Ինչպես հայտնի է, մեկուկես ամիս ազատության մեջ մնալուց հետո «Ալավերդցի Վահագն» անունով հայտնի Վահագն Աբգարյանը նորից կկալանավորվի։ Վերաքննիչ քրեական դատարանը, նախագահությամբ դատավոր Արմեն Բեկթաշյանի, մայիսի 21-ին որոշեց բեկանել Աբգարյանին 15 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակելու վերաբերյալ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը։
Այսպիսով, երեք օրվա ընթացքում Վահագն Աբգարյանին պետք է ոստկանները տանեին կրկին բանտ, սակայն մեզ այսօր հայտնի դարձավ, որ նրան դեռես չեն տարել քրեակատարողական հիմնարկ ու հարց է առաջանում՝ արդյոք իրավապահներին չի հաջողվում նրան հայտնաբերել ու տանել բանտ, թե այլ խնդիր կա:
Հիշեցնենք, որ Վահագն Աբգարյանը մեղադրվում է ապօրինի կերպով ռազմամթերք հանդիսացող փամփուշտներ, ակոսափող հրազեն հանդիսացող 2 ատրճանակ ձեռք բերելու, Ալավերդու բնակիչ Կամո Փիրուզյանի սպանությունը կազմակերպելու և սպանության առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության պետ Թաթուլ Շուշանյանին առանձնապես խոշոր, իսկ քննիչ Արտակ Հովհաննիսյանին՝ խոշոր չափով կաշառք տալու մեջ։ Նա ազատ է արձակվել ապրիլի 1-ին։ Աբգարյանին ազատ արձակելու միջնորդության մեջ պաշտպան Ինեսսա Պետրոսյանը, ի թիվս այլ հանգամանքների, հղում է կատարել նաև Առողջապահության համաշխարհային կազմակերպության 2020 թվականի փետրվարի 24-ին հրապարակված կորոնավիրուսի վերաբերյալ զեկույցին, նշել, որ մահվան և ծանր հիվանդացման ռիսկայնության տակ են նաև շաքարային դիաբետ և հիպերտոնիա ունեցող մարդիկ, հետևաբար Վահագն Աբգարյանը ստեղծված պայմաններում գտնվում է առավել խոցելի վիճակում:
Դատարանը գրավի միջնորդությունը բավարարելու որոշմամբ արձանագրել է, որ դեռեւս առկա են ամբաստանյալ Վահագն Աբգարյանին կալանքի տակ պահելու պայմանները և հիմքերը: Մասնավորապես, հիմնավոր կասկածն առ այն, որ ամբաստանյալ Աբգարյանն առնչություն ունի իրեն մեղսագրված արարքին: Միաժամանակ դատարանը փաստել է, որ գործով արդեն իսկ հարցաքննվել է առանցքային վկան՝ Արթուր Մնացականյանը, և դատարանում հետազոտվել է գաղտնալսումների գերակշիռ մասը, ուստի դրանով չեզոքանում է քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու եղանակով դատարանում գործի քննությանը խոչընդոտելու հավանականությունը:
Ինչ վերաբերում է ամբաստանյալի՝ քրեական վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու և նոր հանցանք կատարելու հանգամանքին, դատարանը համարում է, որ գրավի կիրառման միջոցով հնարավոր է չեզոքացնել ամբաստանյալ Աբգարյանի ոչ իրավաչափ վարքագծի դրսևորման հնարավոր ռիսկերը: Այս դատական ակտը բողոքարկել էին տուժող կողմն ու դատախազությունը։
Քնար Մանուկյան