«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
Հայաստանում ներդրումային միջավայրը բարելավելու, գործարարությունը խթանելու եւ մեր երկրում արարելու հնարավորություն տալու փոխարեն, պատերազմում պարտված եւ մեր երկիրը հուսալքության ծայրագույն աստիճանի հասցրած իշխանությունը նոր հարձակում է պատրաստում խոշոր գործարարների դեմ:
Բանն այն է, որ հունվարի 20-ին խորհրդարանում 82 կողմ, 0 դեմ եւ 3 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ առաջին ընթերցմամբ ընդունվել է «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը, որը չենթարկվող գործարարներին պատժելու գործիք է: Այս նախագծերի փաթեթով նախատեսվում է քրեական պատիժ, ոչ ավել, ոչ պակաս, շահույթ ստանալու համար: Այո, այո, հենց այդպես էլ ֆիքսված է:
Օրենքում ասվում է. «Մենաշնորհ կամ գերիշխող դիրքի չարաշահումը կամ հակամրցակցային համաձայնությունը կամ տնտեսական գործունեության համակարգումը, որի արդյունքում անձանց, կազմակերպություններին կամ պետությանը պատճառվել է խոշոր վնաս, կամ ապրանքային շուկայի մասնակիցը ստացել է խոշոր չափով շահույթ,
պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հազարապատիկից երեքհազարապատիկի չափով, կամ կալանքով` երկուսից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով»:
Ու տարօրինակ համառությամբ իշխող խմբակցությունը անցկացրել է ՏՄՊՊՀ այս վիճահարույց նախաձեռնությունը առաջին ընթերցմամբ, որի մասով
բացասական եզրակացություն է ներկայացրել անգամ ԱԺ փորձագիտական եւ վերլուծության վարչությունը:
Նշված աբսուրդից բացի, նախագծով հանձնաժողովն իրեն վերապահում է գործառույթներ, որոնց իրավունքը չունի, եւ այնպիսի տպավորություն է, թե այս օրենքում փոփոխությունն արվում է ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գեւորգյանին խոշոր գործարարներին անարգել պատժելու լծակներ տալու համար:
«Հանձնաժողովի կողմից իրականացվող վարույթների ընթացակարգերի մանրամասն նկարագրությունը որոշակիորեն փոխում են տնտեսական մրցակցության պաշտպանության պետական քաղաքականության հայեցակարգը. այն տնտեսական քաղաքականության մշակման եւ տնտեսական մրցակցության պաշտպանության կանխարգելիչ ինստիտուտի հայեցակարգից վերափոխվում է, այսպես կոչված, «տնտեսական ոստիկանության» հայեցակարգի». ԱԺ փորձագիտական եւ վերլուծության վարչությունն այս ձեւակերպմամբ պաշտոնապես եկել է այն եզրակացության, որ ՏՄՊՊՀ-ն իրեն չպետք է վերապահի տնտեսական ոստիկանության գործառույթ:
Բայց ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գեւորգյանը ԱԺ տնտեսական հարցերով հանձնաժողովի մշտական նիստի ժամանակ ինքնագոհ հայտարարել էր. «Մենք հենց պատժիչ, պատժող կառույց ենք: Ես դա շատ կարեւորում եմ: Մենք պատասխանատվության ենթարկող կառույց ենք, ուզում եմ՝ հստակ ֆիքսենք սա: Ես ուզում եմ դա հստակ ֆիքսենք, ես միայն պատժում եմ: Ես կարող եմ ուղեցույցներ տամ, ասեմ՝ եթե այսպես անենք, խնդիրներ չի լինի, սակայն սա կոնկրետ պատժող, նույնիսկ դաժան պատժող կառույց է»:
Գործարարներին պատժելու միտքը այնքան էր ուրախացրել ՏՄՊՊՀ նախագահին, որ նա մոռացել էր, թե օրենքով ինչ իրավասություններ ունի իր ղեկավարած կառույցը, եւ նոր կարգավորումները ոչ այլ ինչ, քան ինքնիրավչություն, չեն կարող դիտվել: Հատուկ մեջբերում ենք ՏՄՊՊՀ ֆիքսված գործառույթները. «Վերահսկողություն է իրականացնում տնտեսական մրցակցության պաշտպանության օրենսդրության պահպանման նկատմամբ, դիմում է դատարան՝ տնտեսական մրցակցության պաշտպանության օրենսդրության խախտման դեպքերի կապակցությամբ»:
Այսպիսով, եթե այս օրինագիծը նաեւ երկրորդ ընթերցմամբ ընդունվի, կնշանակի նոր մահակ գործարարների գլխին: Ու սա կազմակերպվել է հավանաբար ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի կողմից, քանի որ հենց նրա հովանավորյալն է դրամաշնորհներով հայտնի անցյալ ունեցող Գեղամ Գեւորգյանը:
Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։