Ադրբեջանա-իրանական պետական սահմանին զինված միջադեպ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով Ադրբեջանի սահմանապահ ծառայությանը։
Հաղորդագրության համաձայն՝ սահմանապահ զորքերի «Գյոյթեփե» սահմանապահ ուղեկալի ծառայողները Իրանի տարածքից Ադրբեջանի ուղղությամբ շարժվող անձանց են նկատել։
Անմիջապես բարձրացվել է տագնապ, տարածքը շրջափակվել է, և ձեռնարկվել են միջոցառումներ՝ պետական սահմանի խախտումը կանխելու համար։
Ադրբեջանական կողմի փոխանցմամբ՝ սահմանախախտներին կանգ առնելու հրաման է տրվել, սակայն նրանք չեն ենթարկվել։ Հետապնդման ընթացքում սահմանապահները նախազգուշական կրակոցներ են արձակել օդ։
Նշվում է, որ անձանցից մեկը զինված դիմադրություն է ցույց տվել և կրակ բացել՝ վտանգելով սահմանապահների կյանքը։
Հաղորդագրության համաձայն՝ նրան վնասազերծելու նպատակով սահմանապահները զենք են կիրառել։ Միջադեպի մասին իրանական կողմը տեղեկացվել է, իսկ դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։
Միջադեպի վերաբերյալ իրանական կողմի մեկնաբանությունն առայժմ ներկայացված չէ։
Անի Վարդանյան




























