Սու՞տ, թե՞ գաղտնի իրականություն. որտե՞ղ է Քոչարյանը խոսել զոհերի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2008 թվականի մարտի 1-ի արյունալի բախումների թեման շարունակում է բազում ու բազմապիսի հարցականներ պարունակել: Մենք այս եւ առաջիկայում մի քանի այլ հրապարակումներով կփորձենք ամենատարածված, բայց միեւնույն ժամանակ մութ մնացած հարցերը բարձրացնել՝ ակնկալելով դրանց պատասխանները ինչպես նախաքննող մարմնից, այնպես էլ մարտի 1-ի թեմայով մտահոգ հասարակական քաղաքական ուժերի ներկայացուցիչներից:

Սպանել են հիմնավորելու համար

Ինչպես ասում են, սկսենք ամենավերջից: Սեպտեմբերի 11-ին, երբ հրապարակվեց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի եւ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հեռախոսային խոսակցության գաղտնալսումը, պաշտոնյաները հրատապ ասուլիս հրավիրեցին: Ի թիվս այլ հարցերի` Սասուն Խաչատրյանը նաեւ մի շարք բացահայտումներ արեց մարտի 1-ի թեմայով, որոնք առավել շիկացրին առանց այդ էլ զգացմունքային թեման ՀՀ շատ քաղաքացիների կամ մեծամասնության համար:

ՀՔԾ պետը հայտարարեց, որ «Տիգրան Աբգարյանը սպանվել է հատուկ ջոկատայինների կողմից: Այդ մասին ունենք ապացույցներ՝ հստակ: Այսինքն՝ ինչի՞ մասին է սա խոսում: Տիգրան Աբգարյանը սպանվել է այն ժամանակ, երբ Քոչարյանն արդեն իսկ մտցրել էր արգակարգ դրություն, սակայն որեւէ հրազենային վիրավորում ստացած զինծառայող չկար: Տիգրան Աբգարյանին հրազենային վիրավորում է հասցվել նրա համար, որպեսզի Ռոբերտ Քոչարյանի այդ խոսքերը, թե մենք արդեն ունենք զոհեր, հիմնավորվի: Սա նախաքննությամբ արդեն հիմնավորվել է: Այս նորությունը բավարար էր, որ մեր դեմ իսկական որս սկսվեր»:
Ու եթե իրապես ՀՔԾ պետի ասածը ապացուցված է փաստերով, ուրեմն Ռոբերտ Քոչարյանին որեւէ անձեռնամխելիություն չի կարող փրկել խիստ պատժից: Իսկ եթե ՀՔԾ պետի ասածը չապացուցված եւ մտացածին եզրահանգում է, եւ Քոչարյանը նման բառեր չի ասել, ապա կարելի է եզրահանգում անել, որ ՀՔԾ պետը դա արել է պարզապես զգացմունքային ֆոն ստեղծելու համար եւ շեղելու ուշադրությունը գաղտնալսման բուն էությունից, եւ մենք կրկին ունենալու ենք մարտի մեկի ՛բացահայտում` այս անգամ արդեն մարդկանց չասված խոսքերը նրանց վերագրելու եւ դրա հիման վրա մեղադրանքներ կառուցելու եւ նրանց վերագրելու տեսքով: Բայց որպեսզի այս ասվածն էլ չդառնա մարտի 1-ի միֆային պատմություններից մեկը, փորձենք խորանալ տողերի մեջ:

Ոչ մի խոսք մահացածների մասին

Ուսումնասիրեցինք մարտի 1-ին՝ Արտակարգ դրություն հայտարարելու օրը, Ռոբերտ Քոչարյանի հրապարակային բոլոր խոսքերը: Տեղեկացնենք, որ այդ օրը նրա անունից հրապարակվել է ժամը 22.30-ին «Արտակարգ դրության մասին» հրամանագիրը, ուղերձը՝ «ուղղված ժողովրդին», եւ հրապարակումից հետո նա հանդիպել է լրագրողների հետ մամուլի ասուլիսի շրջանակներում: Գրավոր ելույթներում որեւէ խոսք չկա ո՛չ զոհերի, ո՛չ վիրավորների մասին: Իսկ ասուլիսի ժամանակ նա այսպիսի հայտարարություն է անում. «Ես հրամանագիր եմ ստորագրել արտակարգ դրություն մտցնելու մասին եւ հրամանագիրը ստորագրել եմ միայն այն ժամանակ, երբ ինձ զեկուցել են այդ 8 վիրավորների մասին: Հրամանագիրը ուղղված է սահմանադրական կարգի պահպանությանը ՀՀ-ում եւ, իհարկե, առաջին հերթին մեր բնակչության, մեր ժողովրդի անվտանգության ապահովմանը»:
Այնուհետեւ լրագրողը հարցնում է՝ լուրեր կան, որ զոհեր կան երկու կողմից էլ, խնդրում եմ պարզաբանեք: Քոչարյանն արձագանքում է. «Զոհերի մասին այս պահին ես տեղեկություն չունեմ: Տեղեկություն ունեմ ոստիկանության կողմից վիրավորների մասին: Դա ոստիկանության աշխատողներ են եւ ոստիկանական զորքի նաեւ ծառայողներ են»:
Այսինքն՝ Ռոբերտ Քոչարյանը մարտի 1-ին արտակարգ դրություն հայտարարելու ժամանակ որեւէ խոսք չի ասել զոհերի մասին: Ավելին՝ նշել է, որ տեղեկություն չունի:

Տիգրանը վիրավորվել է մարտի 1-ին, մահացել՝ ապրիլի 11-ին

Իսկ ինչ վերաբերում է Տիգրան Աբգարյանին, ապա նրա մասին 2009 թվականի հուլիսին հրապարակվել է Մարտի 1-ի փաստահավաք խմբի ընդդիմադիր անդամներ, «Հայ ազգային կոնգրեսի» ներկայացուցիչ Անդրանիկ Քոչարյանի ու «Ժառանգությունը» ներկայացնող Սեդա Սաֆարյանի կողմից կազմված զեկույցը: Այն վերաբերում է ոստիկանության 1033 զորամասի 2-րդ գումարտակի զինծառայող Տիգրան Աբգարյանի մահվան հանգամանքներին: Եւ այսպես, փաստաթղթում գրված է, որ «2008 թ. մարտի 1-ին` ժամը 22.20-ին, Տիգրան Աբգարյանը շտապօգնության բժիշկների կողմից տեղափոխվել է Հերացու անվան բժշկական համալսարանի թիվ 1 կլինիկական հիվանդանոց` պարանոցի հրազենային միջանցիկ վիրավորում ախտորոշմամբ: Առաջին բժշկական օգնություն ցույց տալուց հետո մարտի 2-ին` ժամը 02-ին, նրան տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոնի նեյրովիրաբուժական բաժանմունք: Իսկ մարտի 2-ին` ժամը 16-ին, Տիգրան Աբգարյանը «Էրեբունի» բժշկական կենտրոնից տեղափոխվել է «Միքայելյան Վիրաբուժության ինստիտուտ» ՓԲԸ, որտեղ մահացել է 2008 թ. ապրիլի 11-ին` ժամը 20.00-ին: Այսինքն՝ Տիգրան Աբգարյանը մարտի 1-ին չի մահացել:
Թե ինչպես է նա սպանվել, նույն «Փաստահավաք խմբի» կողմից հրապարակված փաստաթղթում նշված է, որ «Փաստահավաք խումբ հրավիրված ՀՀ ՈԶ թիվ 1033 զորամասի 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի զինծառայող Արթուր Արաբյանը Տիգրան Աբգարյանի դեպքի կապակցությամբ հայտնեց, որ այն տեղի է ունեցել «Սվին» խանութից մոտ 20 մետր դեպի Լեո փողոցի կողմը: Տիգրան Աբգարյանը կանգնած է եղել առաջին շարքում, իսկ ինքը` երկրորդ: Դեպքերը ծավալվելիս են եղել Պարոնյան փողոցի վրա: Լսվել են կրակոցներ: Տիգրան Աբգարյանը թեքվելով ընկել է: Երկու զինվորներ օգնել են նրան եւ տեղափոխել դեպի հետ»: Իսկ թե ում կողմից են արձակվել կրակոցները, այդպես էլ հայտնի չէ մինչ օրս:

