«ԵՍ ԷԼ ԵՄ ԿՈՐՑՐԵԼ, ԻՆՁ ԷԼ ԵՆ ԿՈՐՑՐԵԼ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը գործնական կյանքի նորությունների, անձնական կյանքից ունեցած սպասելիքների եւ նախասիրությունների շուրջ զրուցել է «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնի դերասան Լեւս Դավթյանի հետ, ով հայտնի է «Արտիստը», «Ես եմ» «Ճամբարում» գեղարվեստական ֆիլմերից եւ «Եռաչափ սեր», «Երե1», «Կյանքը շարունակվում է», «Գնված երջանկություն» եւ այլ հեռուստանախագծերից:

-Լեւս, առաջիկայում Ձեզ ի՞նչ նոր նախագծերում կտեսնենք:
-Նկարահանվում եմ 25 մասից բաղկացած սերիալում, որը հեռարձակվելու է «Արմենիա» հեռուստաընկերությամբ (պրոդյուսեր` Արմեն Պետրոսյան), բացի այդ` «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնում սեպտեմբերին կլինեն պրեմիերաներ. ես նույնպես ներառված կլինեմ այդ ներկայացումներում: Իսկ այս ժամանակահատվածում թատրոնի անձնակազմը հյուրախաղերով շրջում է Հայաստանի խոշոր քաղաքներով:
-Կա՞ մի դեր, որին ձգտել եք, բայց դեռ չեք հասել:
-Հիմա ինձ ավելի շատ հետաքրքրում են խարակտերային դերերը, այնպիսիք, որոնք դժվարությամբ են «բացվում»:
-Կարիերայում ինչի՞ եք ձգտում:
-Գերնպատակ ունեմ որակով ֆիլմերում նկարահանվել, ասելիք ունեցող ներկայացումներում հանդես գալ: Այսինքն` լինել այնտեղ, որտեղ աշխատելու նյութ կա. մենք այսօր լավ սցենարի պակաս ունենք:
-Որտե՞ղ եք Ձեզ զգում ինչպես ձուկը ջրում:
-Բեմում:
-Երեք գործոն, որոնք շատ կարեւոր են դերասանի համար:
-Շնորհք, աշխատասիրություն, բախտ: Հազվադեպ է պատահում, որ այդ երեքը միասին գործեն:
-Իսկ Դուք Ձեզ բախտավոր, հաջողակ մարդ համարո՞ւմ եք:
-Այո՛: Ես հավատում եմ Աստծուն եւ ամեն օր փառք եմ տալիս նրան` իմ ունեցածի համար:
-Իսկ Ձեր ոլորտում ի՞նչն է Ձեզ հիասթափեցնում:
-Այն, որ ում պատահի` ֆիլմերում նկարում են, իսկ մի շարք շնորհքով դերասաններ անգործ են: Այսօր ֆիլմերի գլխավոր դերերում հայտնվում են տաքսու վարորդներ, գլամուր աղջիկներ, եւ հեռուստադիտողը դրան սովորում է: Մարդկանց ինչ ցույց տաս, դրան էլ կադապտացվի:
-Ո՞վ է եղել Ձեր առաջին ուսուցիչը թատերական ոլորտում:
-Տիգրան Գեւորգյանը:
-Կա՞ ժամանակակից հայ գրող, որի գործերը Ձեզ հիացնում են:
