Այսօր՝ մայիսի 2-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը:
Ժամը 11:00-ի սահմաններում Կոտայքի մարզի Արամուս գյուղի բնակիչ, 37-ամյա Վաղինակ Թադևոսյանը իր վարած «Յոթունք» մակնիշի ավտոբուսով Կասյան 1 հասցեի դիմաց՝ Բարեկամության էստակադայի սկզբնամաասում, վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող մոտ 70 տարեկան տղամարդ հետիոտնի:
Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Երևանի 1-03 շտապօգնություն, որտեղից օպերատիվորեն ժամանել է շտապօգնության բժիշկների 011 հերթապահ խումբը և բժիշկները արձանագրել են հետիոտնի մահը: Օպերատիվորեն ժամանել է Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 5 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:
Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, նա եղել է սթափ:
Փաստի առթիվ Վ. Մարգարյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը: Քննիչի հանձնարարականով ավտոբուսը, որը սպասարկում է Երևան-Աբովյան թիվ 259 երթուղին, տեղափոխվել է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք: