Ու՞ր է կորել Հայկ Հունանյանը և ինչո՞վ է այժմ զբաղված

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երաժշտական մի շարք նախագծերից հայտնի երգիչ Հայկ Հունանյանը տեւական ժամանակ է՝ էկրաններին չի երեւում։ Եկրպագուներն անհանգստացած են եւ հարցնում են՝ ուր է կորել երգիչը եւ ինչով է զբաղված։ Նա «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկացրեց, որ ոչ մի տեղ չի կորել եւ շուտով կվերադառնա եթեր եւ հուսախաբ չի անի։ Հայկն օրեր անց կթողարկի նոր տեսահոլովակ՝ Րաֆֆի Ալթունյանի հեղինակած երգի հիման վրա․«Իմ կարծիքով՝ շատ գեղեցիկ երգ է, մնացածը հանդիսատեսը կասի»,-ասաց նա։

Հարցին, թե հանդես կգա արդյոք կենդանի համերգներով, Հայկը պատասխանեց, որ պարբերաբար ելույթ է ունենում ակումբներում, եւ երկրպագուները կարող են հանդիպել իրեն այնտեղ։ Մենք նաեւ հետաքրքրվեցինք՝ Հայկն ունի արդյոք հրավերներ արտերկրից․«Այո, շրջագայությունների առաջարկներ պարբերաբար ստանում եմ, բայց վերջին շրջանում ավելի շատ կոորպորատիվներից եմ հրավերներ ստանում»,-պատասխանեց երգիչը։

Նա նաեւ տեղեկացրեց, որ թեեւ զուգերգով հանդես գալու կոնկրետ ծրագիր չունի, այնուամենայնիվ, կան մտքեր, գաղափարներ, որոնք ինքը պատրաստվում է կյանքի կոչել։
Քանի որ Հայկը մասնագիտությամբ ինժեներ է եւ աշխատում է ատոմակայանում, հարցրինք՝ երգարվեստն իր համար հոբբի է, թե երկրորդ մասնագիտություն․«Սկզբում երգարվեստն ինձ համար իսկապես հոբբի էր, բայց հիմա ինժեներությունն է հոբի»,-ծիծաղով նկատեց երգիչը։

Մենք նաեւ հարցրինք՝ Հայկը երաժշտական նախագծերի կրկին կմասնակցի, թե ոչ․«Անկեղծ ասած, նման նախագծերից հոգնել եմ»,-ասաց նա։

«Սահմանին», «Որոգայթ» ֆիլմերում խաղացած երգչից հետաքրքրվեցինք՝ արդյոք այլ հեռուստանախագծերում նկարահանվելու առաջարկներ ստացել է․«Եթե էլի լավ առաջարկներ ստանամ, անպայման կընդունեմ, պատկերացնում եմ ինձ նաեւ դերասանական ոլորտում»։

Աննա Բաբաջանյան




Լրահոս