-Շատ եմ համակրում Էդգար Կոստանդյանի, Սյունե Սեւադայի, Անուշ Քոչարյանի ձեռագրերը:
-Հոլիվուդյան դերասաններ, որոնք ոգեշնչում են Ձեզ:
-Հիթ Լեդջեր, Նիքոլ Քիդման:
-Վերջին շրջանում թողարկված ֆիլմ, որը մեծ տպավորություն է գործել Ձեզ վրա:
-Մհեր Մկրտչյանի «Կյանք ու կռիվ 1» եւ «Կյանք ու կռիվ 2» ֆիլմերը:
-Վերջին շրջանում ի՞նչ տպավորիչ ներկայացում եք դիտել:
-Նարինե Գրիգորյանի բեմադրած «Հովնանը». ռեժիսորի մանրակրկիտ աշխատանքն ու գրանցած ուժեղ արդյունքն ակնհայտ էին:
-Ձեր ընտանիքում, բացի Ձեզնից, դերասաններ, դերասանական հակումներ ունեցողներ կա՞ն:
-Ո՛չ, բայց ընտանիքիս անդամները մոտ են արվեստին: Մայրս ու քույրերիցս մեկը դաշնակահարուհի են, մյուս քույրս` ջութակահարուհի:
-Ունե՞ք բնավորության մի գիծ, որի հետ տան անդամները դժվարությամբ են համակերպվում:
-Մեր ընտանիքում բոլորս միմյանց հարմարվում ենք, անիմաստ ամբիցիաներ չունենք: Մեծ հաշվով` մեր տանը լուրջ թեմաներով վեճեր չեն լինում:
-Փողն ի՞նչ դեր ունի Ձեր կյանքում:
-Մարդու տրամադրությունը, ինչու ոչ` նաեւ առողջությունը մեծապես կախված է նաեւ փողից: Փողը կարեւոր հանգամանք է, բայց պետք չէ դրան գերի դառնալ, ոչ էլ անլուրջ վերաբերվել դրան: Եթե փողն անիմաստ ծախսես, այն «կնեղանա» ու էլ հետ չի գա:
-Լեւս, ընկեր կորցրե՞լ եք (ոչ ֆիզիկական առումով):
-Մարդիկ տարիների ընթացքում շատ են փոխվում, բայց ես իմ ոչ մի ընկերոջ մեծ խաչով չեմ ջնջում իմ կյանքից. եթե նույնիսկ հեռանում են, մնում են իմ ընկերները:
-Թվարկեք, խնդրեմ, մի քանի հատկանիշ, որոնցով պետք է օժտված լինի Ձեր ընտրյալը:
-Նա պետք է լինի խնամված, հանդուրժող (կապված իմ մասնագիտության հետ), կիրթ եւ հումորով:
-Իսկ անձնական կյանքում կորուստները շա՞տ են եղել:
-Ես էլ եմ կորցրել, ինձ էլ են կորցրել: Գուցե այս ամենի արդյունքում զգացմունքները շատ են «մաշվում», բայց ես չեմ հասկանում այն տղամարդկանց, որոնք կյանքում գոնե երեք-չորս պատմություն չեն ունեցել: Առանց դրանց շատ անհետաքրքիր կլիներ: Գուցե ես արվեստի մարդ եմ, եւ այդտեղից է գալիս այս մտայնությունը: Ամեն դեպքում, ինձ մոտ ինչ եղել է, ինքնաբերաբար է ստացվել. ունեցել եմ ե՛ւ գեղեցիկ, ե՛ւ տգեղ պատմություններ: Հիմա արդեն ձգտում եմ մի պատմության, որը կտանի դեպի ընտանիք:

