Այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողովն (ԿԸՀ) արտահերթ նիստում ընդունել է որոշում՝ ընտրողի նույնականացումն իրականացնելու վերաբերյալ։ ԿԸՀ որոշմամբ մասնավորապես սահմանվել է, որ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2021 թվականի հունիսի 20-ին կայանալիք արտահերթ ընտրությունների քվեարկության ընթացքում ընտրողի ինքնությունը՝ ներկայացված փաստաթղթում առկա լուսանկարի միջոցով ստուգելու նպատակով մասնագետը պահանջում է ընտրողից հեռացնել բժշկական դիմակը կամ ընտրողի նույնականացումն անհնարին դարձնող անհատական պաշտպանության այլ միջոցները:
«Եթե ընտրողը հրաժարվում է հեռացնել դիմակը կամ ընտրողի նույնականացումն անհնարին դարձնող անհատական պաշտպանության այլ միջոցները, ապա մասնագետը ներկայացված փաստաթուղթը չի ներմուծում տեխնիկական սարքավորման մեջ և անմիջապես տեղեկացնում է հանձնաժողովի նախագահին, ով ընտրողին դուրս է հրավիրում տեղամասային կենտրոնից»,- նշվում է ԿԸՀ որոշման մեջ: