ԿՊԱՅՔԱՐԵՄ «ДО ПОТЕРИ ПУЛЬСА»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ` ՀՀ անկախության 20-ամյակին նվիրված ասուլիսի ժամանակ, Հայաստանի 20 տարիների ձեռքբերումների մասին խոսեց «Սասուն» ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանը` նշելով, որ 20 տարվա մեջ ունեցել ենք ե՛ւ ձեռքբերումներ, ե՛ւ կորուստներ: «Ձեռքբերումներ, իհարկե, մենք ունեցել ենք, եւ այդ ձեռքբերումներից ամենամեծը  Ղարաբաղն է: Մենք կարողացել ենք հասնել մեր պապերի երազանքի կատարմանը, այսինքն` կարողացել ենք ազատագրել Ղարաբաղը թուրք ասկյարներից: Անկախություն կերտելով` մենք կառուցել ենք մի եկեղեցի, որը պետք է սրբորեն պահպանենք: Մեր բանակը հզոր է, բայց եթե մենք լինենք միասնական, մեր հզորությունը կկրկնապատկվի: Այսօրվա մեր իշխանություններն ամեն ինչ կապում են փողի հետ, գիտեն` փողով կարող են գնել ամեն ինչ: Բայց լա՛վ իմացեք, եթե թշնամին  գա, հաստատ հաշվի չի առնի` ես հարուստ եմ, թե աղքատ, կամ էն մյուսն ինչ է»,-նշեց պարոն Միքայելյանը:Նրա խոսքերով` պատերազմի հավանականությունն այսօր մեծ է. «Սակայն չեմ կարծում, որ դա կլինի, քանի որ դրսի ուժերը վերադասավորվում են, առայժմ թույլ չեն տա: Ուղղակի մենք պետք է զգոն լինենք, քանի որ պատերազմի վտանգը միշտ կա, ու թշնամին միշտ արթուն է»: Խոսելով պատերազմի մասնակիցների այսօրվա կարգավիճակի մասին` Սասուն Միքայելյանն ասաց. «Այն տղաները, որոնց մասին պատմությունը վաղը գրելու է, էսօր արհամարհված ու նվաստացած ման են գալիս եւ գոյատեւման համար անհրաժեշտ պայմաններ չունեն: Գիտե՞ք` ես ինչի համար եմ դատվել: Ես դատվել եմ ոչ միայն իմ քաղաքական  հայացքների համար, այլեւ նրա համար, որ  ես չեմ տարել նրանց նազն ու տուզը, նրանց հետեւից շեֆ-շեֆ ասելով ման չեմ եկել: Ես ասել եմ, որ ես պայքարելու եմ իմ հայրենիքի անկախության պահպանման եւ նրա բարօրության համար: Ներկայիս իշխանությունների վարած քաղաքականությունից երեւում է, որ նրանք ամեն ինչ անում են, որ պատերազմ անցած տղաներին բոլոր բնագավառներից հեռու պահեն, քանի որ նրանք չեն ջարդվում եւ իրենց հետեւից շեֆ-շեֆ ասելով ման չեն  գալիս»: Անդրադառնալով բանակում կատարվող վերջին դեպքերին` նախկին հրամանատարը չցանկացավ շատ խոսել այդ մասին` պատճառաբանությամբ, որ դա շատ ցավալի թեմա է իր համար. «Չկա մեկը, որ չսիրի իր հայրենիքը, իր բանակը, եւ ես էլ, լինելով այդ բանակաշինության անդամ, ինձ շատ վատ եմ զգում, որ մեր բանակն այս վիճակում է: Եթե մեր երկրում գործի կարգուկանոն, նման բաներ չեն լինի: Իսկ ինչ վերաբերում է Սեյրան Օհանյանի հրաժարականին, ապա ասեմ, որ նրա հրաժարականով ոչինչ չի փոխվի: Նա իմ մարտական ընկերն ա, նորմալ մարդ ա, չեմ կարծում, որ նրան փոխելով` ինչ-որ բան կփոխվի»: Ասուլիսի ընթացքում անդրադարձ եղավ նաեւ ՀԱԿ-իշխանություն երկխոսությանը: Սասուն Միքայելյանն ասաց. «Ես կարծում եմ, որ երկխոսությունը կշարունակվի, թեկուզ ոչ մի արդյունք չի տալու: Ընդդիմությունը փորձում է քաղաքակիրթ ձեւով լուծել այդ հարցերը, մնում ա` էդ ամեն ինչը իշխանությունը հասկանա: Բայց կարծում եմ, որ ինչ-որ պահի իշխանությունը կքցի ՀԱԿ-ին»: Իսկ վերջում Սասուն Միքայելյանը նշեց. «Ես հպարտ եմ, որ հայ եմ եւ շարունակելու եմ պայքարել հայրենիքիս անկախության պահպանման համար «до потери пульса»:ԷԼՅԱ ՍԱՐԴԱՐՅԱՆ




Լրահոս