Զրուցեց ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ

 

 
«ԱՇԽԱՏԱՆՔՆ ՈՒ ԸՆՏԱՆԻՔԸ ԽԱՆԳԱՐՈՒՄ ԵՆ ԻՐԱՐ»

Ինչպես հայտնի է` դերասանուհի, հաղորդավարուհի Մերի Մակարյանը նշանադրվել է: Նրա ընտրյալն ամերիկաբնակ Վարդանն է, ով Կալիֆորնիայում իրավաբանական կրթություն է ստացել, աշխատում է որպես փաստաբան։ Մերին պատրաստվում է պարբերաբար լինել թե՛ Հայաստանում, թե՛ ԱՄՆ-ում: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում դերասանուհին տեղեկացրեց, որ իր նշանածը ծնվել-մեծացել է ԱՄՆ-ում, սակայն շատ է սիրում Հայաստանը եւ հաճախ է լինում այստեղ: Այնպես որ, նրա խոսքով, երկրպագուները թող մտավախություն չունենան, թե ինքը, այսպես ասած, կկտրվի հայրենիքից:

Հարցին, թե որտեղ է հակված գործունեություն ծավալել, Մերին պատասխանեց. «Երբ ավարտին էր մոտենում «Առաջնորդները» սերիալը, արդեն մի քանի տեղից առաջարկ ստացա, սակայն մերժեցի, քանի որ ցանկանում էի կարգավիճակի փոփոխության դիմելիս ավելի հանգիստ լինել: Առհասարակ, հակված եմ աշխատել թե՛ Հայաստանում, թե՛ ԱՄՆ-ում, որտեղ որ հարմար կլինի, ինչպես կստացվի»:
Հետաքրքրվեցինք` մտադիր է արդյո՞ք Մերին համատեղել գործնական եւ անձնական կյանքը այն ժամանակ, երբ արդեն ամուսնացած կլինի. «Ես միշտ ժամանակս տրամադրել եմ աշխատանքիս: Դա ինձնից խլել է հսկայական էներգիա, ժամանակ, ամեն ինչ… Երբ կազմեմ ընտանիք, հետագայում էլ ունենամ բալիկներ, պատրաստ եմ ամբողջովին նվիրվել նրանց: Չեմ կարծում, որ աշխատանքն ու ընտանիքը պետք է համատեղել. դրանք խանգարում են իրար: Այնպես որ, քանի դեռ ընտանիք չունեմ, կլինեմ ասպարեզում, իսկ երբ ունենամ, չէի ասի, թե կթողնեմ ոլորտը, բայց կաշխատեմ թեթեւ գրաֆիկով: Իմ նշանածն էլ հարգում է իմ աշխատանքը, բայց կողմ է, որ եթե ընտանիք ես կազմում, պետք է լիարժեքորեն նվիրվես դրան»,-մեկնաբանեց դերասանուհին:
Հավելենք, որ Մերիի հարսանեկան արարողությունը շուտով կկայանա Միացյալ Նահանգներում։ Դերասանուհին երկու անգամ եղել է օվկիանոսից այն կողմ` որպես զբոսաշրջիկ, այս անգամ արդեն կտեղափոխվի` բնակվելու սիրելիի հետ:

Ա. ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

 

 

 
ՎՈԼՈԴՈՍԸ` ԵՐԵՎԱՆՈՒՄ
«Երեւանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում առաջին անգամ Երեւան եւ, առհասարակ, տարածաշրջան կժամանի հանրահայտ դաշնակահար Արկադի Վոլոդոսը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նրա բացառիկ մենահամերգը տեղի կունենա հունիսի 8-ին, Արամ Խաչատրյան մեծ համերգասրահում: Վիրտուոզ դաշնակահարը կկատարի Շոպենի, Բրամսի եւ Շուբերտի ստեղծագործությունները:
Նշենք, որ Վոլոդոսն այն երաժիշտներից է, որոնք հատուկենտ համերգներ են ունենում տարվա ընթացքում: Վոլոդոսի համերգների տոմսերը սպառվում են համերգից ամիսներ առաջ, իսկ բազմաթիվ հեղինակավոր համերգասրահներ տարիներ ի վեր սպասում եմ նրան հյուրընկալելու հնարավորությանը:

 

 

ԸՆԴԴԵՄ ԱՏԵԼՈՒԹՅԱՆ
Ամերիկյան հայտնի երգչուհի Արիանա Գրանդեն հայտարարել է, որ բարեգործական համերգ կտա բրիտանական Մանչեսթերում՝ նվիրված մայիսի 22-ին նույն քաղաքում իր համերգի ժամանակ տեղի ունեցած ահաբեկչությունից զոհվածների հիշատակին: Գրանդեն այս մասին հայտնել է ինստագրամյան իր էջում: Նա նշել է` թույլ չի տա, որ ատելությունը հաղթի:
Հիշեցնենք, որ ահաբեկչությունը տեղի էր ունեցել երգչուհու համերգի վերջում: Մահապարտի գործի դրած ռումբի պայթյունի հետեւանքով մահացել էր 22 մարդ, 100-ից ավելին վնասվածքներ էին ստացել:
Ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը:

 

 

ՀԵՐԹԱԿԱՆ «ԶՈՀԸ»
Բոլորիս հիշողություններում դեռ թարմ է այն դրվագը, երբ Կաննի կինոփառատոնի բացմանը հայտնի դերասանուհի Մոնիկա Բելլուչին անակնկալ մատուցեց ներկաներին` փոքրիկ տեսարան խաղարկելով ֆրանսիացի երգիծաբան Ալեքս Լուտցի հետ. վերջինիս Մոնիկան համբուրեց հենց բեմի վրա: Իսկ օրերս էլ Կաննի 70-րդ կինոփառատոնի փակման արարողության ժամանակ կրքոտ իտալուհու «զոհը» դարձել է իսպանացի կինոռեժիսոր Պեդրո Ալմոդովարը: Նա, ի դեպ, այս տարի գլխավորում էր ժյուրիի կազմը:




Լրահոս