Հայաստանում օլիգարխները հայտնվել են վերացման վտանգի առաջ: Սա այն բանից հետո, երբ նախօրեի հանրահավաքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԱԾ-ին ու Ոստիկանությանը հանձնարարել էր «ռեյդեր իրականացնել, օլիգարխների, բարձրաստիճան պաշտոնյաների, այսպես կոչված, թիկնազորներին պառկեցնել ասֆալտին եւ զինաթափել բոլորին»: Վարչապետի հանձնարարականն ի կատար էր ածվել ոչ միայն նախօրեի երեկոյան, այլեւ նման միջոցառումներ իրավապահները շարունակել էին երեկ: Արդյունքների մասին առայժմ ե՛ւ ԱԱԾ-ն, ե՛ւ ոստիկանությունը, ե՛ւ կառավարությունը մանրամասներ չեն հրապարակել:
Փոխարենը համացանցում տարածվել են կադրեր, թե ինչպես են բերման ենթարկվում օլիգարխներին ուղեկցող թիկնապահների «գումարտակները»: Բայց ամենաուշագրավը Փաշինյանի հանձնարարականից հետո օլիգարխ համարվող ներկա ու նախկին պատգամավորների պահվածքն էր: Նրանք՝ Սամվել Ալեքսանյանը, Արտակ Սարգսյանը, Առաքել Մովսիսյանը եւ այլք, հերթով հարցազրույցներ էին տալիս` հայտարարելով, որ ո՛չ օլիգարխ են, ո՛չ զենք ունեն, ո՛չ էլ անգամ թիկնազոր: Եւ վերջապես, երեկ այս ամենը մեկնաբանել է Գալուստ Սահակյանը, բնականաբար, իրեն հատուկ ոճով: Գրիգորիչը նախ խնդրել է ներկայացնել օլիգարխ բառի ստուգաբանությունը, այնուհետեւ ասել. «Երբ ասում է, որ օլիգարխ կա, թող բառացի հայտարարի՝ օլիգարխներն էս մարդիկ են, որովհետեւ երբեմն երբ ասում են օլիգարխ, ուրեմն հանրապետակա՞ն է»։