«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ մայիսի 13-ին լրանում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում գտնվող խաղաղապահ ուժերի ռուսական ռազմական զորախմբի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի աշխատանքային պայմանագրի վեց ամիսը: Դա նշանակում է, որ առաջիկայում կարող է նրա փոխարեն մեկ այլ ռուս զինվորական զբաղեցնել այդ պաշտոնը: Բանն այն է, որ, համաձայն պայմանագրի, վեց ամիսը լրանալուն պես ՌԴ իշխանությունները կարող են փոխել հրամանատարին, սակայն ռուս ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեեւը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց, թե, ամեն դեպքում, պարտադիր պահանջ չէ ռոտացիան։ Ռազմական փորձագետը նկատեց, որ Ռուստամ Մուրադովին ՌԴ-ում պարգեւատրել են հայրենիքին մատուցած ծառայությունների համար շքանշանով, ինչը ենթադրում է, որ նրա աշխատանքից գոհ են, եւ չի բացառվում վերջինիս ժամկետը կրկին երկարաձգվի։ Հավելենք, որ նրա նշանակման մասով հետաքրքիր տեղեկություն է առկա ռուսական մամուլում։ Մասնավորապես, ընդգծվում է, որ, բացի Մուրադովից, այլ թեկնածուներ եւս եղել են, եւ ինչպես ասում են, նրան քննարկել են խոշորացույցի միջոցով: Գլխավոր շտաբը պաշտպանության նախարարին է ներկայացրել Ռուստամ Մուրադովին, ապա Սերգեյ Շոյգուն այդ առաջարկն արել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։ Բայց, չնայած սրան, հավանական է, որ նրան հետ կանչեն Արցախից։
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ նախաքննական մարմիններին հրահանգ է իջեցված որեւէ կերպ չանհանգստացնել զինվորականներին, գեներալներին, նրանց հանգիստ թողնել: Ինչպես հայտնի է, պատերազմից հետո շատերն են հայտնվել նախաքննական մարմինների ուշադրության կենտրոնում, եւ կան հարուցված քրեական գործեր, որոնցում մեծ թվով գեներալներ են ներգրավված՝ որպես վկա կամ կասկածյալ: Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այս փուլում քաղաքական իշխանության հրահանգով որոշվել է նրանց հանգիստ թողնել, որեւէ քննչական գործողություն չիրականացնել: Ըստ ամենայնի, այս ամենն արվում է արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ, որպեսզի զինվորականներին կարողանան իրենց կողմը գրավել եւ անհրաժեշտ ձայներ ստանալ: «Ժողովուրդ» օրաթերթը դեռ ապրիլի 14-ին էր գրել, որ ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի պետի աշխատասենյակը զբաղեցնող Արտակ Դավթյանի գլխավորությամբ շարունակում են մանր ու միջին կալիբրի զինվորականներին իրենց ենթարկեցնելու գործընթացները: Այն ժամանակ եւս ԳՇ-ից կանչում էին զինվորականներին, մասնավորապես՝ զորամասերի հրամանատարներին, եւ նրանց խոստումներով կերակրում, թե կլուծեն նրանց հարցերը, օրինակ՝ կմարեն վարկերը կամ կներեն նախկինում արված ինչ-որ սխալներ, կօգնեն անտոկոս վարկեր ստանալ, հողամաս ձեռք բերել կադաստրային էժան գներով։ Այժմ էլ, փաստորեն, փորձ է արվում իրենց կողմը գրավել նախաքննական մարմինների ուշադրության կենտրոնում հայտնված զինվորականներին:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի պաշտոնի համար վերջին օրերին ավելի ակտիվ պայքար է սկսել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանը: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ կառավարությունում եւս նախարարի ժ/պ Վահրամ Դումանյանի դեմ դավեր են նյութում, որպեսզի ՀՀ վարչապետի ժ/պ Նիկոլ Փաշինյանը նրան պաշտոնանկ անի, ու Հայրապետյանը նշանակվի նախարարի պաշտոնում: Ըստ այդ տեղեկությունների՝ Դումանյանի ոտքի տակը փորում են ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ու ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանը: Վերջիններս ամեն առիթով վատաբանում են Դումանյանին, որ նա ձախողել է նախարարության աշխատանքը, որպեսզի նրան հեռացնեն պաշտոնից: Երեկ կառավարությունը ընդունեց որոշում, որով բուհերի կանոնադրությունը փոխվեց, առանց բուհերի եւ ռեկտորների համաձայնության եւ նրանց հետ քննարկման։ Ռեկտորները կոշտ հայտարարությամբ հանդես եկան, բայց դա չխանգարեց կառավարությանը միջամտել բուհական ինքնավարությանը։ Սա արվեց, որպեսզի Վահրամ Դումանյանին Երեւանի պետական համալսարանի ռեկտոր նշանակեն, իսկ Մխիթար Հայրապետյանին՝ նախարար՝ իրագործելով նրա վաղեմի երազանքը։ Մեր հարցին՝ Դուք գնում եք արդյոք գործադիր մարմին, Մխիթար Հայրապետյանը հայտարարեց.« No comment»:
Ե րեւանի Աէրացիայի կեղտաջրերի մաքրման նոր կայանի շուրջ մեծ աղմուկ է բարձրանում։ Մաքրման այս կայանը պետք է շահագործման հանձնվեր դեռեւս 2016 թվականին, ավելին՝ կայանի ստեղծման համար ծախսվել են միլիարդներ, բայց այն դեռ չի շահագործվում։ Մասնագետների խոսքերով՝ անմխիթար վիճակում գտնվող ու գրեթե անարդյունավետ այս կայանի վերականգնումը Հրազդան գետի մաքրման միակ փրկությունը կլինի։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ հաշվեքննիչ պալատն ուսումնասիրություն է իրականացրել Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունում։ Ըստ պալատի՝ Երեւանի Աէրացիայի կեղտաջրերի մաքրման նոր կայանը կառուցվել է 2015-2017 թվականներին՝ 2008թ. հոկտեմբերի 1-ին ուժի մեջ մտած ՀՀ կառավարության եւ Ֆրանսիայի կառավարության ֆինանսական արձանագրության համաձայն։ Ծրագրով նախատեսվել է վերականգնել ջրազատման «Աէրացիա» կայանը կեղտաջրերի սկզբնական եւ ցեխանստվածքների նախնական մշակումը բարելավելու միջոցով։ Ծրագրի 24.4 մլն եվրո արժեքից 10.5 մլն եվրոն ուղղվել է նոր կայանի կառուցմանը։ Երեւանի ջրմատակարարման եւ ջրահեռացման բարելավման ծրագրի իրականացման նպատակով 2016 թվականի նոյեմբերի 21-ին ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի եւ «Վեոլիա Օ Ժեներալ դեզ Օ» կոմանդիտային բաժնետիրկան ընկերության միջեւ ստորագրվել է վարձակալության պայմանագիր, որի համաձայն՝ վարձակալությամբ հանձնվել են կոյուղու մաքրման 6 կայանները, այդ թվում՝ Երեւանի «Աէրացիա» «հին» մաքրման կայանի կառուցվածքները։ Սակայն այդ գույքը 2017 թվականից ի վեր այդպես էլ սահմանված կարգով չի անցել փորձաքննություն, չի ընդունվել եւ չի հաշվառվել, որի արդյունքում այն չի ստացել նաեւ պետական սեփականության կարգավիճակ եւ չի շահագործվել ըստ նպատակային նշանակության, մինչդեռ ՀՀ «Շրջակա միջավայրի մոնիթորինգի եւ տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից Երեւան քաղաքից 9կմ ներքեւ հատվածում իրականացված Հրազդան գետի ջրի որակի մոնիթորինգի արդյունքում այդ դիտակետում 2014-2019թթ ընթացքում ջրի որակը գնահատվել է բացառապես 5-րդ դասի, այսինքն՝ վատ որակի՝ պայմանավորված Երեւան քաղաքի չմաքրված կոմունալ-կենցաղային կեղտաջրերի ազդեցությամբ: