ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՐՏԱՎՈՐ Է ՔԱՅԼԵՐ ՁԵՌՆԱՐԿԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը հայտարարել է. «ՀՀ կառավարությունը պարտավոր է ձեռնարկել գործուն քայլեր՝ երաշխավորելու համար ՀՀ ողջ բնակչության, ՀՀ քաղաքացների իրավունքները, իսկ միջազգային հանրությունը պետք է դադարեցնի կրավորական կեցվածքը եւ անհապաղ ձեռնարկի վճռական միջոցներ՝ կանխելու համար ադրբեջանական զինված ուժերի բացահայտ անօրինական, հանցավոր արարքներն ու մարդու իրավունքների շարունակվող խախտումները, նոր խախտումների իրական սպառնալիքները:

 

Մասնավորապես, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հավաքագրած փաստերը եւս հաստատում են, որ 2021 թվականի մայիսի 25-ին Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Վերին Շորժա գյուղական բնակավայրի տարածքում ադրբեջանական զինծառայողները, անօրինական գտնվելով ՀՀ ինքնիշխան տարածքում, ՀՀ զինված ուժերի ծառայողներին ներկայացրել են իրենց գտնվելու վայրը լքելու բացահայտ անօրինական պահանջներ, տվել սպառնալիքներ, իսկ այնուհետեւ հրահրել են քաշքշուկ եւ դիտավորությամբ կրակահերթ արձակելով՝ սպանել են ՀՀ զինծառայողի:

Փաստերի համաձայն` այս միջադեպին նախորդող օրերին նույնպես ադրբեջանական զինվորականները, անօրինական գտնվելով ՀՀ ինքնիշխան տարածքում, պարբերաբար փորձել են սադրել զինված բախումներ ու հրահրել են ծեծկռտուքի դեպքեր: Դրանք տեղի են ունեցել թե՛ Գեղարքունիքում, թե՛ Սյունիքում:

Մարդու իրավունքների պաշտպանը հատուկ է ընդգծում, որ նշված իրավիճակներն իրական վտանգ են նաեւ ՀՀ քաղաքացիական բնակչության համար: Խոսքն այն վայրերի մասին է, որոնք ծառայում են խոտհարք ու արոտավայր քաղաքացիական բնակիչների համար: Նրանք այդ վայրերում արածեցնում են իրենց մանր ու խոշոր եղջերավոր կենդանիներին, ինչպես նաեւ բնակվում են գարնան, ամառվա ու աշնան ամիսներին:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի համոզմամբ` ադրբեջանական զինված ծառայողների նկարագրված կոնկրետ արարքները լուրջ սպառնալիք են, որոնք իրականում ուղղված են ՀՀ Գեղարքունիքի եւ Սյունիքի քաղաքացիական բնակչության դեմ (օրինակ՝ նրանց անօրինական առաջանալու փորձերը Խոզնավար, Վերիշեն, Ակներ, Կութ, Այրք, Վերին Շորժա գյուղերի ուղղությամբ եւ այլն):

Այդ արարքները պետք է դիտարկել 2021թ. մայիսի 12-ին ու 13-ին ՀՀ ինքնիշխան տարածք անօրինական ներխուժելու եւ Գեղարքունիքի ու Սյունիքի գյուղերի հովիվներին զենքի ցուցադրումով սպանության ու գերեվարելու սպառնալիքներ տալու, սահմանային հատվածներում` գյուղերի հարեւանությամբ սադրանքներ հրահրելու, քաղաքացիական բնակչության մոտ լարվածություն առաջացնելու համատեքստում:

Ադրբեջանական զինված ուժերի նկարագրված արարքները պետք է դիտարկել նաեւ ադրբեջանական բարձրագույն իշխանությունների հայատյացության ու թշնամանքի քաղաքականության համատեքստում: Պետք է հաշվի առնել պատերազմից հետո ադրբեջանական զինվորականների պարբերական հանցավոր արարքները ՀՀ սահմանային բնակիչների նկատմամբ (Գորիսից Կապան ճանապարհին քարերով ՀՀ քաղաքացիական մեքենային հարվածելը, Արավուսի հովիվին քաշքշելը ու աչքին հարվածելը, Կապանից Ճակատեն գյուղ տանող ճանապարհը ադրբեջանական մեքենայով փակելը ու գյուղերի բնակիչների ազատ տեղաշարժի իրավունքը կոպիտ խախտելը, ՀՀ սահմանային բնակիչներին` հովիվներին զենքի ցուցադրումով սպառնալը, ադրբեջանական վերահսկողության ներքո տարածքներ անցած կենդանիներին չվերադարձնելը եւ այլ միջադեպեր):

Այսինքն՝ ակնհայտ է, որ խոսքը ՀՀ ողջ բնակչությանը, ՀՀ քաղաքացիներին ուղղված ադրբեջանական զինված ուժերի իրական սպառնալիքի մասին է, որը խաթարում է խաղաղությունն ու անվտանգությունը տարածաշրջանում:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը կշարունակի միջազգային մարմիններին ուղարկել փաստերի վրա հիմնված զեկույցներ եւ հաղորդումներ՝ տեղում առկա իրական վիճակի մասին»:

 

 

ԴԻԱԿԸ՝ ԿԻՍԱՆԵԽԱԾ ՎԻՃԱԿՈՒՄ

Թաթուլ Կրպեյանի զբոսայգում նախօրեին հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող տղամարդու դիակը: Ոստիկանության փոխանցմամբ՝ մայիսի 25-ին ոստիկանության Նոր Նորքի բաժին հաղորդում էր ստացվել, որ Թաթուլ Կրպեյանի անվան զբոսայգում դիակ կա: Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է մայիսի 15-ից որպես անհետ կորած որոնվող, 1984թ. ծնված Գոռ Համբարձումյանի դիակը՝ կիսանեխած վիճակում: Դիակի արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Նախապատրաստվում են նյութեր: Հիշեցնենք, որ Գ. Համբարձումյանը մայիսի 13-ին դուրս է եկել տնից եւ չի վերադարձել։ Նա որոնվում էր որպես անհետ կորած:

 

 

ՄԵՂԱԴՐԱՆՔ՝ ԱՄԲԻՈՆԻ ՎԱՐԻՉԻՆ

Հայաստանի Հանրապետության  քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում ավարտվել է «Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի ֆակուլտետներից մեկի ամբիոնի վարիչի կողմից մի շարք ուսանողների ընթացիկ քննությունների, ստուգարքների, կուրսային եւ բուհի ավարտական աշխատանքների դրական արդյունքներն ապահովելու համար առեւտրային կաշառք, կաշառք ստանալու, ինչպես նաեւ մեկ այլ անձի կողմից դրանց օժանդակելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ ՔԿ-ից հայտնել են, որ պարզվել է, որ ամբիոնի վարիչը, պատասխանատվություն կրելով քննաշրջանների եւ ամփոփիչ, ավարտական քննությունների արդյունքների համար, Վանաձորի բնակչուհու հետ համաձայնության գալով, պարբերաբար ստացել է ուսանողներից վերցված տարբեր չափերի կաշառք-գումարներ, որոնց մի մասը տվել է միջնորդին, իսկ ուսանողների կուրսային աշխատանքները, քննությունները, ստուգարքները, ավարտական աշխատանքների պաշտպանությունները գնահատվել են դրական:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ ամբիոնի վարիչին մեղադրանք է առաջադրվել, եւ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել գրավը: Ինչպես նաեւ մեղադրանք է առաջադրվել Վանաձորի բնակչուհուն, եւ նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին։ Նախաքննությունն ավարտվել է, եւ քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

 

 

ՊԱՇՏՈՆԱՆԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԼԻՆԵՆ

Պաշտպանության նախարարությունում առաջիկայում նոր պաշտոնանկություններ կլինեն: Մասնավորապես, ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ պաշտպանության նախարարությունում այս օրերին լուրջ խոսակցություններ են այն մասին, որ պաշտոնից կազատվեն նաեւ ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի վարչության պետ Արմեն Վարդանյանը, ՀՀ ԶՈՒ սպառազինության վարչության պետ, գեներալ-մայոր Պողոս Պողոսյանը, ՀՀ ԶՈՒ ինժեներական զորքերի վարչության պետ, գեներալ-մայոր Իշխան Մաթեւոսյանը: Ասել է թե՝ ՊՆ-ում նոր նշանակումներին զուգահեռ որոշ վարչության պետերի ազատման հարցն է ակտիվ քննարկվում: Ինչպես հայտնի է, ՀՀ նախագահի հրամանագրով՝ Էդվարդ Ասրյանը նշանակվել է ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության պետ-ԳՇ պետի տեղակալ։ Ի դեպ, Ասրյանին տարիներ առաջ հեռացրել էին 5-րդ պաշտպնական շրջանի հրամանատարի պաշտոնից վատ կառավարման համար, սակայն ՊՆ-ում նրան համարում են գրագետ սպա: Ավելին, ըստ լուրերի՝ նրան լռեցրին՝ պաշտոն տալով: Բանն այն է, որ ՊՆ գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը ստորագրել էր Օնիկ Գասպարյանի հայտարության տակ եւ պահանջում էր վարչապետի հրաժարականը, իսկ հիմա նոր պաշտոն ստացավ, ուստի վարչապետի հրաժարականի պահանջն էլ մնաց սարերի հետեւում:

 

 

ՀՐԱԶԵՆԱՅԻՆ ՎՆԱՍՎԱԾՔ

2021թ. մայիսի 25-ին` ժամը 19:30-ին, «Շենգավիթ» բկ-ից հաղորդում է ստացվել, որ հրազենային վնասվածքով բուժօգնության է դիմել 27-ամյա երիտասարդ: Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից։ Պարզվել է, որ  նույն օրը ենթադրյալ հանցագործություն կատարած անձը  իր մոտ ապօրինի պահվող հրազենից կրակոց է արձակել երիտասարդի ուղղությամբ, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չի հասցրել: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին եւ 235-րդ հոդվածի 1-ին մասերով։ Երիտասարդը տուժող է ճանաչվել: Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի արդյունքում տուժողին պատկանող ավտոմեքենայի վրա հայտնաբերվել են հրազենային վնասվածքներ եւ արնանման հետքեր: Առգրավվել են տուժողի հագուստները եւ վերջինիս մարմնից հանված մետաղյա բեկորները։

Հարցաքննվել են մի շարք անձինք, նշանակվել են դատաբժշկական եւ դատաձգաբանական փորձաքննություններ։ Կատարվում է նախաքննություն:

 

 




Լրահոս