«Փաստ» օրաթերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանն սկսել է կադրային փոփոխություններ իրականացնել, որոնք սուսուփուս վավերացնում է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը: «Փաստ» թերթի աղբյուրները փոխանցում են, որ կադրային այս «զորաշարժերը» տարբեր պատճառներ ունեն:
Որոշ դեպքերում գործ ունենք «քավության նոխազ» «նշանակելու» հետ, ի մասնավորի, խոսքը Զոհրաբ Մնացականյանի ու Դավիթ Տոնոյանի մասին է, ինչի մասին են վկայում վերջին օրերին փաշինյանամերձ որոշ պատգամավորների հարձակումներն այս պաշտոնյաների վրա:
Ըստ տեղեկությունների, ժամանակի ընթացքում հնարավոր ու անհնար մեղքը փորձ կանեն բարդել նաեւ նրանց վրա, միայն թե Փաշինյանը «մաքուր» դուրս գա: Մյուս դեպքերում հասարակության աչքերում «թոզփչոցի» իրականացնելու խնդիր կա, թե տեսեք՝ արմատական փոփոխություններ եմ սկսել:
Իշխանամերձ մեր աղբյուրները փոխանցում են, որ Նիկոլ Փաշինյանը հիմա պաշտոն տալով, ինչ-որ բան խոստանալով, սպառնալով փորձում է ամուր պահել իր «շրջապատը», օգտագործում է նրանց, իսկ անհրաժեշտության դեպքում պարզապես նրանք կդառնան հերթական «քավության նոխազներ»:
Պատահական չէ, որ արդեն իսկ տեղեկություններ են շրջանառվում, որ պատգամավորներից ու գործադիրի ներկայացուցիչներից շատերը եւս վստահ են, որ Փաշինյանը պետք է հեռանա, սակայն վախենում են արտահայտվել կամ դուրս գալ իրենց պաշտոններից:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։