Պաշտոնական Մոսկվան հայտարարում է, որ ինչպես անցած հարյուր տարիների ընթացքում, այնպես էլ ապագայում հետեւելու է 1921 թվականի մարտի 16-ին կնքված ռուս-թուրքական պայմանագրի ոգուն եւ սկզբունքներին։
«Անցած հարյուր տարիների ընթացքում իր քաղաքական եւ պատմական արդիականությունը չկորցրած Մոսկվայի պայմանագրի ոգուն եւ սկզբունքներին հետեւելը Ռուսաստանի Դաշնության եւ Թուրքիայի Հանրապետության միջեւ հարաբերությունների հետագա զարգացման գրավականն է», – այսօր հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարի Զախարովան:
Մոսկվայում կնքված այս պայմանագրով բոլշեւիկները Թուրքիային են հանձնել այն տարածքի մի մասը, որն ավելի վաղ մտնում էր Ռուսական կայսրության կազմի մեջ՝ Սուրմալուի գավառը՝ Արարատ լեռով, Կարսի մարզը եւ նախկին Բաթումիի մարզի հարավային մասը՝ Արդահանի եւ Արտվինի շրջանները։
Ռուս-թուրքական այս բարեկամությունը սկսվել էր այն բանից հետո, երբ Քեմալ Աթաթյուրքը, ում իշխանությունը Թուրքիայում եւ Թուրքիայից դուրս քչերն էին ճանաչում, նամակ էր գրել Վլադիմիր Լենինին եւ հավաստիացրել վերջինիս, որ թուրք ժողովուրդն իր ղեկավարությամբ պայքարելու է իմպերիալիզմի դեմ: Պայմանագիրը կնքելուց մի քանի տարի անց Աթաթյուրքը արգելել էր Կոմունիստական կուսակցության գործունեությունը Թուրքիայում:
Այսօր Ռուսաստանում Թուրքիայի մասին խոսում են որպես բարեկամ, ռազմավարական գործընկերոջ մասին՝ չնայած բազմաթիվ տարաձայնություններին, ընդհուպ մինչեւ անուղղակի ռազմական հակամարտության երրորդ երկրների տարածքում, օրինակ՝ Սիրիայում եւ Լիբիայում։
«Մեր համագործակցությունն ունի խորապես գիտակցված բնույթ, հենվում է բարիդրացիության սկզբունքի, փոխադարձ հարգանքի եւ շահերի հաշվառման, համատեղ արդյունավետ աշխատանքի նպատակադրման վրա՝ հանուն Ռուսաստանի եւ Թուրքիայի ժողովուրդների բարեկեցության եւ բարգավաճման, հանուն խաղաղության, անվտանգության եւ կայունության տարածաշրջանում եւ ընդհանրապես Եվրոպայում», – ասված է Զախարովայի այսօրվա հայտարարությունում:
Իսկ երեկ մոսկովյան պայմանագրին նվիրված մեծ ելույթ էր ունեցել Թուրքիայի խորհրդարանում այդ երկրում Ռուսաստանի դեսպան Ալեքսեյ Երխովը:
«Հայտնի է Խորհրդային Ռուսաստանի ներդրումը Թուրքիայի ժողովրդի անկախության համար մղվող պայքարում։ Անտանտի եւ նրա դաշնակիցների դեմ այս պատերազմում թուրքական զորքերի կողմից օգտագործված բոլոր փամփուշտների կեսից ավելին, յուրաքանչյուր չորրորդ հրացանը, յուրաքանչյուր չորրորդ զենքն ու յուրաքանչյուր երրորդ հրանոթը մատակարարվել են Խորհրդային Ռուսաստանից», – իր ելույթում երեկ ասել էր ռուսաստանցի դիվանագետը՝ հավելելով, թե երկու երկրների միջեւ բարեկամական հարաբերությունները, որոնց հիմքը դրվել է 100 տարի առաջ, հատկապես կարեւոր են մեր օրերում, երբ դրանցից մեծապես կախված է տարածաշրջանի անվտանգությունը:
Ի դեպ, Թուրքիայում Ռուսաստանի նախկին դեսպանին մի քանի տարի առաջ սպանել էին Թուրքիայի արդի արվեստի թանգարանում ելույթ ունենալու ժամանակ։
Հավելենք նաեւ՝ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը պարբերաբար ընդգծում է, որ Վլադիմիր Պուտինը Ռեջեփ Թայիփ Էրդողանին համարում է վստահելի գործընկեր, խոսքի տեր մարդ։
Հավելենք, որ 2021 թվականի մարտի 15-ին Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Ա. Երխովը Թուրքիայի խորհրդարանում ելույթ է ունեցել Մոսկվայի պայմանագրի 100-ամյակի առթիվ։
«Այսօր մենք նշում ենք Մոսկվայի պայմանագրի ստորագրման 100-ամյակը։ Կուզեի ուշադրություն հրավիրել այդ պատմական փաստաթղթի անվանման վրա՝ «Բարեկամության ու եղբայրության մասին պայմանագիր», դա դիվանագիտական պրակտիկայում շատ հազվադեպ հանդիպող ձեւակերպում է։ Այն լիովին արտացոլում է այդ բարդ ժամանակների ռոմանտիկ ոգին»,-ասել է դեսպանը։
«Ընդ որում, պայմանագիրը մի շարք գաղափարներ է պարունակում, որոնք ակտուալ են հնչում եւ նշանակալի հետաքրքրություն են ներկայացնում Ռուսաստանի ու Թուրքիայի հարաբերությունների զարգացման համար մեր օրերում։ Օրինակ՝ պայմանագիրը պնդում է, որ երկու ժողովուրդներից մեկի համար ցանկացած դժվարությունը վատացնում է մյուսի վիճակը»,-ասել է նա։
Ն.Հ.
ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴԱԴԱՐԵՑՐԵԼ Է
Երեւանի ավագանու նիստի մեկնարկին քաղաքապետ Հայկ Մարությանը հայտարարել է, որ Երեւանի ավագանու «Իմ քայլը» դաշինքի անդամ Արփենիկ Մարությանը դիմում է ներկայացրել ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու մասին։ Քաղաքապետի խոսքով՝ Արփենիկ Մարությանի մանդատը տրվել է Արման Բաբաջանյանին։
ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՊԱՏՐԱՍՏԱԿԱՄ Է
Ռուսաստանը վերահաստատում է բոլոր ուղղություններով Թուրքիայի հետ կառուցողական փոխգործակցությունն ընդլայնելու պատրաստակամությունը. ասվում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի՝ ՌԽՖՍՀ եւ Թուրքիայի Ազգային մեծ ժողովի միջեւ բարեկամության եւ եղբայրության մասին պայմանագրի ստորագրման 100-ամյակի կապակցությամբ հղած հաղորդագրության մեջ: Ինչպես նշել են ՌԴ ԱԳՆ-ում, «այդ պայմանագիրը հիմնարար փաստաթղթերից մեկն է, որը հիմք է հանդիսացել երկու պետությունների միջեւ ժամանակակից հարաբերություններին»։ «Վերահաստատում ենք բոլոր ուղղություններով Թուրքիայի հետ կառուցողական փոխգործակցության ընդլայնման, առեւտրատնտեսական եւ ներդրումային համագործակցության ընդլայնման, էներգետիկայի, արդյունաբերության եւ ենթակառուցվածքների հեռանկարային նախագծերի իրականացման, մշակութային-հումանիտար փոխանակումների եւ մարդկային շփումների կատարելագործման պատրաստակամությունը»,- հայտարարել է Զախարովան: Նրա խոսքով՝ «անցած հարյուր տարվա ընթացքում իր քաղաքական եւ պատմական արդիականությունը չկորցրած Մոսկվայի պայմանագրի ոգունեւ սկզբունքներին հետեւելը Ռուսաստանի Դաշնության եւ Թուրքիայի Հանրապետության միջեւ հարաբերությունների հետագա զարգացման գրավականն է»: Սույն պայմանագրով Ռուսաստանը ճանաչում էր Թուրքիայի ինքնիշխանությունն Ազգային մեծ ուխտի՝ թուրքական ճանաչած բոլոր տարածքների նկատմամբ։ Թուրքիան իր հերթին հրաժարվում էր Բաթումից` փոխարենը ստանալով Սուրմալուի գավառը։ Պայմանագրով հաստատվել է Թուրքիայի հյուսիսարեւելյան սահմանը, որը գործում է առ այսօր:
ՆՈՐ ՆՇԱՆԱԿՈՒՄ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Դավիթ Գրիգորյանը նշանակվել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ:
ՄԵՂԱԴՐԱՆՔ՝ ԳՐԱՌՄԱՆ ՀԱՄԱՐ
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Արամ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա սոցցանցերում 22.12.2020թ. տեղադրված «Նիկո՛լ, դու մեր դասագրքերն ու տոները փոխեցիր» վերնագրով տեսանյութում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ, քաղաքական ու այլ հայացքներով պայմանավորված, դիտավորությամբ հնչեցրել է բռնությունը հրապարակայնորեն արդարացնող կոչեր, մասնավորապես՝ տեսաուղերձի ընթացքում նշել է. «Նիկոլի հետ հաշվեհարդար տեսնելու պատվերը հայ ժողովրդիննա, թեհլերյանները հազարավոր են, միլիոնավոր են, Նիկո՛լ, քո ընտանիքի համար, քո ընտանիքի անվտանգության համար արի էստեղ, ծնկաչոք ներողություն խնդրի զոհվածների մայրերից, որովհետեւ դու պատժվելու ես. եթե չգաս, դու չես կարա փախնես, չես հասցնի փախնես, մենք չենք կարող ամեն հայի ձեռք բռնել, մարդ կա՝ երկու երեխա ա կորցրել, մարդ կա՝ ընտանիքը, տուննա կորցրել, ոչ մեկը չի կարող էտ մարդու ձեռքը բռնել: Եթե ժամանակին Թեհլերյանին արդարացրեցին, ապա քեզ շանսատակ անողին հերոսի կոչում են տալու»: Հարությունյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ երկրից չհեռանալու մասին: Նրան մեղադրանք է առաջադրվել:
ՀԱԴՐՈՒԹ Է ԱՅՑԵԼԵԼ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ժամանել է Հադրութ. նա մասնակցել է Ֆիզուլի-Հադրութ ճանապարհի շինարարության մեկնարկին նվիրված արարողությանը, ինչպես նաեւ այցելել է Հադրութից ոչ հեռու գտնվող Ազոխի քարանձավ։ Այցի ընթացքում Ադրբեջանի նախագահին ուղեկցել են առաջին տիկին, առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիեւան եւ դուստրը՝ Լեյլան։
ՀԱՆԴԻՊԵԼ Է
Տեղի է ունեցել Հայաստանի արտգործնախարար Արա Այվազյանի եւ ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտգործնախարար Անն Լինդի առանձնազրույցը: Անն Լինդեին հանդիպե է նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Հիշեցնենք, որ Լինդին նախօրեին եղել է Բաքվում, հանդիպել Ադրբեջանի նախագահի, արտգործնախարարի հետ։ Նրա տարածքաշրջանային այցի նպատակն է Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդների հետ քննարկել ղարաբաղյան խնդիրն ու վերջին պատերազմից հետո ստեղծված իրավիճակը։