Դեսպան Եգանյանը Մոնրեալում մասնակցեց «Հանուն մարդկության և ցեղասպանությունների կանխարգելմանն ուղղված» քայլերթին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 27-ին Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը Մոնրեալ քաղաքում մասնակցեց «Հանուն մարդկության և ցեղասպանությունների կանխարգելմանն ուղղված» երրորդ տարեկան քայլերթին, որը Մոնրեալի Ցեղասպանագիտության ինստիտուտի հետ համատեղ նախաձեռնել էին Կանադայի հայկական կազմակերպությունները:

Քայլերթին մասնակցում էին նաև Կանադայի ժառանգության նախարար Մելանի Ժոլին, Մոնրեալի քաղաքապետ Դենիս Կոդերը, նահանգային ու քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, հոգևոր հայրեր, հասարակական-քաղաքական գործիչներ, հայ համայնքի, ինչպես նաև ռուանդական, հրեական, հունական, եզդիական, ասորական և այլ համայնքների բազմաթիվ ներկայացուցիչներ, լրագրողներ` ընդհանուր առմամբ շուրջ 3000 մարդ:

Քայլերթի մասնակիցներն անցան Մոնրեալի փողոցներով և հավաքվեցին քաղաքի կենտրոնական հրապարակում, ուր ներկաների առջև ելույթներով հանդես եկան դեսպան Եգանյանը, նախարար Ժոլին, քաղաքապետ Կոդերը, հասարակական-քաղաքական գործիչներ և հայ համայնքային կառույցների ղեկավարներ:

Իր ելույթում ՀՀ դեսպանն ընդգծեց, որ արդեն երրորդ տարին անընդմեջ անցկացվող քայլերթը Մոնրեալը դարձրել է ընդդեմ ցեղասպանության հանցագործության և մարդու իրավունքների պաշտպանության համար պայքարի յուրօրինակ կենտրոն, ուր ամեն տարի հազարավոր մարդիկ իրենց հստակ դիրքորոշումն են հայտնում` միանալով քայլերթին: Դեսպանն իր խոսքում շնորհակալություն հայտնեց քայլերթի կազմակերպչական աշխատանքներն իրականացրած կազմակերպություններին: Միջոցառման ավարտին տեղի ունեցավ հիշատակի համերգ:




Լրահոս