ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է «հերոին» և «հաշիշ» տեսակի թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի առթիվ հարուցված քրեական գործով մեկ մեղադրյալի մասով նախաքննությունը:
Մինչդատական վարույթում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են մի շարք հանգամանքներ:
Քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Ակնաշեն գյուղի բնակիչ, 57-ամյա տղամարդը քննությամբ չպարզված ժամանակահատվածում և հանգամանքներում անհայտ անձից առանց իրացնելու նպատակի ապօրինի ձեռք է բերել և իր մոտ ապօրինի պահել է խոշոր չափերով՝ 0,154 գրամ քաշով, «հերոին» և մանր չափ չկազմող՝ 0,027 գրամ քաշով, «հաշիշ» տեսակի թմրամիջոցներ, որոնք հայտնաբերվել և վերցվել են նրա անձնական խուզարկությամբ:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 57-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:
Թմրամիջոցների ձեռք բերման աղբյուրը հայտնաբերելու, ինչպես նաև` քննության համար էական նշանակություն ունեցող այլ հանգամանքներ պարզելու ուղղությամբ նախաքննությունը շարունակվում է: