Հայրապետական այցով Իտալիայի Հանրապետությունում գտնվող Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը սեպտեմբերի 27-ին հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։
Ինչպես տեղեկացրին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, Ամենայն Հայոց Կաթողիկոսը և ՀՀ վարչապետը քննարկել են Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայով պայմանավորված իրավիճակը։ Վեհափառ Հայրապետը շեշտել է աշխարհասփյուռ հայության ներուժի համախմբման կարևորությունը։
Ի դեմս Վարչապետի Նորին Սրբությունն իր զորակցությունն է հայտնել ՀՀ իշխանություններին՝ ընդգծելով միասնական ջանքերի և համախմբվածության կարևորությունը հայրենի Արցախի պաշտպանության և սահմանների անառիկության պահպանման սրբազան գործում։
Ինչպես ավելի վաղ տեղեկացվել է, Վեհափառ Հայրապետն ընդհատել է իր այցը Իտալիա ու Վատիկան և վերադառնում է Հայրենիք։