ՖՈՏՈ․ Իմ կողքի տղամարդը պետք է լինի ինքնավստահ, թասիբով, դուխով որձ․ Շպռոտը՝ կյանքում կոտրվելու եւ անձնական կայնքի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս անգամ «Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցը երգչուհի Շպռոտն է, ով մի քանի տարի է, ինչ բնակվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Երգչուհին մեզ հետ զրույցում կիսվել է հայրենիքը լքելու դրդապատճառների, այնտեղի դժվարությունների, անձնական կյանքի եւ այլ հետաքրքիր հարցերի շուրջ։

-Շպռո՛տ, բավականին երկար ժամանակ է` բնակվում եք Ամերիկայի Միացյալ Նահանգներում: Ո՞րն էր Ձեր հեռանալու պատճառը:

-Ինձ մոտ մի պահ եկավ, որ ես ամեն ինչ ունեի, ինչ երազել էի, իրականացել էր, եւ մի տեսակ քաղաքը փոքր էր ինձ թվում, քանի որ ես սիրում եմ էքսպերիմենտներ, ինձ հետաքրքիր էր արդյոք ես կարող եմ նոր կյանք սկսկել զրոյից՝ ուրիշ երկրում։ Կարճ ասած՝ ես նոր փորձությունների կարիք ունեի։ Փորձություններն ինձ ստիպում են էլ ավելի աճել եւ սիրել կյանքը։

-Պատրաստվո՞ւմ եք արդյոք վերադառնալ հայրենիք:

-Այս տարվա ընթացքում երկու անգամ այցելել եմ հայրենիք, բայց մի տեսակ արդեն ընտելացել եմ Միացյալ Նահնագների կյանքին։

-ՄիացյալՆահանգներում ի՞նչ դժվարությունների հանդիպեցիք: Հե՞շտ ինտեգրվեցիք միջավայրին:

-Առաջին երկու տարին ամենադժվարն էր, նախ պետք էր լեզուն սովորել, հասկանալ տեղի ապրելակերպը, հայրենիքի կարոտը, ուրիշ բնագավառում, բազում աշխատանքներ կատարելուց հետո, հետո նորից սկսկում ես երազել։

-Ի՞նչ աշխատանքներ եք կատարել։

-Աշխատել եմ հյուրանոցում, որպես սպասարկող, մատուցողուհի, բարմեն, կանացի զգեստների խանութում, պապիկի եմ պահել․․․

– Շպռո՛տ, Դուք հայկական շոու-բիզնեսի ամենավառ, ամենահամարձակ արտիստներից եք: Ո՞րն եք համարում Ձեր հաջողության գրավականը:

-Իմ հաջողության գրավականն անկեղծությունն է․ սրտին լսելը եւ երբեք իմ սկզբունքներին չդավաճանելը։

-Ձեր արտաքինում կատարել եք վիրահատական միջամտություններ: Ձեզ նոր «գլամուր» կերպարը գոհացնո՞ւմ է:

-Ես իմ ողջ կյանքում ընդամենը մեկ վիրահատության եմ դիմել, այն էլ կրծքերիս մեջ իմպլանտներ տեղադրելու համար, եւ կատարել եմ շրթունքների լիցք, որը անում են տարին մեկ անգամ։

-Իսկ ունե՞ք որեւէ խորհուրդ հայ աղջիկներին։

-Ես մեր հայ աղջիկներին շատ սիրում եւ հարգում եմ, քանի որ մենք ամենասիրունն ու լավն ենք։ Թող լսեն իրենց սրտին այլ, ոչ թե ծնողներին, իհարկե ծնողների խորհուրդը կարեւոր է, բայց սրտին լսելը պարտադիր, նույնիսկ ավելի լավ է սխալվել են, բայց ոչ ուրիշների թելադրանքով ապրեն։ Մի վախեցելք սխալվեուց, բայց զգուշությունն էլ լավ բան է։

-Դուք Ձեր հարցազրույցներում բազմիցս նշելեք, որ ցանկանում եք ընտանիք կազմել, երեխաներ ունենալ: Ի՞նչ նորություններ կան Ձեր անձնական կյանքում:

-Այո, ես շատ եմ ուզում ունենալ իմ օջախը, ընտանիքը, բայց ես երբեք իմ անձնականի մասին չեմ կիսվում հանրության հետ, քանի որ նրանք մեկ է իրենց բամբասանքներին են հավատում։

-Ինչպիսի՞ն պետք է լինի Շպռոտի կողքի տղամարդը:

-Իմ կողքի տղամարդը պետք է լինի ինքնավստահ, թասիբով, դուխով որձ, ով իր խոսքը կպահի աչքի լույսի պես, հոգատար հայ տղամարդ, մի քիչ էլ խենթ, իհարկե լավ իմաստով։

-Ձեզ համար արդյոք կա՞ն փակ թեմաներ:

-Այո, ինձ համար կան փակ թեմաներ, բայց դա այն չէ, ինչը շատերը կմտածեն։ Ինձ մոտ ոչ ոք չի կարող բամբասել, կամ բոողոքել իր կյանքից։ Ես կտրում եմ յուրաքնաչյուր նեգատիվ ինֆորմացիա, իսկ խուժանական թեմաները անվերջ են, եւ վախենալու չեն, եթե չափը չես անցնում։

-Ինչի՞ մասին չեք սիրում խոսել:

-Չեմ սիրում խոսել վատ դեպքերից, վախ առաջացնող լուրերից։

-Ի՞նչը կարող է Ձեզ կոտրել:

-Ես իմ կյանքում այնքան եմ կոտրվել, շատ բաներ կարող են ինձ կոտրել, բայց տեսեք ես միշտ ոտքի եմ կնագնում։ Ես չեմ վախենում կոտրվելուց։ Ես կին եմ նուրբ ու փխրուն, եւ ինձ կոտրելը շատ հեշտ է, բայց ինձ տվեք երեսուն րոպե եւ ես նորից կընտրեմ լինել երջանիկ։

-Ամենաթանկ իրը Ձեզ համար:

-Ես թանկ իրեր չունեմ, չեմ կապնվում իրերին։ Մայրիկիս նվիրած սրբիչը կարող է ինձ համար թանկ լինել։

-Սովորաբար ո՞ւմ հետ զրույցն է փարատում Ձեր հոգին, մխիթարում, բուժիչ հատկություն ունենում Ձեզ համար:

-Մայրիկիս հետ կիսվում եմ ամեն թեմայից, շատ իմաստուն մայրիկ ունեմ։

-Ո՞րն է լավ ժամանակ անցկացնելու ամենաօպտիմալ տարբերակը Ձեզ համար:

-Առաջ սիրում էի մարդաշատ վայրեր, բայց հիմա շատ եմ սիրում տանը մնալ կամ մոտ ընկերների հետորակյալ ժամանակ անցկացնել։ Արեւի ,ծովի համար խենթանում եմ։

-Իսկ ի՞նչ բրենդներ եք նախընտրում։

-Բրենդամանյա չունեմ։

-Շպռո՛տ, այսօր ամբողջ աշխարհը պայքարում է կորոնավիրուս համավարակի դեմ, ի՞նչ կանխատեսումներ ունեք: Ինչպե՞ս կհաղթահարենք այն :

– Ես թեթեւ եմ տանում տանը մեկուսանալու հանգամանքը, ինձ թվում է՝ շուտով կանցնի։

Զրուցեց Լիդա Եղիազարյանը




Լրահոս