Նոյեմբերյան-Երեւան-Նոյեմբերյան միկրոավտոբուսային երթուղու չգործելու խնդրին «Ժողովուրդ» օրաթերթը բազմիցս անդրադարձել է: Օրերս տեղեկացրել էինք նաեւ, որ խնդրի հետ կապված Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանին գրավոր հարցում էինք ուղարկել: Մասնավորապես հետաքրքրվել էինք, թե հաշվի առնելով փաստը, որ 2017թ. հուլիսի 20-ին ՀՀ կառավարությունը հավանություն է տվել միասնական երթուղային ցանց ստեղծելու տեխնիկական առաջադրանքին, իսկ ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն այդ նիստում ասել է, որ այդ նախագծի ընդունումը պայմանավորված է հանրապետության ամբողջ տարածքում տրանսպորտային սպասարկում ապահովելու անհրաժեշտությամբ, ուստի ե՞րբ է վերագործարկվելու Նոյեմբերյան-Երեւան միկրոավտոբուսային երթուղին:
Նախօրեին ստացել ենք Տավուշի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Արման Գեւորգյանի ստորագրությամբ պատասխանը, որում մասնավորապես նշված է. «Նոյեմբերյան-Երեւան-Նոյեմբերյան միջմարզային երթուղու մրցութային կարգով տրամադրման եւ սպասարկման լիազորությունը պատկանում է ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը: Երթուղում կանոնավոր սպասարկում չիրականացվելը պայմանավորված է նշվածի ոչ շահութաբեր եւ ուղեւորահոսքի անկանոն լինելու հանգամանքներով: Նշված հարցի եւ ընդհանուր առմամբ հասարակական տրանսպորտով չսպասարկվող բոլոր համայնքների սպասարկումը նախատեսված է կարգավորել ՀՀ-ում միասնական երթուղային ցանցի ստեղծման միջոցով:
ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը հիմնախնդրի լուծումը նախատեսում է իրականացնել երեք փուլով. 1-ին փուլում նախատեսվում է օրենսդրական փոփոխությունների միջոցով հանել ներմարզային երթուղիների սպասարկման պետական տուրքը եւ պահուստային տրանսպորտային միջոցի պարտադիր պահանջը: Զուգահեռաբար բարելավել համայնքների անանցանելի ճանապարհները: Հնարավորության դեպքում չսպասարկվող համայնքները ներառել գործող միջմարզային եւ ներմարզային երթուղիներում: 2-րդ փուլում նախատեսվում է սուբսիդավորում մնացած չսպասարկվող համայնքների համար: 3-րդ փուլում նախատեսվում է միասնական երթուղային ցանցերը ձեւավորելու նպատակով հանրապետության տարածքում միջմարզային եւ ներմարզային երթուղիների կանոնավոր ուղեւորափոխադրումները կազմակերպել 3-4 օպերատորների միջոցով, գործող երթուղիների սպասարկման ժամկետների ավարտից հետո: Հիմնախնդրին լուծում տալու գործընթացն ընթացքի մեջ է»:
Այլ կերպ ասած՝ Նոյեմբերյան-Երեւան միկրովտոբուսային երթուղու շահագործման ժամկետները շարունակում են մնալ անհայտ: Հիշեցնենք, որ մինչեւ երթուղու սպասարկումը դադարեցնելն այդ գործառույթն իրականացնում էր «Բագրատաշենի մաքսային պահեստ» ՍՊԸ-ն: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այդ ընկերությունը պատկանում է Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանին:
Ոսկան Սարգսյան
Տավուշ