«ՈՉ ՎՏԱՆԳԱՎՈՐ» ՎԻՐՈՒՍԸ՝ ՀԱՄԱՃԱՐԱԿ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց Հայաստանում կորոնավիրուսի 3 նոր դեպքի հաստատման մասին, որոնք ժամանել են Իտալիայից: Նկատենք, որ հերթական անգամ կորոնավիրուսի դեպքի մասին առաջինը հայտնում է վարչապետը, եւ սա` այն պարագայում, երբ նա այս պահին պաշտոնապես գտնվում է արձակուրդում: Միայն վարչապետի հայտարարությունից հետո ՀՀ առողջապահության նախարարությունը հաղորդագրություն տարածեց՝ հայտնելով, թե երեքն էլ այժմ գտնվում ենք Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում: Նախարարությունը հաղորդագրությամբ  վստահեցրեց, թե բոլորն ի սկզբանե` ժամանելուն պես, գտնվել են նախարարության հսկողության տակ: Եւ այս տեղեկությունը շատ տարակուսելի է, քանի որ մի օր առաջ նախարարությունն այլ բան էր ասում: Բանն այն է, որ երեկ, երբ Իտալիայից Հայաստան ուղեւորներ ժամանեցին, ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը հայտնեց, թե նրանք գտնվում են կարանտինի մեջ, սակայն ոչ ոքի մոտ չի եղել առողջական գանգատներ եւ հիվանդության հիմնական ախտանիշներ: Ավելին, նա հայտնել էր, որ Իտալիայից ժամանածների համար կազմակերպվել է ինքնամեկուսացման գործընթաց, նրանք բոլորը գտնվում են իրենց տանը կարանտինի մեջ: Այսինքն` ոչ թե նրանք մեկուսացվել են, այլ ինքնամեկուսացվել են. եկել են, օդանավակայանում ստուգվել, քարտ լրացրել եւ հեռացել, նույնիսկ թոքաբորբ ունեցող քաղաքացին չի մեկուսացվել հիվանդանոցում: Իսկ մնացել են տանը մյուս ժամանածները, թե ոչ՝ մեծ հարց է մնում: Եվ, ահա, հայտարարությունից մեկ օր անց պարզվում է, որ ինքնամեկուսացվածներից երեքի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել, ու հայտնի չէ՝ նրանք այս օրերին քանի հոգու հետ են շփվել, արդյոք այդ մարդիկ էլ են վարակված, թե ոչ:

Այսպիսով, թեեւ հայտարարում են, թե Հայաստանում կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու համար ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովն այս օրերին գերհագեցած է աշխատում, պատասխանատու մարմինները եւս, սակայն սխալներից չենք կարողանում ապահովագրվել: Եվ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այս օրերին քննարկվում են սահմաններում ավելի ուժեղացված ռեժիմ սահմանելու, անհրաժեշտության դեպքում էլի սահմաններ փակելու եւ որոշ թռիչքներ որոշ երկրների հետ չեղարկելու, անգամ պաշտոնական բոլոր հանդիպումները կասեցնելու հարցերը: Եվ վերջում հավելենք, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսը հայտարարեց համաշխարհային համաճարակ. այսպիսի բան նույնիսկ չէր հայտարարվել H1N1 համաճարակի ժամանակ:

 

 

 

 

Սահմանադրական փոփոխությունների՝ ապրիլի 5-ին կայանալիք հանրաքվեով, ըստ էության, դրվելու է ոչ միայն 7 դատավորի լիազորությունների դադարեցման հարցը, այլ սկսվելու է մի ամբողջ գործընթաց: Բանն այն է, որ երեկ Սյունիքի մարզի Գորիս քաղաքում կայացած հանրահավաքի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հրապարակեց հանրաքվեի հռչակագրի նախագիծ՝ ասելով, որ հանրաքվեն վերաբերելու է ոչ միայն Սահմանադրության մեկ հոդվածին, այլ նաեւ այս հռչակագրին: Մասնավորապես, հռչակագրով քաղաքական գնահատական կտրվի նախկին 30 տարիներին տեղի ունեցած գործընթացներին, հատկապես՝ ընտրություններին, որոնք, ըստ վարչապետի, կեղծվել են, մասնավորապես՝ առաջին կետով ասվում է, որ կեղծվել են 1995 թվականից մինչեւ 2018 թվականի  ընտրությունները: Ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունը տեղի ունեցած որեւէ համապետական ընտրությունների պաշտոնական արդյունքներ չի ճանաչում ժողովրդի ազատ կամարտահայտության դրսեւորում։ Հետաքրքիր է, որ նրա այս հայտարարությունը եւ հռչակագրի կետերը երեկ բուռն քննարկվեցին համացանցում, հատկապես՝ այն մասով, որ կեղծված ընտրությունները փաստացի նա վերագրել է 1996 թվականին, երբ նախագահ ընտրվեց Լեւոն Տեր-Պետրոսյանը: Սակայն ՀԱԿ-ը որոշել է մինչեւ ապրիլի 5-ի հանրաքվեն չմեկնաբանել վարչապետի հայտարարությունները: Հավելենք, որ հանրաքվեի նախագծի տեքստը վերջնական չէ, մինչեւ ապրիլի 2-ը այն խմբագրվելու է, սակայն «ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ էական փոփոխություններ չեն արվելու:

 

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթին ԴԱՀԿ նախկին պետ Դավիթ Բեգինյանի՝ աշխատանքի ազատումից մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես, մեր տեղեկություններով՝ Բեգինյանին պետ աշխատելուց ութ ամիս անց առաջարկել են գնալ իր նախկին պաշտոնին եւ դառնալ պետի տեղակալ, սակայն վերջինս նեղացել է այդ հանգամանքից եւ որոշել է ընդհանուր համակարգից ազատման դիմում գրել եւ հեռանալ: «Ժողովուրդ» օրաթերթին նաեւ տեղեկություններ են հասել, թե ով է հավակնում դառնալ ԴԱՀԿ պետ. Արդարադատության նախարարությունում շոշափվում է արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի հարսանիքի քավոր, նախարարի առաջին խորհրդական Դավիթ Գասպարյանի անունը: Ինչպես հայտնի է, Դավիթ Բեգինյանը նշանակվել էր 2019 թվականի դեկտեմբերի 19-ին, եւ աշխատանքից ազատման մասին տեղեկությունից հետո մամուլում լուրեր էին շրջանառվել, թե նա խնդիրներ է ունեցել արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի հետ եւ այդ պատճառով է հեռացել, սակայն «Ժողովուրդ» օրաթերթին հաջողվեց պարզել, որ իրականում պատճառը եղել է նեղվածությունն իր նկատմամբ վերաբերմունքից: Իհարկե, ամեն դեպքում Արդարադատության նախարարությունից Բեգինյանին հասկացրել են, որ նրանից դժգոհ են, քանի որ ԴԱՀԿ ոլորտում հեղափոխություն չի արել, այնինչ Միհրան Պողոսյանից հետո պետք է այնպիսի փոփոխություններ արվեին, որ ներքեւից վերեւ բոլորը զգային հեղափոխության շունչը:

 

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Երեւանի քաղաքապետարանի ներսում իրավիճակն այնքան էլ հանգիստ չէ, իսկ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանն այս օրերին արձակուրդում է: Եվ մինչ քաղաքապետի թիմակիցները եւ այն մարդիկ, որոնք Մարությանին առաջադրել են Երեւանի քաղաքապետի պաշտոնում, վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ լծված են սահմանադրական փոփոխությունների՝ «Այո»-ի քարոզարշավի գործին, քաղաքապետը որոշել է կարճատեւ արձակուրդի մեկնել Չեխիա՝ աներոջ մոտ: Սակայն հետաքրքիր է, որ քաղաքապետի՝ արձակուրդում գտնվելու հանգամանքը հայտնի չէր, քանի դեռ չէր հրապարակվել ավագանու նիստ գումարելու մասին որոշումը, որը ստորագրել է այժմ քաղաքապետի պարտականությունները կատարող Հրաչյա Սարգսյանը: «Ժողովուրդ» օրաթերթը քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանից փորձեց պարզել՝ ինչով է պայմանավորված քաղաքապետի արձակուրդը: Պարզվեց` Կարապետյանը եւս գտնվում է արձակուրդում, բայց պատասխանեց. «Արձակուրդը պայմանավորված է ՀՀ աշխատանքային օրենսգրքով»: Սակայն նա հրաժարվեց ասել, թե որտեղ է իր արձակուրդն անցկացնում Հայկ Մարությանը: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ քաղաքապետարանում իրավիճակը հանգիստ չէ, եւ անգամ ներսում չեն բացառում, որ ապրիլի 5-ին կայանալիք սահմանադրական փոփոխությունների հանրաքվեից հետո Հայկ Մարությանը լքի իր պաշտոնը: Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը անթաքույց ամբողջ կազմով չի մասնակցում ավագանու նիստերին, շատերն էլ կեսից հեռանում են` ցույց տալով իրենց վերաբերմունքը:

 

 

 




Լրահոս