Աժ նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանին կանչել են ՀՀ քննչական կոմիտե՝ իր նկատմամբ հարուցված քրեական գործով հարցաքննության: ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն, Մհեր Սեդրակյանը Քննչական կոմիտեում հրաժարվել է ցուցմունք տալ եւ առհասարակ դիրոքորոշում հայտնել իր նկատմամբ հարուցված քրեական գործով: Մեզ հասած տեղեկությունների համաձայն, նախաքննական մարմինը ԱԺ նախկին պատգամավորին ասել է, որ նա կարող է ընդունել մեղադրանքը եւ այդ դեպքում իր նկատմամբ հարուցված քրեական գործը վաղեմության հիմքով կկարճվի:
Իսկ ի՞նչն է այս իրավիճակում ուշագրավը: Ըստ էության, եթե Մհեր Սեդրակյանը համաձայնվում է նախաքննական մարմնի մեղադրանքի հետ, եւ հարուցված քրեական գործը վաղեմության ժամկետի հիմքով կարճվում է, ապա ստացվում է, որ նա մեխանիկորեն ընդունում է, որ պաշտոնեական կեղծիք է թույլ տվել: Այսինքն՝ ընդունում է իր մեղքը: Ասել է թե՝ այս քայլով Քննչական կոմիտեն կարողանում է նաեւ ձերբազատվել այն կարծիքներից, որ անհիմն քրեական գործեր է հարուցում: Կոմիտեն հետագայում կարող է հանգիստ ասել՝ խնդրեմ, կոնկրետ անձը ընդունեց իր մեղքը, եւ նրա մասով քրեական գործը կարճվեց՝ վաղեմության ժամկետի հիմքով:
Եվ ահա մեզ հասած տեղեկությունների համաձայն, Մհեր Սեդրակյանն այդ պահին Քննչական կոմիտեում ասել է, որ առայժմ ոչինչ ասել չի կարող կգնա կմտածի եւ նոր կորոշի՝ թե ինչ դիրքորոշում կհայտնի, կընդունի Կոմիտեի առաջարկը, թե ոչ :
Հիշեցնենք, որ երեկ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում կատարված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Մհեր Սեդրակյանի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքերի մի շարք հանգամանքներ:
Եվ ահա, ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Մհեր Սեդրակյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) 2-րդ մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:
Մանրամասներ՝ տեսանյութում
Ք.Մ.