Երկու քաղաքացի ոստիկանությանը հայտնել են, որ օգոստոսի 31-ին Երևան քաղաքի Ալեք Մանուկյան փողոցի թիվ 7 շենքի մոտ կռիվ է և կրակոցների ձայներ են լսվում: Ինչպես տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի մամուլի ծառայությունից, նույն օրը՝ ժամը 22:32-ին, Երևան քաղաքի «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրից ահազանգ է ստացվել այն մասին, որ բուժօգնության է դիմել 33-ամյա տղամարդ` «աջ ազդրի բազմաբեկոր կոտրվածք» ախտորոշմամբ:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (խուլիգանություն) 4-րդ մասի հատկանիշներով:
Նախաքննության ընթացքում հարցաքննվել են մի շարք անձինք: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել և առգրավվել է երկու փամփուշտ և փայտե մահակ: Խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել են Երևան քաղաքի երկու բնակիչներ՝ ծնված 1999թ. և 1966թ.:
Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու համար նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ: Կատարվում է նախաքննություն: