ՌԵՅՏԻՆԳԱՅԻՆԻ ԴԵՊՔՈՒՄ՝ ԲԱՐՁՐ ՑՈՒՑԱՆԻՇ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Կարեն Սարուխանյանը ArmLur.am-ի հետ զրույցում խոսել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների, դրանք իշխանությունների կողմից կեղծելու, ինչպես նաեւ իրենց կուսակցության վարկանիշի մասին: Մեր զրուցակիցը հայտարարեց, որ այս պահին Հայաստանում քաղաքական դեմքերից ամենաբարձր վարկանիշն ունի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

 

-Արդեն հստակ է, որ հունիսի 20-ին սպասվում են արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Շիրակի մարզում ի՞նչ տրամադրվածություն է: Արդյոք ժողովուրդը սպասո՞ւմ է, մասնակցելո՞ւ է ընտրություններին, թե՞ առաջնային այլ հարցեր կան մարզում: 

-Տրամադրվածությունները տարբեր են, դրանք պայմանավորված են հիմնականում, թե ինչ կարգով կմասնակցենք ընտրություններին: Բնական է, որ ռեյտինգային ընտրակարգի դեպքում թեկնածուներն արդեն կոնկրետ  տարածքներով կլինեն, եւ անհատական ֆակտորը  մեծ դերակատարություն կունենա: Հետեւաբար, իմ կարծիքով՝ ռեյտինգայինի դեպքում մասնակցությունն ավելի շատ կլինի, ցուցանիշն ավելի բարձր կլինի, իսկ համամասնական ցուցակի դեպքում՝ ավելի ցածր: Ժողովուրդը  չգիտի, թե ովքեր կլինեն թեկնածուները, թե լինի ռեյտինգային կարգով, համամասնական ընտրակարգով ինչ ուժեր կլինեն: Իմ կարծիքով՝ հիմա մի փոքր վաղ է այս մասին խոսել:

-Նախընտրում եք ռեյտինգային ընտրակարգը մնա՞, ընտրակարգը օրենսգրքից չհանվի՞, որպեսզի  ընտրություններն ավելի ճիշտ կազկակերպվեն:

-Իմ կարծիքով՝ ոչ թե ճիշտ ու սխալի հարցն է, այլ ռեյտինգայինի դեպքում մասնակցությունն ավելի շատ կլինի, քանի որ կա նաեւ ամեն թեկնածուի անձնական ֆակտորը: Բայց տեսնենք, կարող է այդ ամենը պայմանավորված լինել նախընտրական քարոզարշավով:

-Խմբակցությունում տարաձայնություն ունեք այդ հարցի շուրջ, քանի որ մի հատվածը կարծում է, որ պետք է ռեյտինգային ընտրակարգը հանել  Ընտրական  օրենսգրքից: Դուք կարծում եք, որ ռեյտինգային ընտրակարգի մնա՞լն է ճիշտ:   

-Երկու կարգն էլ իր դրական ու բացասական կողմերն ունեն: Ես կողմ եմ ռեյտինգային ընտրակարգին զուտ այս սուբյեկտիվ պատճառով, որ ես ընտրված եմ ռեյտինգային ընտրակարգով:

-Իսկ խմբակցությունը բաժանված է երկու թեւի, ի՞նչ  կասեք:

-Մեր քաղաքական մեսիջների մեջ եղել է, որ ռեյտինգային ընտրակարգը պետք է փոխվի, եւ հետեւաբար  այսօր շրջանառության մեջ է նոր Ընտրական օրենսգիրքը: Եվ փետրվար ամսին մենք ուղարկել ենք Վենետիկի հանձնաժողով: Աժ-ում կլինեն քննարկումներ, կխոսենք նաեւ ընդդիմության հետ, ընդհանուր կոնսենսուսի կգանք եւ որոշում կկայացնենք:

-Ընդդիմությունը, հատկապես՝ Բաղրամյան փողոցում հավաքվածները, ասում են, որ իշխանությունը օգտագործելու է պետական ռեսուրսը: Դուք  ի՞նչ կարծիք ունեք. այսօրվա իշխանությունը պատրա՞ստ է առանց կեղծարարությունների անցկացնել խորհրդարանական ընտրություններ:

-Պետք է նախ տեսնենք, թե ովքեր են այդ ամենն ասողները: Ընդդիմություն, որպես այդպիսին, Բաղրամյան փողոց փակողների մի խմբակի  մասին է խոսքը, որոնք հիմնականում նախկին իշխանությունների ռեւանշիստներին են, որոնք ցանկանում են հաշվի չառնել ժողովրդի ձայնը: Նրանք փորձում են պարտադրել, որ երկրում հեղափոխություն անեն: Իսկ իշխանությունների ընտրությունների անցկացման մասով ես հստակ կարող եմ ասել, որ, ի տարբերության նրանց, որոնք ժամանակին եղել են իշխանության, բազմաթիվ անգամ մենք հիշում ենք, որ ընտրությունները կեղծվել են: Մենք ունենք 2,5 տարվա ընթացքում այնպիսի ընտրություններ, որոնք օրինակելի են՝ սկսած 2018թ. ԱԺ ընտրություններց եւ ավարտած բազմաթիվ ՏԻՄ ընտրություններով, որտեղ խախտումներ չեն արձանագրվել:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

 

 

 

ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ՍԹԱՓՎԻ

«Նախորդ տարվա նոյեմբերի 20-ին գրություն էի ուղարկել Գլխավոր դատախազություն, խնդրել էի հայտնել՝ պատերազմի ընթացքում եւ դրանից հետո հարուցված քրեական գործերի շրջանակներում ինչ գործողություններ են արվել, մասնավորապես՝ Ադրբեջանի քանի գեներալ է հետախուզման մեջ Հայաստանի կողմից»,- Ազգային ժողովում հայտարարություններիի ժամին ասել է ԱԺ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը:

 

«Ադրբեջանի գլխավոր դատախազը հայտարարել է, որ իրենց կողմից միջազգային հետախուզման է ենթարկվել մոտ երեք հարյուր հայ, եւ նրանց մեջ են պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, Ջալալ Հարությունյանը, Դավիթ Բաբայանը, Արման Բաբաջանյանը: Մենք ուղղակի գիտեինք այսքան անուններ, բայց կան երեք հարյուր մարդ, որոնք միջազգային հետախուզման մեջ են, եւ Ադրբեջանը ակտիվ քայլեր է անում, որ նրանց նաեւ Ինտերպոլի միջոցով հետախուզման ենթարկի եւ ձերբակալի»,-ասել է նա:

Թագուհի Թովմասյանը նշել է, որ ակնկալվում էր, որ ՀՀ դատախազությունը կոնկրետ իրավիճակներում կոնկրետ քայլեր կիրականացնի Արդբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության ուղղությամբ, սակայն, ըստ էության, ոչինչ չի արվել: Նա նշել է, որ փորձել է պարզել, թե ինչով է զբաղվում դատախազությունը պատերազմից հետո:

«Ես կարծում էի, որ առնվազն Ադրբեջանի պաշտպանության նախարարի նկատմամբ պետք է միջազգային հետախուզում հայտարարված լիներ, փոխարենը դատախազության մամուլի հաղորդագրություններից ծանոթանում ենք, որ Արարատի մարզի ձկնաբուծական ոլորտում կան խախտումներ, Լոռու, Տավուշի մարզում կան անտառահատումներ եւ այսպես շարունակ»,-ասել է նա ու նշել, որ իրեն ուղարկված գրության մեջ Գլխավոր դատախազությունը հայտնում է, թե ինչ քրեական գործեր են հարուցել, եւ երկարաշունչ պատասխաններ են ուղարկել:

«Այսինքն՝ դատախազությունը հարուցում է քրեական գործ, որոշման մեջ գրում, որ քրեական գործը հարուցում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից միջազգային կոնվեցիաների խախտմամբ, մարդկության դեմ կատարվող հանցագործություններ կատարելու փաստերի կապակցությամբ, սակայն մեղադրանքի առաջադրումը եւ քրեական գործի հարուցումը Ադրբեջանի ֆուտբոլային ակումբի մեկնաբանի նկատմամբ ուղղակի ծաղրանք է, եւ, կարծում եմ, որ ժամանակն է, որ դատախազությունը սթափվի»,-ասաց նա:

 

 

 

ԿՊԱՅՔԱՐԻ «ՖԵՅՔԵՐԻ» ԴԵՄ

«Ֆեյքերի» բանակը համակարգողի համբավ վայելող ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը շրջանառության մեջ է դրել մի նախագիծ, որով առաջարկում է պայքարել այդ նույն «ֆեյքերի» դեմ եւ, ըստ էության, հերքել իր կապը: Ներկայացված իրավական կարգավորմամբ՝ պատասխանատվություն է նախատեսվում համացանցում դիտավորությամբ հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցի վերաբերյալ ակնհայտ կեղծ տեղեկատվություն հրապարակելու համար,  որը կատարվել է կեղծանուն աղբյուրի միջոցով։ Պատասխանատվության կենթարկվեն նաեւ համացանցում անձին վիրավորող ու զրպարտող անանուն ու կեղծանուն օգտատերերը։ Համացանցում դիտավորությամբ հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցի վերաբերյալ ակնհայտ կեղծ տեղեկատվություն հրապարակելը (բացառությամբ անձին զրպարտելը կամ վիրավորելը), որը կատարվել է կեղծանուն աղբյուրի միջոցով, պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից հարյուրապատիկի չափով:

Համացանցում անձին վիրավորելը կամ զրպարտելը, որը կատարվել է կեղծանուն աղբյուրի միջոցով, պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով:

Սույն հոդվածի 1-ին մասում նշված արարքը, որը կատարվել է՝

1) շահադիտական նպատակներով,

2) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ

3) վարչական ռեսուրսի օգտագործմամբ,

4) հինգ կամ ավել կեղծանուն աղբյուրների միջոցով

պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հազարապատիկից երկուհազարապատիկի չափով, որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երկու տարի ժամկետով կամ առանց դրա:

 

 

 

ԱՌԱՋԱՐԿԵԼ Է

ՀՀ ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն առաջարկել է կողմ քվեարկել ռազմական դրությունը վերացնելու մասին երկու ընդդիմադիր խմբակցությունների նախագծին: «Ռազմական դրությունը վերացնելու մասին» օրենքի նախագծի քննարկմանը ԱԺ նախագահը, սակայն, նշել է. «Ես բացարձակապես անհիմն եմ համարում պնդումներն այն մասին, որ ռազմական դրության մինչ այս պահը կամ եւ հնարավոր հետայսու հետաձգումը ունի որեւէ ներքաղաքական դրդապատճառ»: ԱԺ նախագահի պնդմամբ՝ լավագույն լուծումը կլիներ, եթե կառավարությունն ինքը ամփոփեր ռազմական դրությամբ պայմանավորված իր աշխատանքները, միջոցառումները քիչ-քիչ դադարեցներ եւ նախաձեռներ ռազմական դրությունը հանելը:

 

 




Լրահոս