Ադրբեջանական կողմը կոպտորեն խախտում է գերիների վերադարձի պարտավորությունները. ԱԺ նախագահը՝ միջազգային կոնֆերանսին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանը շարունակում է ապօրինի կերպով ուժով պահել հարյուրավոր հայ ռազմագերիների ու քաղաքացիական անձանց: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Գլոբալ մարտահրավերներ եւ սպառնալիքներ` համաճարակի պայմաններում: Ահաբեկչություն եւ բռնի ծայրահեղականություն» միջազգային կոնֆերանսի իր ելույթում այս մասին ասել է ՀՀ ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը:

«Գերերվածների, ուժով պահվողների եւ մահացածների դիակների փոխանակումը 2020 թվականի նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության պարտադիր կետերից մեկն է: Այս գործընթացը պետք է սկսվեր ստորագրումից անմիջապես հետո: Ավելին, պայմանավորվածություն կար, որ «գերերվածների, ուժով պահվողների եւ մահացածների դիակների փոխանակումը» պետք է տեղի ունենար «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով: Սակայն ավելի քան չորս ամիս անցնելուց հետո մենք փաստում ենք, որ ադրբեջանական կողմը կոպտորեն խախտում է համապատասխան պայմանավորվածությունները», – ասել է ԱԺ նախագահը՝ հավելելով, որ մինչ օրս Ադրբեջանը շարունակում է ապօրինի կերպով ուժով պահել հարյուրավոր հայ ռազմագերիների ու քաղաքացիական անձանց:

Արարատ Միրզոյանը հավելել է՝ կան անվիճելի եւ հաստատված փաստեր այն մասին, թե ինչպես բազմաթիվ գերիներ խոշտանգվել, խեղվել եւ նույնիսկ սպանվել են: «Այդ հանցագործությունները տեսանկարահանվել եւ տարածվել են սոցիալական ցանցերում եւ լայնորեն ընդունվել Ադրբեջանի հասարակության շրջանում: Ակնհայտ է, որ Ադրբեջանի կողմից գերերվածների վերադարձի գործընթացի ձգձգումը բացառապես արհեստական է եւ լուրջ խոչընդոտներ է ստեղծում Եռակողմ հայտարարության 2020 թ. նոյեմբերի 9-ի, ինչպես նաեւ այս տարվա հունվարի 11-ի հայտարարության իրականացման համար», – ընդգծել է Միրզոյանը:

ԱԺ նախագահը փաստել է՝ հայկական կողմը լիովին կատարել է իր ստանձնած պարտավորությունները: Ի տարբերություն դրան, Ադրբեջանը հետեւողականորեն հրաժարվում է եռակողմ հայտարարության պայմանավորվածությունների իրագործումից, մանիպուլյացիայի է ենթարկում ռազմագերիների եւ ուժով պահվող անձանց ցուցակները, հորինում է արհեստական քրեական գործեր եւ, ընդհանուր առմամբ, շարունակում է հայատյացության իր քաղաքականությունը՝ այս ամենով խափանելով Հարավային Կովկասի կայունացման եւ ենթակառուցվածքների ապաշրջափակման գործընթացը:

«Ձեռք բերված պայմանավորվածությունների նկատմամբ նման վերաբերմունքը չի կարող համապատասխան արձագանք չառաջացնել այն գործընկերների կողմից, ովքեր հետաքրքրված են մեր տարածաշրջանի խաղաղությամբ եւ կայունությամբ: Վստահ ենք, որ անհապաղ եւ գործնական գործողությունները կծառայեն այս չափազանց կարեւոր խնդրի շուտափույթ լուծման շահերին», – եզրափակել է Հայաստանի խորհրդարանի ղեկավարը:




Լրահոս