Էրեբունի բժշկական կենտրոնում ոտքը կորցնելու վտանգի առաջ կանգնած քաղաքացին հրաշքով փրկվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարդկային կյանքում հրաշքներ կան, եթե հրաշագործները իրենց մասնագիտության փայլուն գիտակներ են և օժտված են մեծ մարդասիրությամբ:
2008թ. վերջին, ամուսինս՝ Միսակ Հովակիմյանը, սրտամկանի ինֆարկտ տարավ: Բուժվեց Էրեբունի բժշկական կենտրոնի սրտաբանության բաժանմունքում, որի վարիչը հիանալի, պրոֆեսիոնալ և սրտացավ բժիշկ, ՀՀ գլխավոր սրտաբան Համլետ Հայրապետյանն է: Այդ ժամանակվանից մինչև օրս գտնվում է նույն բաժանմունքի սրտաբան Արա Կարենի Ղուլյանի հսկողության տակ (տարին 2 անգամ հետազոտվել է, անհրաժեշտության դեպքում, ստացիոնար բուժում ստացել):

Այս տարվա մարտի 7-ին, սրտի անբավարարության պատճառով, ձախ ոտքը տրոմբ ստացավ, որը վիրահատեց Էրեբունի բժշկական կենտրոնի անոթային վիրաբուժության ծառայության ղեկավար, Բ.Գ.Թ. Կարեն Կարապետյանը, սակայն սրտի` երկար տարիների անբավարարությունը իր գործն արել էր. ձախ ոտքի ծնկից ներքև մազանոթները խցանված էին, չսնուցվեցին ու սկսվեց գանգրենա, որը վերածվեց չոր գանգրենայի:

Հունիսի 20-ից հետո ամուսնուս վիճակը ավելի բարդացավ, և բուժող բժիշկները կանգնեցին երկընտրանքի առաջ. կյանքը փրկելու միակ լուծումը (այն էլ 20-30%-ի հույսով) ոտքի հեռացումն է կամ սպասել դանդաղ մահվան: Անոթային վիրաբուժության ծառայության ղեկավար, Բ.Գ.Թ. Կարեն Կարապետյանը, սրտաբան Արա Ղուլյանը, անիզթիզիոլոգ Արթուր Չերքեզյանը մասնագիտական մեծ համարձակություն ցուցաբերեցին ու վճռեցին կատարել վիրահատությունը (սրտի անբավարարություն, թոքերի ոչ լիարժեք գործունեություն, ախտահարված երիկամներ, ազոտը շատ բարձր):

Փառք ու պատիվ բժշկական այս կոլեկտիվին` ի դեմս Հ. Քուշկյանի: Մեր ընտանիքի խոնարհումն ու շնորհակալությունը նրանց, որովհետև նրանց ձեռքով հրաշք կատարվեց ու 20-30%-ի հույսը դարձավ 100% և ամուսինս մահվան ճիրաններից փրկվեց: Մեր երախտիքն ու շնորհակալությունը ընդհանրապես այդ երկու բաժանմունքների ողջ անձնակազմին:

Ես երկար տարիներ լսելով, որ Հայաստանի քաղաքացիները գնում են արտերկիր առողջությունը վերականգնելու, մեծ ցավ եմ ապրել, որովհետև վստահ եմ եղել, որ մեր բժիշկները չեն զիջում արտերկրի բժիշկներին, ինչ որ տեղ նաև ավելի բարձր են (հատկապես միջին և ավագ սերունդը), եթե արտերկրի բժիշկները բարձրակարգ են նեղ մասնագիտությամբ, մերոնք բազմապրոֆիլ են: Ահա բժիշկների այս խումբը, Էրեբունի ԲԿ-ի գլխավոր տնօրեն Հարություն Քուշկյանի ղեկավարությամբ և անոթային վիրաբուժության ծառայության ղեկավար Կարեն Կարապետյանի գլխավորությամբ, հաստատեց իմ կարծիքը, բայց ես արդեն հասկացա. այնուամենայնիվ մարդիկ ինչո՞ւ են ձգտում արտերկիր: Ձգտում են, որովհետև մեր բարձրակարգ բժիշկները չունեն արտերկրի բժշկական բարձրակարգ սարքավորումները, անգամ ամենաանհրաժեշտ ու հասարակ թվացող գիշերանոթները (սուդնո) նախորդ դարաշրջանի արտադրանք ու նմուշ են, որոնցից օգտվելը չափազանց անհարմար ու տհաճ է:

Խիստ անհրաժեշտ և ժամանակի հրամայականն է, որ Երևանի բոլոր կլինիկաների սեփականատերերը ուսումնասիրեն արտերկրի իրենց կլինիկաների նման կինիկաների վիճակը և կամքի ուժ ու մեծ արժանապատվություն ցուցաբերեն ներդրում կատարելով իրենց կլինիկաները կահավորեն արտերկրի կլինիկաների օրինակով, սկսած գիշերանոթներից, վերջացրած ամենաբարդ բժշկական սարքավորումները:

Նման պարագայում, վստահեմ, Երևանի կլինիկաները կգերազանցեն արտերկրի կլինիկաներին ու մեր բժիշկները հնարավորություն կունենան փայլուն դրսեվորելու իրենց մասնագիտական բարձր որակները, կյանք կպարգևեն բազում հայորդիների, որոնք մեծ հաճույքով կբուժվեն սեփական երկրի բարձրակարգ մասնագետների մոտ առանց երկրե երկիր թափառելու: Համոզված եմ, մի քանի տարի հետո կլինիկաների սեփականատերերը կվերականգնեն իրենց ներդրածը և կորցրած շահույթը: Արդյունքում երջանիկ կլինեն բոլորը, իսկ մեր երկրի նման պայմաներում գործող կլինիկաների և բարձրակարգ բժիշկների համբավը, Հարություն Քուշկյանի և նրա աշխատակազմի օրինակով, կարող է հրապուրել նաև արտերկրի շատ հիվանդների, որն էլ կբերի մեր երկրի ու ողջ առողջապահության ոլորտի առավել ծաղկմանը:

Երևանի բնակչուհի՝ Խանում Հովհաննիսյան




Լրահոս