Տավուշի մարզում ապօրինի անտառահատումների հայտնաբերման դեպքերն ավելացել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2020թ. ընթացքում Տավուշի մարզի տարածքում հայտնաբերվել եւ արձանագրվել է ապօրինի ծառահատման 502 դեպք: Դրանցից 138-ով հարուցվել են քրեական գործեր, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է շուրջ 8,6%-ով:

Աճը պայմանավորված է լատենտային բնույթ կրող նման հանցագործությունները Ոստիկանության Տավուշի մարզային վարչության ստորաբաժանումների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի աշխատակիցների գործունեության արդյունքում նման դեպքերի բացահայտման, անտառային տնտեսության պահպանման, փայտանյութի տեղափոխման ուղիների նկատմամբ հսկողության աշխատանքի ակիվացմամբ:

Տավուշի մարզի դատախազության դատախազների դատավարական ղեկավարման կամ հսկողության ներքո ապօրինի ծառահատման դեպքերի առթիվ հարուցված եւ քննվող, ինչպես նաեւ դատարանում քննված եւ ավարտված 20 քրեական գործերով արձանագրված պետությանը պատճառված վնասը կազմել է շուրջ 170 մլն ՀՀ դրամ։ Դատախազության կողմից մի շարք քաղաքացիների 24 առաջարկություններ են ուղարկվել ընդհանուր 17մլն ՀՀ դրամի չափով վնասը կամովին վերականգնելու համար: Դատարանում քննված եւ ավարտված գործով պատճառված վնասի չվերականգնված գումարը բռնագանձելու նպատակով դատախազների կողմից պետական իրավասու մարմնին գրություններ են ուղվել՝է ողջամիտ ժամկետներում ներկայացնելու համապատասխան հայցադիմումներ:

2020թ. ընթացքում մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել ապօրինի ծառահատումների վերաբերյալ 25 քրեական գործ 28 անձի վերբերյալ:

Ապօրինի անտառահատումների դեպքերի բացահայտման դրական ցուցանիշը պայմանավորված է նաեւ ՀՀ դատախազության կողմից որդեգրված քրեական քաղաքականությամբ, ըստ որի յուրաքանչյուր հանցավոր դեպքի քննության ընթացքում պարտադիր քննության առարկա է դարձվում նաեւ դրանցում անտառների պահպանության համար պատասխանատու պաշտոնատար անձանց կոռուպցիոն ներգրավվածության հնարավորությունը: Այս մոտեցումը նպաստում է իրենց սպասարկման գոտու հանդեպ վերանշյալ կատեգորիայի պաշտոնատար անձանց զգոնության եւ պատասխանատվության մեծացմանը:

2020թ. ընթացքում «Հայանտառ» ՊՈԱԿ-ի իրավասու պաշտոնատար անձանց կողմից ծառայության նկատմամբ անբարեխիղճ կամ անփույթ վերաբերմունքի հետեւանքով իրենց պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու փաստերի առթիվ Տավուշի մարզի դատախազության դատախազների դատավարական ղեկավարման կամ հսկողության ներքո հարուցվել է 10 քրեական գործ, որոնցով նախաքննությունը շարունակվում է: Երկու անտառապահի մեղադրանքներ են առաջադրվել հատված փայտանյութն ապօրինի կերպով անտառներից դուրս բերելու դիմաց կաշառքի ստանալու համար:

Նշված քրեական գործերով իրավասու պաշտոնատար անձանց կողմից թույլ տրված հանցավոր թերացումների հետեւանքով պետությանը պատճառվել է ընդհանոր առմամբ 96 մլն ՀՀ դրամի վնաս:

Մարզի դատախազության կողմից ապօրինի անտառահատումների դեմ պայքարի շրջանակներում «Հայանտառ» ՊՈԱԿ-ի իրավասու պաշտոնատար անձանց եւ մի շարք պետական մարմինների ուղարկվել է 14 հաղորդում, ծառայողական քննություն անցկացնելու 2 միջնորդություն, նշված բնույթի հանցագործություններին նպաստող պատճառներն ու պայմանները վերացնելու կոնկրետ միջոցներ ձեռնարկելուն ուղղված 3 միջնորդագիր: Արդյունքում իրենց աշխատանքում թերացած պաշտոնատար անձանց նկատմամբ կիրառվել են կարգապահական պատասխանատվության տարբեր միջոցներ, այդ թվում նաեւ աշխատանքից ազատման տեսքով:

Մասնավորապես, առանձին նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ անտառապահները, անտառներին հարակից բնակավայրերի բնակիչների հետ նախապես պայմանավորվելով, նրանց կողմից ներկայացված տոմսակների հիման վրա անտառներից հավաքում, մթերում, ապա իրենց անձնական օգտագործման մեքենայով տեղափոխում եւ նրանց են հանձնում թափուկ փայտանյութ ՝ այդ ամենի դիմաց ստանալով նախապես պայմանավորված գումարը: Այսինքն պարզվել է, որ փաստացի անտառից ապօրինի փայտանյութ չի մթերվել, սակայն հաստատվել է անտառապահների կողմից աշխատանքային պարտականությունները կատարելու փոխարեն, իրենց աշխատաժամանակի ընթացքում ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու՝ գումարի դիմաց թափուկ փայտանյութի պատրաստելու, մթերելու եւ տեղափոխելու հանգամանքը: Ընդ որում՝ դա տեղի է ունենում նրանց աշխատանքի նկատմամբ հսկողություն եւ վերահսկողություն իրականացնող պաշտոնատար անձանց՝ անտառապետերի, անտառտնտեսության տնօրենների թողտվության կամ անուշադրության պայմաններում: Մարզի դատախազի կողմից խնդիրը բարձրացվելուց հետո «Հայանտւսռ» ՊՈԱԿ-ում ձեռնարկված միջոցների արդյունքում պաշտոնատար անձինք ենթարկվել են կարգապահական տույժերի, ընդհուպ աշխատանքից ազատման:

2021թ. եւս ապօրինի անտառահատումների դեմ քրեաիրավական պայքարը շարունակում է մնալ Տավուշի մարզի դատախազության առաջնահերթություններից:




Լրահոս