Պատասխան՝ բազում հարցականներով

Հիմա ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը առնվազն 2 հարցի առնչությամբ պետք է պարզաբանում ներկայացնի, ընդ որում՝ հիմնավոր պարզաբանում.
ա. «Ի՞նչ նկատի ուներ Սասուն Խաչատրյանը իր հայտարարությունն անելիս, արդյոք բացի վերը նշված 3 ելույթներից՝ «Արտակարգ դրություն հայտարարելու մասին» հրամանագիր, «Ուղերձ՝ ուղղված ժողովրդին» եւ մամուլի ասուլիս, այլ ելույթ է ուսումնասիրվել ՀՔԾ-ի կողմից: Խնդրում ենք նշել, թե որն է այն»: Հարցի կարեւորությունը մեծ է, քանի որ դա, ըստ էության, չէր կարող լինել գաղտնի ելույթ, եւ ՀՔԾ պետը խոսում է հայտարարության մասին, որը ինքնին չի կարող հանդիսանալ նախաքննական գաղտնիք: Եվ լրագրողական հանրությանը հետաքրքրում է` ե՞րբ եվ որտե՞ղ է Քոչարյանը հայտարարել մարտի մեկին` մինչեւ Տիգրան Աբգարյանի վիրավորվելը, զոհեր ունենալու մասին:
բ. «Տիգրան Աբգարյանը, ըստ Փաստահավաք խմբի տվյալների, վիրավորվել է մարտի 1-ին` ժամը 22:20-ին, տեղափոխվել հիվանդանոց, մահկանացուն կնքել է ապրիլի 11-ին: Իսկ «Արտակարգ դրության մասին» Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է 22:30-ին: Արդյոք մինչ օրս հրապարակված այս տվյալները կե՞ղծ են»: Չնայած այս հարցում գոնե վստահաբար կարելի է պնդել, որ նույնիսկ այդ օրվա ըդդիմադիր կայքերը այն հրապարակել են 22.30-ին:
«Ժողովուրդ» օրաթերթի գրավոր հարցադրումներին ի պատասխան` ՀՔԾ լրատվական ծառայությունից հայտնեցին, որ «ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հայտարարությունը չի վերաբերում Ռոբերտ Քոչարյանի միայն հրապարակային ելույթներին»: Ինչպես ասում են, այստեղ իրավիճակն ավելի է բարդանում: Այդ որտե՞ղ եւ ե՞րբ է Ռոբերտ Քոչարյանը հայտարարել, թե զոհեր կան: Ի վերջո, այն պետք է լինի հրապարակային կամ կոնկրետ շրջանակների մոտ: Չի կարող ինչ որ մեկի ականջին շշնջոցը ընկալվել որպես հայտարարություն: Ու եթե Սասուն Խաչատրյանը հապշտապ չտա այս հարցի պատասխանը, ստացվում է.
ա. Կամ նա ուղղակի ստում է:
բ. Կամ ինչ որ փաստաթուղթ, տեսանյութ, ձայնագրություն կա նրա ձեռքի տակ՝ զոհերի մասին Քոչարյանի խոսքը հիմնավորող:
Այլ տարբերակ ուղղակի գոյություն ունենալ չի կարող, քանի որ ինչ որ մեկի պատմելով կամ ինչ որ մեկի լսածով պետական բարձրաստիճան պաշտոնյան չի կարող այդչափ պատասխանատու հայտարարություն անել:

Միֆերի փլուզման հրամայականը

Մեզ մնում է սպասել անհամբերությամբ եւ հույսով, որ այս հարցի պատասխանը երկար սպասեցնել չի տա: Թե չէ մարտի 1-ի թեմայով ամենակարեւոր հարցերը մշտապես բաց են մնացել 10 տարի շարունակ ձգվող «նախաքննության գաղտնիք» հիմնավորմամբ: Ու տարեց տարի միֆերի եւ ստերի շարքը, քաղաքական շահարկումներն ու դիվիդենտների քաղումը այս գործի շրջանակներում ուղղակի ահագնացել են: Ժամանակն է, ի վերջո, Նոր Հայաստանում տալ բոլոր մութ հարցերի պատասխանները չստելու եւ ազնվության ամենաակտիվ մղումներով:

Քնար Մանուկյան
Թամարա Միքայելյան




Լրահոս