ԱՀԿ-ն ՅՈՒՆԻՍԵՖԻ հետ համատեղ հայտարարել է Թոքաբորբի դեմ պայքարի և կանխարգելման գլոբալ պլանի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) 2009 թվականին ՅՈՒՆԻՍԵՖԻ հետ համատեղ հայտարարել է Թոքաբորբի դեմ պայքարի և կանխարգելման գլոբալ պլանի մասին՝ նպատակ ունենալով իմունականխարգելման ցուցանիշների բարձրացման արդյունքում հնարավորինս նվազեցնել թոքաբորբերից մահացության ցուցանիշները: Այս մասին հայտնել է առողջապահության նախարարությունը:

Աշխարհում տարեկան 450 միլիոն մարդ հիվանդանում է թոքաբորբով, որից մահվան ելքով ավարտվում է 7 միլիոնը` մինչև 5 տարեկան երեխաների մոտ` կազմելով ավելի քան 1,4 մլն:

Ներկայումս ամբողջ աշխարհում, այդ թվում նաև Հայաստանում, կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված` համաճարակային իրավիճակը շարունակում է մնալ լարված: Հանրության ուշադրության կենտրոնում է այն մտահոգությունը, թե ինչպես խուսափել նոր վիրուսից և վերջինով պայմանավորված թոքաբորբից: Սակայն, միևնույն ժամանակ, ամբողջ աշխարհում շարունակում են արձանագրվել նաև պատվաuտումների միջոցով կանխարգելվող հիվանդություններ, այդ թվում՝ թոքաբորբեր, որոնք կարծես մոռացության են մատնվել, այն դեպքում, երբ կանխարգելման լավագույն և արդյունավետ միջոցը՝ պատվաստումները, հասանելի են և կիրառվում են արդեն տասնյակ տարիներ:

Այս համատեքստում ուշագրավ է այն փաստը, որ թոքաբորբերի պատճառագիտության մեջ պնևմակոկին բաժին ընկնող դեպքերը կազմում են մեծահասակների շրջանում գրեթե 72%, իսկ մինչև 5 տարեկան երեխաների շրջանում` 88-89%, այն դեպքում, երբ պնևմակոկային վարակի, ինչպես նաև սեզոնային գրիպի, կապույտ հազի, հեմոֆիլուսային Բ տիպի վարակի, կարմրուկի, կարմրախտի, մենինգակոկային վարակի դեմ պատվաստումները ներառված են Հայաստանի Հանրապետության Պատվաստումների ազգային օրացույցում և հասանելի են բնակչության նպատակային խմբերի համար:

Թոքաբորբերը տարբեր պատճառագիտությամբ, պաթոգենեզով, մորֆոլոգիական պատկերով և կլինիկական արտահայտություններով թոքերի սուր վարակիչ հիվանդությունների խումբ են, որոնք բնորոշվում են թոքերի ռեսպիրատոր հատվածների ախտահարմամբ և ալվեոլներում պարտադիր բորբոքային էքսուդատի առաջացմամբ: Հիվանդության ախտանշաններն են ջերմությունը, հազը, խորխարտադրությունը և ընդհանուր թուլությունը:
Վարակիչ հիվանդություններից և հնարավոր բարդություններից լավագույն, անվտանգ և արդյունավետ պաշտպանության միջոցը կանխարգելիչ պատվաստումներն են:




Լրահոս