Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն ու Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը Բաքվում երեկ կայացած հանդիպմանը քննարկել են Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ կրակը դադարեցնելուց հետո տարածաշրջանի առկա իրավիճակը, հայ-ադրբեջանական սահմանային լարվածությունը, ինպես նաեւ Ադրբեջանի, Իրանի ու Հայաստանի միջեւ հաղորդակցության միջանցքներն ու երկաթուղային ուղիները։ Այդ մասին հայտնում է Ադրբեջանում Իրանի դեսպանությունը։
Հաղորդագրությունում նշվում է, որ հանդիպմանը անդրադարձ է կատարվել նաեւ Ադրբեջանի տարածքի ականազերծման աշխատանքներին եւ տարածաշրջանում ենթակառուցվածքների վերականգնմանը Իրանի մասնակցության հնարավորությունը։
Հունվարին՝ տարածաշրջան այցի ժամանակ, Զարիֆը հայտարարել էր, թե հետպատերազմյան շրջանում Իրանի համար կարմիր գիծը Հայաստանի տարածքային ամբողջականության պահպանումն է:
Երեկ՝ Մոհամադ Զարիֆին ընդունելիս, Ադրբեջանի նախագահն ընդգծել է, որ հիմա ադրբեջանաիրանական հարաբերություններն ամենաբարձր մակարդակում են: Բացի այս, պաշտոնական Բաքուն հուսով է, որ Թեհրանի հետ համատեղ ջանքեր կգործադրեն Հարավային Կովկասում կայուն խաղաղության զարգացման համար:
«Նոր հնարավորություններ են ի հայտ գալիս, նոր մարտահրավերներ՝ կապված տարածաշրջանում նոր հետկոնֆլիկտային իրավիճակի հետ: Իհարկե, Իրանն ու Ադրբեջանը՝ որպես երկու եղբայրական երկրներ, պետք է համակարգեն ջանքերը եւ նպաստեն տարածաշրջանում երկարաժամկետ եւ կայուն խաղաղության հաստատմանը: Ես վստահ եմ, որ Իրանի կառավարությունը կիսում է նույն մոտեցումը», – ասել է Իլհամ Ալիեւը:
Իրանի արտգործնախարարի՝ տարածաշրջան այցի նախօրեին պաշտոնական Անկարան շտապեց հայտարարել, թե առաջիկա շաբաթներին Թուրքիայի նախագահը կայցելի Ադրբեջան:
Իրանի արտգործնախարարը այսօր ժամանելու է Հայաստան։ Ըստ Հայաստանի արտգործնախարարության՝ այցի շրջանակներում նախատեսված են հանդիպումներ նախագահ Արմեն Սարգսյանի, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի եւ արտգործնախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի հետ:
Պաշտոնական Երեւանը հաղորդում է, որ, մայիսի 12-ից սկսած, ադրբեջանական զինուժը առնվազն երեք ուղղություններով ներխուժել է Հայաստանի Հանրապետության տարածք եւ փաստացի ամրացել մի քանի կիլոմետր խորության վրա։ Ադրբեջանի հետ սահմանին ստեղծված իրավիճակի առնչությամբ Հայաստանը պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին, ինչպես նաեւ ՌԴ նախագահին ռազմական օգնության համար:
Իրանը, խստացնելով իր դիրքորոշումը հայ-ադրբեջանական սահմանին շարունակվող լարվածության հարցում, հայտարարել է, որ չի ընդունի սահմանների որեւէ փոփոխություն ու նաեւ այլ ուժերի տեղակայում իր սահմանային տարածքներում: «Իրանի Իսլամական Հանրապետության դիրքորոշումը շատ պարզ է, աներկբա եւ որոշիչ՝ տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականությունը պետք է պահպանվի», – ասել է Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության եւ արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Մոջթաբա Զոլնուրին ռուսական «Սպուտնիկ» լրատվական գործակալության հետ զրույցում:
Անվանական չդատապարտելով ադրբեջանական զինուժի գործողությունները` իրանցի պաշտոնյան, միաժամանակ, պարզորոշ ասել է. «Մեզ համար անընդունելի է, որ Հայաստանի տարածքի մի մասը վերցնեն, եւ մեր սահմանները փոփոխության ենթարկվեն, այսինքն՝ ունենանք նոր հարեւան: Գոյություն ունեցող սահմանները պետք է լիովին պաշտպանվեն, եւ Իսլամական Հանրապետության սահմանը Հայաստանի հետ պետք է պահպանվի»:
Ն.Հ.
ԸՆԴՈՒՆԵԼ Է
Երեկ ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանն ընդունել է Արցախի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ առաքելություն իրականացնող զորախմբի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին: Հանդիպման ընթացքում քննարկվել է Արցախում խաղաղապահ առաքելության ընթացքը։ Ռուստամ Մուրադովը ներկայացրել է գործողությունները, որոնք ձեռնարկվում են ռուսական զորախմբի կողմից հրադադարի ռեժիմի պահպանման ուղղությամբ։ Զրուցակիցները մանրամասն քննարկել են նաեւ ադրբեջանական սադրանքի հետեւանքով հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրադրությունը եւ հայկական կողմի ձեռնարկած գործողությունները:
ՊԵՏՔ Է ՎԵՐԱԿԱՆԳՆՎԻ
Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր, ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինի կարծիքով՝ հայ-ադրբեջանական սահմանին ստատուս-քվոն պետք է վերականգնվի: Ըստ Զատուլինի` արցախյան 44-օրյա պատերազմում պարտությունից հետո մեծ ջանքեր են պահանջվում ՀՀ զինված ուժերի պաշտպանունակությունը, մարտական ոգին վերականգնելու, ինչպես նաեւ այն բանի համար, որ ժողովուրդը հավատա, որ պետությունը կարող է սեփական ուժերով պաշտպանվել։ Նրա խոսքով՝ Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները հասարակության ներքին պառակտման արդյունք են, սակայն, ըստ պատգամավորի, դա ոչ մի կերպ չի արդարացնում պահը որսացող Ադրբեջանի սադրանքները։ «Ադրբեջանը փորձում է էլի ինչ-որ առավելությունների հասնել, ուզում է էլի ինչ-որ բաներ շորթել ու ստանալ։ Սա բացարձակ թափանցիկ իրավիճակ է, այն պետք է ախտորոշվի: Ստատուս-քվոն պետք է վերականգնվի»,- նշել է Զատուլինը։
ԻՐ ԶԵՆՔՈՎ
2021թ. մայիսի 24-ին՝ ժամը 17:45-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի շարահրապարակում պարտադիր ժամկետային զինծառայող Մկրտիչ Հովհաննեսի Հովհաննիսյանն իրեն ամրակցված «ԱԿՄ» տեսակի ինքնաձիգից կրակոց է արձակել իր գլխի շրջանում, որի հետեւանքով ստացել է մահացու հրազենային վնասվածք: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 360.1-րդ հոդվածի 1-ին մասով (Զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը), հարուցվել է քրեական գործ, եւ կատարվում է նախաքննություն:
ՆԱԽԱՐԱՐԸ ԽՈՍԵԼ Է
Երեկ ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել Ավստրիայի ԱԳ նախարար Ալեքսանդր Շալենբերգի հետ: Առանցքային թեման Հայաստանի ինքնիշխան տարածք ադրբեջանական զինված ուժերի ներթափանցման հետեւանքով ստեղծված իրավիճակն էր։ ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատարը մանրամասն ներկայացրեց տեղում վերջին զարգացումները՝ վերահաստատելով Հայաստանի սկզբունքային դիրքորոշումը, որ Ադրբեջանի զինված ուժերը պետք է անհապաղ եւ անվերապահ դուրս բերվեն ՀՀ ինքնիշխան տարածքից:
ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿՎԱՐԻ
Հայաստան է այցելել Իրանի ճանապարհների եւ քաղաքաշինության նախարար Մոհամադ Էսլամին: Այցից առաջ նա հայտարարել է, որ Իրանը մտադիր է Հայաստանի հետ ուղիղ բանակցություններ վարել Հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքում հայկական ուղու օգտագործման վերաբերյալ: «Հյուսիս-հարավ միջանցքի հայկական հատվածի օգտագործումը հիմնական խնդիրներից մեկն է, որն այցի ընթացքում քննարկելու են Իրանի եւ Հայաստանի պաշտոնյաները»,- ասել է նախարարն ու հավելել, որ այցը դրական ազդեցություն կունենա մշակութային, սոցիալական եւ տնտեսական առումով:
ՀՈՒՆԻՍԻ 1-ԻՑ՝ ԲԱՑ
Վրաստանի վարչապետի գլխավորությամբ գործող կորոնավիրուսի տարածման եւ կանխարգելման միջգերատեսչական խորհուրդը որոշում է կայացրել հունիսի 1-ից բացել ցամաքային սահմանները։ Վրաստան հնարավոր կլինի մուտք գործել վերջին 72 ժամվա ընթացքում արված PCR թեստի բացասական պատասխանի առկայության կամ պատվաստման ամբողջ կուրսն (երկու դեղաչափ) անցնելու պարագայում։
ՄԵՂԱԴՐՎՈՒՄ Է
Armlur.am-ին հայտնի դարձավ, որ Դանիել Ամիրաղյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա, ունենալով բարձրագույն բժշկական կրթություն, 2008 թվականից աշխատել է «Նոյեմբերյան բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում՝ որպես վիրաբուժական բաժանմունքի վարիչ: Նա, հանդիսանալով բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող անձ, դրսեւորել է անփույթ վերաբերմունք իր պարտականությունների նկատմամբ. 2020թ. հունվարի 22-ին՝ ժամը 11:00-ի սահմաններում, Նոյեմբերյանի բժշկական կենտրոնում ստացիոնար բուժման ընդունված Բագրատաշեն համայնքի բնակիչուհի Ազգանուշ Փիրումյանին բուժօգնություն ցուցաբերելու ընթացքում իր մասնագիտական պարտականությունները կատարել է ոչ պատշաճ, որը անզգուշությամբ առաջացրել է Ազգանուշ Փիրումյանի մահը:
ՉՊԵՏՔ Է ԳԵՆԵՐԱՑՆԵԼ
«Այն հակառուսական պրոպագանդայի տարափը, որ այսօր շատ ուժեղ լցվում է հայկական տիրույթ, ստիպում է հիշեցնել մի երկու տարրական բան, որոնց մասին հակառուսական թեզեր գեներացնողները մոռանում են»,- հայտարարել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը՝ անդրադառնալով ՀՀ սահմանային իրադրության վերաբերյալ ՌԴ գործողություներին։ «Չգիտես՝ ինչու, միտք է տարածվում մարդկանց մեջ, թե ՌԴ-ից չեկան, չպաշտպանեցին, քայլեր կատարեցին, որոնք մեղմ էին կամ չէին համապատասխանում այս կամ այն պարտավորություններին. դա այդպես չէ։ ՌԴ-ն, լինելով ՀՀ ռազմավարական գործընկեր, առաջին հերթին շարժվում է ՀՀ իշխանության որոշումների ներքո. եթե իշխանությունը որոշում է, որ ներխուժած թուրքի դեմ կռվել պետք չէ, ինչ-որ մեկը հույսե՞ր ունի, որ ռուսը պետք է ասի՝ չէ, մեկ է, պետք է գնանք, կռվենք։ Իշխանությունը որոշել է այս ճանապարհը, իրենք էլ ասում են՝ դուք որոշել եք այս ճանապարհը, մենք էլ, Ձեր գործընկերը լինելով, սատարում ենք Ձեր ընտրած ուղուն»,-հայտարարել է պատգամավորը։ Ըստ Աբովյանի՝ չպետք է գեներացնել տրամադրություններ, որոնք վտանգում են ՀՀ ռազմավարական գործընկերոջ հետ հարաբերությունները։
ԴԱՏԻ Է ՏՎԵԼ
ԴԱՀԿ նախկին պետ, ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանը դատի է տվել ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչությանը: Նա այս տարվա մայիսի 24-ին դիմել է Վարչական դատարան՝ պահանջելով, որ վարչական դատարանը իր վերջին չորս տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու եւ վերջին չորս տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվելու մասին տեղեկանք տրամադրելուն պարտավորեցնի: Հիշեցնենք, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում ՀՀ նախկին գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանը որպես մեղադրյալ է ներգրավվել նաեւ ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցավոր արարք կատարելու, այն է` հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքն օրինականացնելու( փողերի լվացման) համար: Վերջինիս նկատմամբ հայտարարվել էր հետախուզում, եւ նրան ՌԴ-ում կալանավորել էին: Արդյունքում դատախազությունը դիմեց ՌԴ իրավապահներին նրա՝ Հայաստան տեղափոխելու հարցով: ՌԴ գլխավոր դատախազությունից ավելի վաղ ստացված տեղեկատվության համաձայն՝ նախկին պատգամավոր, Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության (ԴԱՀԿ) նախկին պետ Միհրան Պողոսյանին քրեական հետապնդման ենթարկելու նպատակով հանձնելու մասին ՀՀ գլխավոր դատախազության միջնորդության բավարարումը հնարավոր չի համարվել: