2021թ. ապրիլի 20-ին՝ ժամը 20:10-ին, «Գյումրու շտապբուժօգնության կայան» ՓԲ ընկերությունից ՀՀ ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ Գյումրի քաղաքի Շիրակացի փողոցի տներից մեկից կրծքավանդակի և որովայնի ձախ կեսի կտրած-ծակած վերքերով, մահացած վիճակում բժշկական կենտրոն է տեղափոխվել Գյումրի քաղաքի 63-ամյա բնակչուհին:
Դեպքի առթիվ նույն օրը ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (սպանություն) 1-ին մասի հատկանիշներով:
Նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն, հայտնաբերվել և վերցվել է հանցագործության գործիք հանդիսացող դանակը, հարցաքննվել են մի շարք անձինք, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: 63-ամյա կնոջ սպանության կասկածանքով ձերբակալվել է վերջինիս ամուսինը:
Նախաքննությունը շարունակվում է: Կատարվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: