Երևանի Ռայնիսի փողոցի թիվ 3 հասցեում գազի արտահոսքից տեղի ունեցած պայթյունի պատճառով շենքը մասնակի փլվել է: Այս մասին տեղեկացնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից:
Ահազանգը ստացվել է օգոստոսի 26-ին, ժամը 07:18-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից հինգ մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի երկու փրկարարական խումբ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ և Բուժապահովման վարչության հերթապահ խմբերը, Հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը։
Դեպքի վայրում են գտնվում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը։ Նախնական տվյալների համաձայն փլատակների տակից դուրս է բերվել երկու քաղաքացի․ իրականացվել է 21 քաղաքացու տարհանում։ Երկու տուժած հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր:
ՀՀ վարչապետը դեպքի առնչությամբ նշել է, որ փլուզումը տեղի է ունեցել Երեւանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռայնիսի 1 հասցեում գտնվող 4 հարկանի շենքում։ Նախնական վարակածով պայթյունի պատճառ է դարձել բնական գազի արտահոսքը։ Մասնակի փլուզվել է նույն շքամուտքում գտնվող 12 բնակարան։ 19 բնակիչ ինքնուրույն կամ փրկարարների օգնությամբ դուրս է եկել շենքի փլուզված հատվածից։ Նախնական տվյալներով` փլատակների տակ մնացել էր 3 քաղաքացի։ Երկուսին փրկարարները դուրս են բերել։ Մեկին՝ դուրս բերեցին րոպեներ առաջ։ Փրկարարական աշխատանքները շարունակվում են։