Բողոքի ակցիա` ՀԴՄ սարքի դեմ. մանր և միջին բիզնեսի ներկայացուցիչները դժգոհ են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վայոց Ձորի մարզի մանր եւ միջին բիզնեսի ներկայացուցիչները պատրաստվում են առաջիկայում բողոքի մեծ ակցիա իրականացնել: Պատճառը նոր սերնդի հսկիչ-դրամարկղային սարքավորումներն են:

Ինչպես հայտնի է, այս հունվարի 1-ից բոլոր տնտեսվարող սուբյեկտները պարտադիր պետք է նոր սերնդի ՀԴՄ-ներով աշխատեն: Սա սահմանված է ՀՀ հարկային օրենսգրքի 457-րդ հոդվածի 5-րդ մասով: Նշենք, որ նախորդ տարեվերջին ՊԵԿ-ը նախազգուշացնող հայտարարություն էր տարածել, ըստ որի` հարկային վարչարարություն չի իրականացվի այն հարկ վճարողների նկատմամբ, որոնք կներկայացնեն նոր սերնդի ՀԴՄ-ների ձեռքբերման դիմումներ: Առեւտրականները հիմնականում դժգոհում են այդ սարքավորման բարձր գնից: Ի դեպ, ՀԴՄ-ի ինքնարժեքը 158 հազար դրամ է, վաճառքի գինը` 160 հազար դրամ: Անգամ որոշ տնտեսվարողներ պնդում են, որ իրականում այդ ՀԴՄ-ների գինը 60-80 դոլար է, եւ միաժամանակ դժգոհում են, թե ինչու ՊԵԿ-ը հնարավորություն չի տալիս իրենց ճանապարհներով ձեռք բերել այդ սարքերը: Բայց մյուս կողմից` ՊԵԿ-ը հայտարարել է, որ տնտեսվարողները կարող են հսկիչ-դրամարկղային մեքենաների գինը վճարել ամբողջությամբ եւ միանվագ կամ, իրենց ցանկությամբ, 2 տարվա ընթացքում տարաժամկետ վճարումներով` ամսական համամասնությամբ: Այդ դեպքում հարկ վճարողների հետ կկնքվի հսկիչ-դրամարկղային մեքենաների գնի տարաժամկետ վճարման պայմանով առուվաճառքի պայմանագիր:

Բայց եղեգնաձորցի տնտեսվարողներին սա չի գոհացնում: Նրանք վճռական են տրամադրված այս հարցում եւ պատրաստվում են հունվարի 21-ին բողոքի ակցիա անցկացնել Վայոց ձորի մարզպետարանի շենքի առջեւ: Նրանք կառավարությանն առաջարկում են իր վրա վերցնել հաշվիչ մեքենայի գումարի 60%-ը, իսկ 40%-ը վճարի ձեռնարկատերը: Բացի այս, տնտեսվարողները կոչով են հանդես գալիս եւ մարզի ձեռնարկատերերին առաջարկում են հրաժարվել վճարել հաշվիչ մեքենայի ամբողջական գումարը: Ի դեպ, տնտեսվարողները հանդիպել են նաեւ Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանի հետ, բայց անպտուղ: Հարություն Շահբազյանը, որն ունի մթերքի խանութ, «Ժողովուրդ» օրաթերթին վրդովված պատմեց. ««Ասել եմ, ախր, ա՛յ պարոն մարզպետ, պարո՛ն դեպուտատ, մենք 10 հազարից ավել ձայն ենք տվել ձեզ, որ մեզ հուզող հարցերը բարձրացնեք վերեւներում: Ասում է` ես ձեզ ասե՞լ եմ, որ ինձ ձայն տաք: Ես իմ անունով ապառիկ ունեմ եւ մեծ դժվարությամբ եմ կարողանում վարկային պարտավորությունները մարել, ամիս է եղել, երբ չեմ էլ վճարել: Ու սա դեռ ամենը չէ. 1200 դրամ էլ պետք է այդ սարքի սպասարկման համար վճարեմ, իսկ եթե սարքը փչանա, իմ միջոցներով պետք է նորոգեմ: Սպասարկման մեջ դա չի մտնում: Ա~յ քեզ հարկային թեթեւացում: Այսօր (նկատի ունի` երեկ- Ս.Հ.) 4000 դրամի առեւտուր եմ արել, երեկ` 8000-ի: Պետք է մի հրաշք տեղի ունենա, որ մի 15 հազար դրամի առեւտուր անեմ: Էլ չեմ խոսում աշխատողին վարձատրելու, հարկային այլ պարտավորությունների, կուտակային կենսաթոշակի, խանութի էլեկտրաէներգիայի, ջրի վարձերի մասին»:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս