Որքան աջակցություն կտրամադրվի Արցախից Հայաստան տեղափոխվածներին․ Փաշինյանը թվեր է ներկայացնում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սիրելի արցախցիներ,
Օրերս հանձնարարել էի կառավարությանը ներկայացնել Արցախի Հանրապետությունից Հայաստան տեղափոխված մեր հայրենակիցների սոցիալական խնդիրների լուծմանն ուղղված ծրագիրը։ Այս մասին տեղեկացրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Այսպիսով, կառավարության այսօրվա ընդունած որոշման համաձայն, միանվագ դրամական աջակցություն կտրամադրվի պատերազմի հետևանքով տեղահանված և փաստացի Հայաստանի Հանրապետությունում գտնվող արցախցիներին, որոնք ունեն Արցախի հաշվառում:

Արցախից Հայաստանի Հանրապետություն տեղափոխված յուրաքանչյուր անձի կտրամադրվի 68000-ական դրամի չափով ֆինանսական աջակցություն։ Երեխաներին ևս աջակցություն կտրամադրվի, եթե ծնողը կամ ծնողներից մեկը համարվի այս ծրագրի շահառու:

Եթե քաղաքացին Հայաստանի Հանրապետությունում չունի սեփական անշարժ գույք, ապա կտրամադրվի լրացուցիչ աջակցություն՝ 15000 դրամի չափով:
Աջակցությունը կտրամադրվի նաև այն դեպքում, եթե քաղաքացին արդեն վերադարձել է Արցախ։

Աջակցություն ստանալու համար դիմումները կընդունվեն նոյեմբերի 23-ից: Դիմում հնարավոր է լինելու ներկայացնել նաեւ էլեկտրոնային տարբերակով: Առաջիկա օրերին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը կներկայացնի աջակցության տրամադրման կարգը և մանրամասները:

Սիրելի արցախցիներ, վստահեցնում եմ, որ Հայաստանի կառավարությունը Արցախի Հանրապետության կառավարության հետ անելու է ամեն ինչ՝ ձեր հետագա կյանքի անվտանգությունն ապահովելու, Արցախը ոտքի կանգնեցնելու, վերականգնելու եւ առաջընթացի ու հույսի նոր ուղու վրա դնելու համար։

Սոցիալական աջակցության ծրագրերը կշարունակվեն Արցախում։




Լրահոս