Երբ կվավերացվի Հայաստան-Եվրամիություն ասոցացման համաձայնագիրը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվրանեսթում հունիսի 25-29-ը տեղի ունեցած լիագումար նիստից Հայաստանի պատվիրակությունը գոհ է վերադարձել։ Հայկական պատվիրակության ղեկավար Արմեն Աշոտյանի խոսքով՝ պատվիրակության առջև դրված որևէ նպատակ անկատար չի մնացել:

«Ըստ Եվրանեսթի կանոնակարգի՝ ամեն լիագումար նիստում կարելի է ընդունել առավելագույնը 3 բանաձև։ Այս անգամ 6 փաստաթուղթ կար նիստի օրակարգում, որոնցից 2-ը առաջարկվել էին հայկական պատվիրակության կողմից, և մեզ հաջողվեց դրանցից մեկն ընդունել։ Այսպիսի միջազգային հարթակում սա շատ լուրջ հաջողություն է»,- ասաց Արմեն Աշոտյանը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հայկական պատվիրակության կողմից առաջարկված բանաձևը վերաբերել է ՀՀ և ԵՄ ասոցացման համաձայնագրի վավերականացմանը։

«Քանի որ մինչև 2019-ի մայիսը քիչ ժամանակ է մնացել, առաջարկեցինք արագացնել վավերացման գործընթացը՝ դրանով ևս մեկ անգամ ցույց տալով, որ ՀՀ իշխանությունները շահագրգռված են Եվրոպայի հետ հարաբերությունների բարելավմամբ»,- նշեց Եվրանեսթում հայկական պատվիրակության անդամ Վարդան Բոստանջյանը:

Լիագումար նիստի ընթացքում խոսվել է նաև քաղաքական կոռուպցիայի ու փողերի լվացման մասին: Միջազգային հեղինակավոր կազմակերպությունների մասնագետների կողմից թեմային առնչվող զեկուցումներից հետո Ադրբեջանի հետ առնչվող կոռուպցիոն սկանդալների մասին խոսել են նաև հայկական պատվիրակության անդամները:

«Քաղաքական կոռուպցիան միջազգային ինստիտուտներում վնասում է ժողովրդավարությանը: Անդրադառնալով Ադրբեջանին առնչվող կոռուպցիոն սկանդալին՝ մենք ոչ թե նպատակ ունեինք ևս մեկ անգամ պարզապես փաստն արձանագրել, այլև` հետևողական լինել, որ հետևանքները վերացվեն»,- ասաց Արմեն Աշոտյանը:

Հայկական պատվիրակության անդամները 5 օրում հանդիպումներ են ունեցել նաև տարբեր պատվիրակությունների բարձրաստիճան պաշտոնյաների հետ, ովքեր պատրաստակամություն են հայտնել` ներքաղաքական ստեղծված իրավիճակում աջակցել Հայաստանում ժողովրդավարության խթանման հարցում:

ՀՀ-ը ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի վերաբերյալ բանակցությունները սկսել է 2010 թվականի հուլիսի 19-ին: Արևելյան գործընկերության շրջանակներում ՀՀ-ին առաջարկվել է կնքել Ասոցացման համաձայնագիր: Ասոցացման համաձայնագրի հիմքում ընկած են մի շարք ընդհանուր սկզբունքներ, որոնք ՀՀ և ԵՄ միջև ասոցացման հիմք են հանդիսանալու:




Լրահոս