «Վերջերս վիճել էինք, ես իրեն չէի զգուշացրել, որ ակումբ եմ գնալու` աշխատանքի: Երբ զանգահարեց, իմացավ այդ մասին, ասաց, թե իբր «ֆռռում եմ իր վրա», ման եկող եմ, «երեք հարկանի» հայհոյանքներ տվեց, հետո եկավ, մտավ դիմահարդարման սենյակ, երգիչների, երաժիշտների մոտ ամենավերջին խոսքերն ասաց: Դա չէր կարելի ներել»,-պատմեց Ջուսը, ով, ի դեպ, ինքն է ամուսնալուծության հարցով դիմել դատարան:
Մենք հարցրինք` համատեղ ամուսնական կյանքի ընթացքում արդյո՞ք երգչուհին ինչ-ինչ զիջումների գնացել է. «Միանշանակ: Բոլորը նկատում էին, որ փոխվել եմ, բայց ինքը ոչ միայն չէր գնահատում դա, այլեւ ահիմն կասկածներ էր հայտնում, ստուգում էր հեռախոսիս, սոցցանցերիս հաղորդագրությունները, ասում էր` դու սրա հետ ես քնել, նրա հետ ես քնել: Ասում էի` էդ ինչ մի սեքս-բոմբ եմ, որ սաղի հետ քնում եմ… Այդ ամենն արդեն անտանելի էր, հանդուրժել հնարավոր չէր: Ես հայտնվում էի նյարդային վիճակում, տառապում էի անքնությունից»,-մանրամասնեց Ջուսը:
Ինչ վերաբերում է արդեն նախկին ամուսնու այն պնդումներին, թե երգչուհուն միայն փողն էր հետաքրքրում, վերջինս մեկնաբանեց. «Ես փողի մեռած չեմ, պահանջել եմ միայն վճարել կոմունալները, այդքան բան»:
Ջուսը նաեւ հավելեց, որ նախկին ամուսինն արել է ամեն բան, որ ինքն իրեն խեղճ ու ճնշված զգա. «Ես խաբվեցի նրա արտաքին տեսքին, կազմվածքին, թող գեշ լիներ, բայց լավ տղամարդ լիներ»,-անկեղծացավ երգչուհին:

ԱՆԻ ԱՆՏՈՆՅԱՆ

 

 
ԱՄԵՆԱՀԱՐՈՒՍՏ ՌԵՓԵՐՆԵՐԸ

Հեղինակավոր Forbes հանդեսը հրապարակել է տարվա ամենահարուստ ռեփ կատարողների վարկանշային աղյուսակը, որը գլխավորում է P. Diddy-ն (իսկական անունը՝ Շոն Քոմբս)` 820 մլն դոլար կարողությամբ: Աղյուսակի երկրորդ տեղում 810 մլն դոլար ցուցանիշով հայտնվել է Ջեյ Զին (իսկական անունը՝ Շոն Քարտեր): Լավագույն եռյակը եզրափակում է Dr. Dre-ն (Անդրե Յանգ)՝ 740 մլն դոլար կարողությամբ:

 

 

ՏԱՐՎԱ ՄԱՅՐԸ
ԱՄՆ-ում մայիսի 14-ին կտոնեն Մայրերի օրը։ Այդ առիթով Associates For Breast and Prostate Cancer Studies (ABCs) ֆոնդն ընտրել է տարվա մայրիկին։ Այսպիսով` պատվավոր կոչմանն արժանացել է դերասանուհի Շերոն Սթոունը։ Վերջինիս մրցանակը հանձնել են նրա որդիները՝ 16-ամյա Ռոանը, 12-ամյա Լերդը եւ 10-ամյա Քուինը։ «Մայր լինելը հեշտ չէ, բայց դրա փոխարեն ես ստանում եմ իմ հրեշտակների սերը։ Մենք երջանիկ ընտանիք ենք, ամուր կանգնած ենք ոտքերին՝ հաղթահարելով դժվարություններն ու ընտրելով սերն ու բարությունը»,-ասել է դերասանուհին Բեւեռլի Հիլզում կայացած արարողության ժամանակ։




Լրահոս