Ես հենց նոր դուրս եկա Մաշտոցի ոստիկանական բաժանմունքից։ Մեծ կարևորություն չեմ տալիս, քանի որ ոչ մի խնդիր ինձ հետ կապված չեմ տեսնում, ոչ մի չարաշահումներ չեն եղել, և քրեական գործ հարուցելու իմաստ չեմ տեսնում, ուր մնաց մեղադրյալի։ Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում նշեց Աջափնյակ վարչական շրջանի նախկին ղեկավար Գևորգ Բաբայանը, ում նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։
«Սա նախկին մի քանի աշխատակիցների կողմից բողոքների հիման վրա հարուցված քրեական գործ է, ովքեր սուտ մեղադրանքներ են հնչեցրել, որի արդյունքում ինձ մեղադրանք է առաջադրվել, սպասենք հետագա զարգացումներին»,-հավելեց մեր զրուցակիցը։
Նշենք, որ ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով իրականացված լրիվ, օբյեկտիվ եւ բազմակողմանի նախաքննությամբ պարզվել է, որ Երեւան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի նախկին ղեկավարը, 2018թ. նոյեմբերից մինչեւ 2020թ. փետրվար ամիսը զբաղեցնելով նշված պաշտոնը, հանդիսանալով տեղական ինքնակառավարման մարմնում կազմակերպական-տնօրինչական եւ վարչատնտեսական գործառույթներ իրականացնող անձ, առերեւույթ չարաշահել է պաշտոնեական լիազորությունները: Նախաքննության ընթացքում Երեւան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի նախկին ղեկավարի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն` չհեռանալու մասին: Նախաքննությունը շարունակվում է: Հ
իշեցնենք, որ այդ շրջանում Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար է եղել Գևորգ Բաբայանը, ով աշխտանքից ազատվել է այս տարվա փետրվարին: Այն ժամանակ մամուլում հրապարակումներ եղան, որ վերջինիս անունը կապված է ապօրինի շինարարությունների հետ:
Լիդա Եղիազարյան