«ԿՈՌՈՒՊՑԻԱ ՉԿԱ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ». ՊԱՏԳԱՄԱՎՈՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իշխանության ո՞ր խոստումն է այս երեք տարիների ընթացքում իրականություն դարձել: ArmLur.am-ը փորձել է երեկ այս հարցի պատասխանը ստանալ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Ցիրունյանից: «Կոռուպցիան, իհարկե, վերացրինք, որքան որ հասցրինք, մնացածն էլ կանենք: Համակարգային կոռուպցիա է՛լ չկա: Դժվար տարիներ են եղել՝ պատերազմ, հնարավորինս արագ սոցիալական հարցերը լուծվել են»,- նշեց նա:

 

-Պարո՛ն Ցիրունյան, մի օրինակ ասացե՛ք, որ այս 3 տարիների ընթացքում ձեր իշխանությունը խոստացավ ու կարողացավ իրագործել: Ո՞ր խոստումը 3 տարիների ընթացքում իրականություն դարձրիք:

-Նախ՝ ասեք՝ ինչ ենք խոստացել, որ չենք իրականացրել:

-Օրինակ՝ սոցիալական հարցե՞ր կարողացաք լուծել, դատական համակա՞րգը կարգավորեցիք, կոռուպցիա՞ն վերացրիք. ի՞նչ կարողացաք անել:

-Ինչքան որ հասցրինք, կոռուպցիան վերացրինք, մնացածը կշարունակենք: Մեր երկրում համակարգային կոռուպցիա չկա: Ինչ վերաբերում է սոցիալական խնդիրներին, բոլորս էլ այս ազգի ներկայացուցիչ ենք, այստեղ ենք ապրում, խնդիրները բոլորիս է վերաբերել: Դժվար տարիներ են եղել՝ պատերազմ, հնարավորինս սոցիալական հարցերը լուծվել են: Ե՛վ կորոնավիրուսի, ե՛ւ պատերազմի հետեւանքներով տասնապատիկ պետական ծրագրերով, որքան հնարավորություն է եղել, մարդիկ  փոխհատուցվել են, որպեսզի դուրս գանք այս վիճակից:

-Կոռուպցիայի մասով մի հավելում անեմ. Սերժ Սարգսյանը իր վերջին հարցազրույցում ասաց, որ ինչքան էլ իշխանությունը իր իշխանությանն էր մեղադրում կոռումպացված լինելու մեջ, այս իշխանությունը չի տարբերվում նախորդից: Կոռուպցիա կա, շարունակում է լինել տարբեր ոլորտներում : Համակարծի՞ք եք:

-Ոչ, իհարկե համակարծիք չեմ: Կարելի է նստել ու ասել՝ այս ինչ բանը կա, այլմոլորակայինները կան, բայց պետք է այդ ամենն ապացուցել եւ փաստեր ներկայացնել: Մենք նման փաստեր չունենք, ընդհակառակը, ունենք հենց իրենց ղեկավարած ժամանակ ահռելի քանակությամբ գործեր, որոնք շուտով նոր օրենքի պայմաններում կսկսեն քննվել:

-Օրինակ՝ Երեւանի քաղաքապետարանում չկա՞ կոռուպցիա, չե՞ք նկատել:

-Ես ավագանի եղած ժամանակ ու որպես պատգամավոր կոռուպցիայի չեմ հանդիպել քաղաքապետարանում: Եթե ես հանդիպեի կոռուպցիայի, նրանք պատժված կլինեին:

-Ատկատներ չկա՞ն, կամ գնումների գործընթացում խախտումներ չկա՞ն:

-Ես գնումների գործընթացին շատ մասնակից չեմ եղել, բայց շատ ուշադիր հետեւել եմ եւ ասում եմ, որ հիմա նման բաներ չկան: Համակարգային կոռուպցիա մեր պետությունում չկա, քանդված, խարխլված է:

-Ինչո՞ւ պետք է ժողովուրդը ձեր իշխանությանը ձայն տա, հանուն ինչի՞:

-Ժողովուրդը, ինչպես նաեւ մենք՝ բոլորս, հարց ենք տալիս, թե որն է մեր պետության համար լինելու լավը, որն է լինելու մեր ապագայի տեսլականը: Ժողովուրդը ամեն ինչ գլոբալ առումով իր մեջ միասնական մեկ մարմին է եւ ընտրությունների ժամանակ կասի իր խոսքը:

-Դուք չե՞ք կարծում, որ ընդդիմության՝ Ռոբերտ Քոչարյանի, Արթուր Վանեցյանի, Հանրապետականների ռեյտինգն այս պահին ավելի բարձր է, քան իշխանությանը:

-Ես չեմ համարում Ձեր նշած մարդկանց ընդդիմություն: Ընդդիմությունը նորմալ կառույց է, քաղաքական գործիչներ պետք է լինեն, որոնք ոչնչով վարկաբեկված չեն: Ինչպե՞ս կարելի է կորցնել իշխանություն նշածս պայմաններում, հետո գալ ասել՝ մենք ենք ընդդիմությունը: Ինձ համար նրանք ընդդիմություն չեն:

-Ո՞վ է Ձեզ համար ընդդիմություն:

-Չեմ ուզում այս պահին պատասխանել:

-Հաջորդ խորհրդարանում Դուք լինելո՞ւ եք: Իշխանությունը գո՞հ է Ձեր կատարած աշխատանքից, ընտությունների ցուցակում ընդգրկվե՞լ եք:

-Ես միշտ եղել եմ կուսակցական մարմնում կատարող: Եթե մեր կուսակցությունը գտնի, որ ես այսինչ դիրքում, այսինչ գործունեությունում պետք եմ գալու մեր պետությանը օգտակար աշխատանքով, ես դա այդպես էլ կանեմ: Ինձ համար կարեւորը աշխատանքն ու արդյունքն է:

-Խորհրդարանում Դուք Ձեր կատարած աշխատանքից գո՞հ եք:

-Դեկտեմբեր ամսից պատգամավոր եմ, չեմ կարող ասել, որ գոհ եմ կամ դժգոհ եմ: Ընտելացել եմ, եւ ավելի շատ դրական է:Կարծում եմ, որ ամեն ինչ լավ է լինելու:

-Հաջորդ իշխանությունը դո՞ւք եք:

-Ես չեմ ուզում հայտարարություն անել. մեծամտություն կդիտվի: Ժողովուրդը կորոշի. ում ընտրի, նրանք էլ լինելու են իշխանություն:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

 

 

ՈՐՈՇՈՒՄ՝ ՕՆԻԿ ԳԱՍՊԱՐՅԱՆԻ ՄԱՍՈՎ

Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի մասով ՀՀ վարչական վերաքննիչ դատարանը նոր որոշում է կայացրել: ArmLur.am-ի հետ զրույցում Օնիկ Գսպարյանի պաշտպան Արթուր Հովհաննիսյանը ներկայացրեց, թե ինչ հարցով էին դիմել ՀՀ վարչական վերաքննիչ դատարան:

 

Հիշեցնենք, որ ՀՀ վարչական դատարանը՝ դատավոր Լիանա Հակոբյանի նախագահությամբ, վերադարձրել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի հայցադիմումը՝ ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ նախագահ Արմեն Սարգսյանի։ Որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանում այն ստանալուց հետո՝ 5-օրյա ժամկետում:

Հիշեցնենք, որ Օնիկ Գասպարյանի փաստաբան Արթուր Հովհաննիսյանը հայցադիմում էր ներկայացրել ՀՀ վարչական դատարան՝ ընդդեմ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի եւ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ խնդրելով առ ոչինչ ճանաչել իրավունքի ուժով ընդունված հանրապետության նախագահի՝ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ հրամանագիրը, ինչը հաստատվել է 2021 թ. մարտի 10-ի վարչապետի՝ Օնիկ Գասպարյանին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պաշտոնից իրավունքի ուժով ազատված համարելու մասին հայտարարությամբ:

ՀՀ կառավարությունը մարտի 22-ին հայտարարությամբ հանդես եկավ՝ նշելով, որ Արտակ Դավթյանն իրավունքի ուժով համարվում է նշանակված ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պաշտոնին, մինչդեռ օրեր առաջ ՀՀ վարչական դատարանը, դատավոր Մհեր Պետրոսյանի նախագահությամբ, բավարարել է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի գործով հայցի ապահովման միջոց կիրառելու մասին փաստաբանի միջնորդությունը, որով պահանջվել էր կասեցնել Օնիկ Գասպարյանի պաշտոնանկությունը մինչեւ գործով վերջնական դատական ակտի կայացումը։

Նշենք, որ Վարչական դատարանի որոշումից հետո վարչապետի աշխատակազմը հայտարարություն էր տարածել՝ պնդելով, որ Օնիկ Գասպարյանն ազատված է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնից։

Դեռեւս փետրվարի 25-ին Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնել էր, որ որոշում է կայացրել պաշտոնից ազատել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին: Նույն օրը՝ ավելի վաղ, ՀՀ զինված ուժերը պահանջել էր ՀՀ վարչապետի եւ կառավարության հրաժարականը։

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ՆԱԽԱԳԱՀԻՆ ԲԵՐՄԱՆ ԵՆ ԵՆԹԱՐԿԵԼ

ArmLur.am-ի հավաստի տեղեկությունների համաձայն՝ իրավապահները բերման են ենթարկել «Հայդուկ» ՀԿ նախագահ Կարեն Բաբայանին: Մասնավորապես, մեզ հասած տեղեկություների համաձայն՝ ապրիլի 30-ին Անդրանիկի փողոցի 130 շենքի բակից ապօրինի զենք-ռազմամթերք պահելու եւ կրելու կասկածանքով իր կողմից վարվող «Մերսեդեսե 35 TR 344 մեքենայով բերման են ենթարկել Կարեն Բաբայանին, ում մոտից անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է 1988թ. արտադրության «Մակարով» տեսակի CM 5440 ատրճանակ՝ փամփշտատուփով՝ 9մմ տ/չ 8 փամփուշտով, իսկ ա/մ-ի զննությամբ Կ. Բաբայանը ձախ դռան բռնակի դարակից ներկայացրել է 9մմ տ/չ 14 փամփուշտ, որոնք պատկանել են արցախյան պատերազմի մասնակից իր հանգուցյալ հորը՝ Մուշեղ Բաբայանին: Մեզ հայտնի դարձավ, որ ավելի ուշ Կարեն Բաբայանը բաց է թողնվել: Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննւթյուն: Նախապատրաստվում են նյութեր:

 

 

ՀԱՆԴԻՊՈՒՄ՝ ԱԺ-ՈՒՄ

Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի Բադեյան պետական քոլեջի ուսանողները եւ դասախոսական անձնակազմը երեկ խորհրդարանում էր: ԱԺ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանի հրավերով քոլեջի անձնակազմը եղավ խորհրդարանի օթյակում ու հետեւեց օրենսդիրների աշխատանքին:  «Բաց դռներ» ծրագրի  շրջանակներում քոլեջի անձնակազմը հանդիպում ունեցավ ԱԺ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանի հետ, որտեղ շատ անկեղծ զրույց տեղի ունեցավ պատգամավորի ու քոլեջի անձնակազմի միջեւ: Հանդիպման մեկնարկից առաջ ուսանողները ծաղիկներ նվիրեցին պատգամավորին: Քոլեջի սաները հարցեր հնչեցրին ու ստացան իրենց հուզող հարցերի պատասխանները: Պայմանավորվեցին, որ հետեւողական կլինեն իրենց բարձրացրած հարցերին լուծումներ գտնելու համար: Ուսանողներն ու դասախոսները, ձեւավորված ավանդույթի համաձայն, շրջեցին ԱԺ շենքում, եղան ԱԺ թանգարանում եւ գրադարանում: Այնուհետեւ պատգամավորի ուղեկցությամբ քոլեջի անձնակազմը եղավ խորհրդարանի նիստերի դահլիճում, լուսանկարվեցին ու բաժանվեցին:

 




Լրահոս