Երևանի քաղաքապետարանը սկսել է հետիոտնային անցումների լուսավորման ծրագիր. կլուսավորվի շուրջ 100 անցում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հետիոտնի ու վարորդների անվտանգ երթևեկն ապահովելու համար քաղաքապետարանը շուրջ 100 հետիոտնային անցումների լուսավորման ծրագիր է սկսել, տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը:

Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Հայկ Մարությանին զեկուցվել է, որ ծրագրում ընդգրկվել են հիմնականում այն հատվածները, որտեղ վերջին տարիներին հաճախակի վրաերթեր են գրանցվել:

Համալրվում է էներգախնայող լուսատուներով լուսավորվող փողոցների ցանկը: Երևանի քաղաքապետարանի և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի համագործակցությամբ ընթացքում է ծրագրի երկրորդ փուլը, որով նախատեսված է տեղադրել 674 LED լուսատու:

Ընթացիկ տարում արդեն իսկ ամբողջությամբ էներգախնայող՝ LED լուսատուներով են լուսավորվել Դավթաշեն և Նուբարաշեն վարչական շրջանները, ինչպես նաև Լենինգրադյան, Շիրազի, Հասրաթյան, Հակոբ Հակոբյան փողոցներն ու Կիևյան կամրջի սկզբնամասից մինչև Բարեկամություն մետրոյի շրջակայքն ընկած հատվածը:

Արդիականացվում է նաև գեղարվեստական լուսավորությամբ լուսավորվող երևանյան արձանների լուսավորությունը: Նատրիումային լույսերը փոխարինվում են LED լուսատուներով:

Քաղաքապետ Մարությանը հանձնարարել է ակտիվացնել ստուգայցերն ու հետևողական աշխատանք տանել շինհրապարակները կազմակերպելու և սանիտարական նորմերն ապահովելու համար: Մայրաքաղաքում հաճախ կարելի է հանդիպել նաև բաց թափքով շինանյութ տեղափոխող ու կեղտոտ անվադողերով շինհրապարակներից դուրս եկող բեռնատարների: Այս առումով ակնկալվում է Ճանապարհային ոստիկանության հետևողական աշխատանքը՝ իրավախախտումներն արձանագրելու և դեպքերը կանխելու համար:

Յան Ռայնիսի 1 հասցեի շենքի փլուզման հետևանքները վերացնելու նպատակով մոտ օրերին կհայտարարվի շինարարական աշխատանքների մրցույթ: Զեկուցվել է, որ նախատեսվում է 5-րդ մուտքի ապամոնտաժումը, հենապատի կառուցումը և շենքի տանիքի ամբողջական վերանորոգումը: ՀՀ կառավարության որոշմամբ 12 բնակարանների սեփականատերերին բնակարանի գնման վկայագիր կտրամադրվի: Ֆինանսավորման նպատակով պահուստային ֆոնդից աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը կհատկացվի 182 մլն դրամ:

Մայրաքաղաքում բացօթյա ապօրինի առևտրի դեմ արդյունավետ պայքարելու համար քաղաքային իշխանությունը մի շարք օրենսդրական փոփոխություններ է նախաձեռնել: Մասնավորապես, լրացումներ են նախատեսվում Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում: Օրենքի շրջանառվող նախագծով հնարավորություն է տրվում վերցնել չնախատեսված վայրերում ապօրինի վաճառվող ապրանքը և վերադարձնել միայն տուգանքը վճարելուց հետո: Դա նաև արդյունավետ վարչարարություն իրականացնելու հնարավորություն է տալիս: Քաղաքապետ Հայկ Մարությանը հանձնարարել է ակտիվացնել համագործակցությունը Ազգային ժողովի հետ՝ օրենսդրական նախաձեռնությունները կյանքի կոչելու համար:

Չսահմանված վայրերում աղբ թափելու խնդիրն առկա է Երևանի բոլոր վարչական շրջաններում: Նմանատիպ դեպքերը կանխելու նպատակով հանձնարարվել է հետևողական հսկողություն իրականացնել՝ օգտագործելով նաև վարչական լծակները:

Աջափնյակում մետրոյի նոր կայարանի նախագծի մրցույթի մշակման աշխատանքներն ընթացքում են: Քաղաքապետին զեկուցվել է, որ առաջիկայում նախագծման մրցույթից հետո կմեկնարկի շինարարական աշխատանքների նախապատրաստման գործընթացը:




Լրահոս