Բանակցությունների փաստն այսօր ոգևորիչ և հուսադրող է. Շիրակ Թորոսյանը՝ Մնացականյան-Մամեդյարով հանդիպման մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Ժնևում կայացել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հերթական հանդիպումը:

Նշենք, որ Զոհրաբ Մնացականյանը Ժնևում հանդիպում է ունեցել նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ։

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպման սպասելիքների և այլ հարցերի շուրջ ArmLur.am-ը զրուցել է ԱԺ պատգամավոր, Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Շիրակ Թորոսյանի հետ:

«Հաճախակի հանդիպումները նպաստում են, որպեսզի երկու պետությունների մեջ թշնամանքը մեղմանա և հնարավորություն ընձեռնվի խաղաղ հանգուցալուծում տալ Արցախի հիմնախնդրի կարգավորմանը: Այս պահին ես որևէ լուրջ ակնկալիք չունեմ բանակցություններից, բայց բանակցությունների փաստն էլ այսօր ոգևորիչ և հուսադրող է, որ առաջիկայում  մենք հնարավորություն կունենանք շատ հարցերում Ադրբեջանի հետ ընդհանուր հայտարարի գալ»,- ասաց մեր զրուցակիցը:

Շիրակ Թորոսյանի դիտարկմամբ՝ բանակցային գործընթացը կարողացել է ապահովվել շփման գծում կայունության հաստատումը:

«Վերջին տարում ակնհայտ նվազել են կրակոցները սահմանին. դա այս փուլում ամենամեծ ձեռքբերումն է երկու հակամարտ կողմերի համար»,- հավելեց Շիրակ Թորոսյանը:

Լիդա Եղիազարյան




Լրահոս