Այսօր բազմաթիվ քաղաքացիներ չեն կարողացել օգտվել հանրային տրանսպորտից, քանի որ երթուղի դուրս չէին եկել թիվ 35, 20, 5, 45, 38, 33, 26, 4 եւ մի շարք այլ երթուղիներ սպասարկող ավտոբուսներ: Նշված ավտոբուսների վարորդներն այսօր հրաժարվել են դուրս գալ երթուղի՝ վառելիք չունեն: Վարորդները վաղ առավոտից բողոքի ակցիա էին անում։ Նրանց խոսքերով, տեւական ժամանակ է, ինչ «Սի-Փի-Էս Օիլ» ընկերությունն իրենց վառելիք չի տրամադրվում, որ դուրս գան աշխատանքի:
Վարորդների բողոքի ակցիայից մի քանի ժամ հետո հայտնվեց Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը եւ հայտարարեց, որ «Երեւանի ավտոբուս» ՓԲԸ-ի դիզվառելիքի մատակարարման խնդիրն այս պահին լուծվում է, մատակարարումը վերսկսվել է:
Այնուամենայնիվ, ArmLur.am-ը Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Էդգար Գալստյանից հետաքրքրվեց՝ թե ում աշխատանքի թերացման պատճառով է, որ ավտոբուսները երթուղի դուրս չեն եկել:
Ի դեպ, ArmLur.am-ի այցի ժամանակ ավտոպարկ ժամանեց «Սի-Փի-Էս»-ի բենզինով լցված մեքենան: Վարորդները ծափերով դիմավորեցին:
Մինչ «Երեւանի ավտոբուս» ՓԲԸ-ն պատճառաբանում էր, որ վառելիք մատակարարող CPS–ը չի կատարում իր պարտավորությունները, այս ընթացքում «Սի-Փի-Էս»-ը շտապեց հայտարարել, որ իրենք այս հարցում մեղավոր չեն: Պարզվում է՝ «Երեւանի ավտոբուս» ՓԲԸ-ն պարտք է ընկերությանը: «Երևանի Ավտոբուս» ՓԲ ընկերության կողմից պայմանագրային պարտավորությունների խախտման և վճարման ոչ բարեխիղճ (պարբերաբար ուշացումներով) կատարման հետևանքով «ՍԻՓԻԷՍ ՕԻԼ» ՍՊ ընկերության նկատմամբ «Երևանի Ավտոբուս» ՓԲ ընկերության պարտքը երկարատև ժամանակ կազմել է ավելի քան 190 միլիոն ՀՀ դրամ, ինչը ֆինանսական խնդիրներ է ստեղծում մեր ընկերության համար:
«Երևանի Ավտոբուս» ՓԲ ընկերության ղեկավարությունն է, որն ընդամենը մեկ օր առաջ է կատարել ընդհանուր պարտքի միայն մի մասի վճարումը (մայիսի 12–ի դրությամբ պարտքն ավելի քան 75 մլն ՀՀ դրամ է)։
«Եթե կարճ, ապա վառելիքի մատակարարման դադարեցման պատճառը մեր գործընկերների անբարեխիղճ վարքագիծն է։ Մենք վառելիք ենք տալիս, որի դիմաց ամիսներով չեն վճարվում եւ չեն ընդունում պարտքերը ինչպես բոլորը կվարվեին նման դեպքում։ Երբ համբերության բաժակը լցվում է, ստիպված ես լինում հետևել պայմանագրի տառին»:
Թե այս պատմության մեջ ով է մեղավոր, ցույց կտա ժամանակը, բայց նկատենք, որ ոչ միայն «Երեւանի ավտոբուս» ՓԲԸ-ի ղեկավարությունը, այլեւ Երեւանի քաղաքապետարանը՝ սկսած քաղաքապետ Հայկ Մարությանից, թերացել են այս հարցում:
Ս.Հ.
Հ.Հ.