ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վթարների թիվն ավելացել է. աճել է նաեւ զոհերի ու վիրավորների թիվը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս տարվա երեք ամիսներին պաշտոնական վիճակագրությունը ցույց է տալիս, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատած` ճանապարհատրանսպորտային պատահարների թիվն ավելացել է, աճել է նաեւ զոհերի ու վիրավորների թիվը: ArmLur.am-ը տեղեկացավ, որ այս տարվա հունվար-մարտ ամիսներին մեր հանրապետությունում արձանագրվել է 1028 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետեւանքով զոհվել է 91, վիրավորվել՝ 1547 մարդ:

Մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում Հայաստանում արձանագրված ճանապարհատրանսպորտային պատահարների քանակը կազմել է 910, զոհերի թիվը՝ 69, իսկ վիրավորվել են 1349-ը: Պաշտոնապես, այս տարվա երեք ամիսներին ճանապարհատրանսպորտային պատահարների թիվն աճել է 13 տոկոսով: Բացի այս, ճանապարհատրանսպորտային պատահարների քանակն այս տարվա մարտին ավելացել է նաեւ փետրվար ամսվա համեմատ. 2020 թվականի մարտին մեր հանրապետությունում արձանագրվել է 376 ՃՏՊ, որի հետեւանքով զոհվել է 35, վիրավորվել՝ 569 մարդ: Իսկ ահա փեըտրվար ամսին ՃՏՊ-ների քանակը կազմել է 297, որի հետեւաքնով զոհվել է 19, վիրավորվել 415 մարդ: Սա ըստ մասնագետների մի շրջանակի՝ ավտոպարկի ընդլայնումն է: Վերջին տարիներին Հայաստանում զգալի ավելացել է ավտոմեքենաների քանակը, ինչն արդեն իսկ լուրջ պատճառ է ճանապարհատրանսպորտային պատահարների քանակական ավելացման: Մյուս կողմից, տեղի ունեցող վթարների զգալի մասը վարորդների ոչ պրոֆեսիոնալ վարման հետեւանքն է, քանի որ նրանցից շատերը պարզապես չեն տիրապետում երթեւեկության տարրական կանոններին:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս