Ադրբեջանի կողմից Սյունիքում պետական սահմանը հատելու եւ տարածքային ամբողջականությունը խախտելու փաստի առթիվ քրգործ է հարուցվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդբեջանի ԶՈՒ–երի զինծառայողների կողմից ՀՀ պետական սահմանը Սյունիքի մարզի Սեւ լիճ հատվածում հատելու եւ ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելու փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել։

«ՀՀ Գորիսի կայազորի զինվորական դատախազության հանձնարարությամբ ՀՀ ՊՆ Սիսիանի ռազմական ոստիկանության բաժնում նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2021թ.-ի մայիսի 12-ին՝ ժամը 08:00-ի սահմաններում, Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի մի խումբ զինված զինծառայողներ, ԱՀ ԶՈւ մի քանի զորամիավորումների հրամանատարների կազմակերպմամբ, առանց թույլտվության հատել են ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի վարչական տարածքում գտնվող՝ Սեւ լճի հատվածում պահպանվող պետական սահմանը: Մոտ 3-3.5 կմ առաջանալով ՀՀ տարածքով, նրանք դիրքավորվել են բարենպաստ բարձունքներից մեկի վրա եւ նրանց մոտեցած ՀՀ ԶՈւ զինծառայողների հասցեին բռնություն գործադրելու սպառնալիքներ հնչեցնելով հայտնել, որ այդ տարածքը պատկանում է Ադրբեջանին, չեն թույլտարում առաջանալ, իսկ առաջանալու դեպքում սպառնացել են զենք կիրառել:

Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առկա են Ադրբեջանի ԶՈՒ-ի զինծառայողների կողմից ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելու եւ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով ՀՀ տարածքի մասն այլ պետությանը հանձնելուն ուղղված գործողություններ կատարելու հանցագործությունների հատկանիշներ պարունակող տվյալներ՝ Գորիսի կայազորի զինվորական դատախազությունում հարուցվել է քրեական գործ ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի երկրորդ մասի եւ 300.2-րդ հոդվածի հատկանիշներով:

Քրեական գործով նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ ՔԿ ԶՔԳՎ 9-րդ կայազորային քննչական բաժնին:

Միաժամանակ, Սեւանի եւ Եղեգնաձորի կայազորների զինվորական դատախազությունների հանձնարարությամբ ՀՀ ՊՆ Վարդենիսի եւ Սիսիանի ՌՈ բաժիններում եւս նյութեր են նախապատրաստվում համապատասխանաբար ՀՀ Գեղարքունիքի եւ Սյունիքի մարզերում պետական սահմանի առանձին հատվածներում եւս այսօր արձանագրված նմանատիպ դրսեւորումների հանգամանքները պարզելու նպատակով»,– ասվում է հաղորդագրությունում։




Լրահոս