Նոր որոշում «օրենքով գող, «Արսեն երևանսկի մականունով Արսեն Մկրտչյանի գործով: ԱԱԾ-ն գործը տեղափոխում է ՀՀ քննչական կոմիտե: Մայիսի 22-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն էր տարածել, որում հայտնել էր քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու և ղեկավարելու հանցավոր սխեմաներ բացահայտելու մասին։ Արդյունքում, հիմնավոր կասկածանքով 2020թ. մայիսի 21-ին ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտ էր բերման ենթարկվել այսպես կոչված «օրենքով գող», «Արսեն երևանսկի» մականունով Արսեն Մկրտչյանը և քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի կողմից քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու կամ դրա հետապնդած նպատակների իրականացմանը ներգրավված լինելու կամ քրեական ենթամշակույթ կրող խմբավորման հավաքներ կազմակերպելու կամ դրանց մասնակցելու կասկածանքով՝ «Բասարե մականունով Արմեն Մելքոնյանը:
Բացի այդ, քրեական ենթամշակույթ կրող խմբավորման մասնակցին կամ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին դիմելու՝ նրա անօրինական ազդեցությունն օգտագործելու միջոցով նյութական կամ ոչ նյութական օգուտ կամ այլ առավելություն ստանալու կամ իրական կամ ենթադրյալ իրավունքներն իրականացնելու, քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու կամ դրա հետապնդած նպատակների իրականացմանը ներգրավված լինելու կամ քրեական ենթամշակույթ կրող խմբավորման հավաքներ կազմակերպելու կամ դրանց մասնակցելու կասկածանքով Նախաքննական մարմնի կողմից բերման ենթարկված անձանցից 7-ը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված հիմքերի առկայության պայմաններում ձերբակալվել են, իսկ 3-ի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին:
Armlur.am-ին մանրամասներ են հայտնի դարձել այս դեպքից : Այսպիսով, դեռես մեկ շաբաթ առաջ Armlur.am-ը գրել էր, որ Կապանում եւ Քաջարանում ոստիկանությունը խուզարկություններ Է իրականացրել վերոնշյալ քաղաքների մոտ 15 բնակարաններում : Մեր աղբյուների փոխանցմամբ՝ խուզարկված բնակարանների թվում են քաղաքապետների եւ նրանց հարազատների բնակարանները : Այս դեպքերով հարուցվել էր քրեական գործ: Եվ ահա ըստ նախնական տեղեկությունների այս քրեական գործով անցնող անձանց միջև ներքին տարաձայնություն է եղել եւ, ըստ ամենայնի, կողմերից մեկը դիմել է «Արսեն Երևանսկիե մականունով Արսեն Մկրտչյանին, որն էլ փորձել է ամենայն հավանականությամբ նախկին ու ներկա ղեկավարների միջեւ առաջացած տարաձայնությունը հարթել, ինչն էլ Ազգային Անվտանգության ծառայությունը համարել է քրեական ենթամշակույթ կրող խմբավորման հավաքներ կազմակերպել:
Ավելին, մեզ հասած տեղեկությունների համաձայն, Արսեն Մկրտչյանը բացի Սյունիքի մարզում առաջացած տարաձայնությունների մասով նաեւ հարցեր է լուծել կամ փորձել է օգնել Գեղարքունիքի մարզում կոնկրետ անձանց եւ մեզ հասած տեղեկությունների համաձայն ԱԱԾ-ն բերման ենթարկված անձանց մեջ նաեւ եղել են Գեղարքունիքի մարզի բնակիչներ: Ինչեւէ մեզ հետ զրույցում Արսեն Մկրտչյանի պաշտպան Վարդուհի Էլբակյանը հայտնեց, որ երեկ Երեւան Կենտրոն քրեակատարողական հիմնարկ են գնացել բժիշկներ, որոնք ստուգել են Արսեն Մկրտչյանի առողջական վիճակը եւ նրա վիճակը գնահատել են ծանր: Ըստ պաշտպանի, Արսեն Մկրտչյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը : Ի դեպ մեզ հայտնի դարձավ , որ Արսեն Մկրտչյանի նկատմամբ հարուցված քրեական գործով ԱԱԾ- ն նոր որոշում է կայացրել, եւ գործը ԱԱԾ-ից տեղափոխվում է ՀՀ քննչական կոմիտեի Հատուկ կարևորագույն գործերի վարչություն:
Մանրամասները՝ տեսանյութում
Քնար Մանուկյան