Հեղինակությունը գահավիժեց և արտաքին աքսեսուարները անկարող են կասեցնել. աստղագուշակ վարչապետի համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կարմիր աքաղաղին եւ կրակի տարերքին 2018թ. կփոխարինի դեղին հողե շունը: Դա ոչ միայն շրջադարձային կփոխի առանձին մարդկանց կյանքը, այլ նաեւ, ընդհանուր առմամբ, ներհայաստանյան քաղաքական իրավիճակը:

Շունը պարզ արարած չէ: Նրա հավատարմության մեջ վտանգ է թաքնված եւ հաջողություն կբերի միայն նրանց, ովքեր ներդաշնակություն եւ խաղաղություն են սիրում, ովքեր արժանի են հարգանքի եւ վստահության, ովքեր օգնում են մյուսներին:
2018թ. տիրակալը տանել չի կարողանա նրանց, ովքեր խաբում եւ ստում են: Այդպիսի հատկություններ ունեցողներին հեշտ չի լինի 2018-ին: Շունն առանձնանում է պատասխանատվությամբ եւ հետեւողականությամբ: Նա չի սիրում դավաճաններին:

Եւ այս առումով հետաքրքիր է, թե հայրենի պաշտոնյաներին ու քաղաքական գործիչներին ինչ ապագա է սպասվում եկող տարում:

Ավանդույթը չխախտելով` «Ժողովուրդ» օրաթերթը ներկայացնում է Հայաստանի քաղաքական եւ պաշտոնական էլիտայի մի քանի ներկայացուցիչների ապագան՝ ըստ հորոսկոպի նշանների:

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյան

2017 թ. կեսից հետո այնքան էլ նպաստավոր չէր ճագարի տարում ծնված ՀՀ վարչապետի համար: Տարվա առաջին կեսին մեծամասնությունը հիացած էր Ձեզանով, երկրորդ կեսից անգամ թվերով Ձեր հեղինակությունը գահավիժեց եւ արտաքին աքսեսուարները՝ ժիլետ, ակնոցեր, ժամացույց եւ այլն, անկարող են կասեցնել սրընթաց վայրէջքի տեմպը: Ինչ է սպասվում 2018-ի ճակատագրական տարում: Ամբողջ տարին կձգտեք իրագործել կամ գոնե այդպիսի պատրանք ստեղծել տված խոստումների հարցում, հաղթանակել ցանկացած գործում, ամեն ինչում առաջինը լինել, բայց արդյունքները կախված կլինեն կոնկրետ իրավիճակից եւ մեկ անձի ցանկությունից, որի խոսքը վճռորոշ դերակատարություն ունի ոչ միայն Ձեր, այլեւ Ձեր ընտանիքի ու մտերիմների հետագա կարիերայի վրա:

Կարեւորը չափը չանցնեք Ձեր ձգտումներում, այդ դեպքում Ձեր բոլոր ջանքերի համար կպարգեւատրվեք: Նախորդ տարվա ոգեւորությամբ պատված անորոշությունը այս տարի եւս կպահպանվի մինչեւ գարուն՝ պարզապես առանց ոգեւորության բաղադրիչի: Ճակատագրական երկարատեւ ճամփորդությո՞ւն, թե՞ ունեցած դիրքի պաշտպանություն. հարցը կես տարվա ընթացքում կշարունակի ուղղորդել Ձեզ: Աշխատասիրություն, համբերություն՝ ահա Ձեր գլխավոր կռվանը հավատարմության խորհրդանիշ շան տարում: Բայց Դուք շարունակեք ժպտալ, քանի որ առյուծներին այլ պահվածք ուղղակի չի սազում:

Շարունակելի…

Քաղաքական ու պաշտոնական գործիչների ապագան «գուշակեց»
Թագուհի Թովմասյանը




Լրահոս