ArmLur.am-ը զրուցել է ՔՊ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանի հետ` պարզելու համար, թե ինչպես են պատրաստվում կոմպրոմիսի գալ խորհրդարանի նորընտիր ընդդիմության հետ, երբ վերջիններս պահանջում են միայն այն դեպքում շարունակել իրենց աշխատանքը, երբ ազատ կարձակվեն իրենց երկու գործընկերները:
-Ինչպե՞ս եք պատկերացնում նոր ընդդիմության հետ խորհրդարանում ձեր աշխատանքը, քանի որ խորհրդարանի աշխատանքները մեկնարկել են, բայց լեզու չեք կարողանում գտնել մեկ հարցի շուրջ: Կոմպրոմիսի կգնա՞ ընդդիմությունը ձեզ հետ, թե՞ պայքարը կշարունակվի:
-Ես կարծում եմ, որ ժամանակի ընթացքում այս ամենը կտեղափոխվի երկխոսության դաշտ, հետագայում նաեւ՝ կառուցողական համագործակցության դաշտ:
-Պարո՛ն Արսենյան ինչո՞ւ զիջումների չեք գնում եւ իրենց երկու գործընկերներին բերում խորհրդարան այս հարցին մեկընդմիշտ լուծում տալու համար:
-Խորհրդարանի իրավասությունների մեջ չի մտնում իրավական դաշտում մասնակցություն ունենալ եւ իր կողմից կայացրած որոշումների հետեւանքով ազդեցություն արդարադատության իրականացման պրոցեսի վրա: Եթե կան մասնագիտական բացթողումներ, ապա դրանց վերաբերյալ մենք պետք է ունենանք համապատասխան տեղեկատվություն, բայց հիմա այդպիսի բան չկա:
-Ընդդիմությունը պնդում է, որ դատախազությունը ձեզ է ենթարկվում, դրա համար դուք էլ անում եք այն, ինչ ցանկանում եք: Այսինքն՝ իրավապահ համակարգը սպասում է իշխանության թույլտվությանը:
-Ես կարծում եմ, որ ընդդիմության կողմից նմանատիպ պնդումներ լինելու են հաջորդ 5 տարվա ընթացքում, որովհետեւ ընդդիմության սրբազան իրավունքն է հասարակությանը տրամարդել իշխանության դեմ, դրանով հույս ունեն, որ կհասնեն ընտրողների համակրանքին ու կունենան մեծ աջակցություն: Որպես մարտավարություն՝ սա կարող ենք հասկանալ, բայց սա կիրառական նշանակություն չի ունենա, որովհետեւ մենք գիտենք, որ դատախազությունը գործադիր իշխանությանը կցորդ չէ: Դատախազությունը պետության շահերի պաշտպանն է:
-Իշխանությունն այս ընդդիմությունից վախ ունի՞:
-Չէի ասի, որ մենք որեւէ զգացողություն ունենք, որը նման է վախի: Ունենք զգուշություն, որը կարելի է ձեւակերպել այդկերպ: Ընդդիմության կողմից դրսում ակցիաներ իրականացնելու ժամանակ որոշակի կարմիր գծեր անցան՝ բեմադրություններ, մահվան կոչեր, սպառնալիքներ: Կարծում եմ, որ դա էլ էր պայմանավորված ինչ-որ հետպատերազմյան հարվածի արդյունքների հետ:
-Կարծում եք, որ այսպես չի՞ շարունակվի խորհրդարանական աշխատանքը:
-Ինչ- որ պահ կարծում եմ, որ կավարտվի նաեւ այս պրոցեսը:
-Ընդդիմությունը հայտարարել է, որ գալու է խորհրադարան եւ օր ու արեւ չի տալու իշխանություններին: Հավանաբար սա այդ սցենարներից է:
-Ես որպես իշխանության ներկայացուցիչ համաձայն եմ, որ ընդդիմությունն օր ու արեւ չտա իշխանությանը, բայց ոչ թե միտինգային բնույթի գործողություններով, այլ բովանդակային քննադատությամբ: Այս տարբերակին երկու ձեռքով կողմ եմ: Ինքն այդ դեպքում կիրականացնի մեր կեսի մի մասը, որը շատ օգտակար կլինի հասարակության համար: Նման բովանդակային քննարկման պարագայում ինչքան ուզում է՝ թող օր ու արեւ չտա մեզ:
Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ
ՊԱՊԻԿՅԱՆԻ ՈՒՆԵՑՎԱԾՔԸ
Հայտնի դարձավ, որ ՀՀ փոխվարչապետ է նշանակվել Սուրեն Պապիկյանը: ArmLur.am-ը ներկայացնում է Պապիկյանի՝ 2020 թվականին հայտարարագրած ունեցվածքը: Այսպես, մեզ հայտնի դարձավ, որ արդեն փոխվարչապետ Պապիկյանը 2020 թվականի սկզբին հայտարարագրել է 3 հատ հողամաս, որոնք ձեռք է բերել 2003 թվականին Լոռու մարզում:
Բացի այս, Սուրեն Պապիկյանը 2019 թվականին Երեւանի Արաբկիր վարչական շրջանում գնել է բնակարան, որի միանձնյա սեփականատերն է: Պապիկյանի բանկային հաշիվների դրամական միջոցները 2020 թվականի սկզբին կազմել են 12 մլն 996 հազար դրամ, իսկ, ահա, տարեվերջին այն դարձել է 8 մլն 368 հազար դրամ, բացի այս ավելացել է նաեւ 4901 դոլարն ու 4432 եվրոն:
ArmLur.am-ը պաշտոնական փաստաթղթից տեղեկացավ, որ 2020 թվականի վերջին Պապիկյանը կանխիկ ունեցել է 5 մլն դրամ, 8000 դոլար եւ 1000 եվրո: Բացի այս, Պապիկյանը 2020 թվականին ամսական ստացել է 1 մլն 732 հազար դրամի չափով աշխատավարձ: Նաեւ ՀՀ ֆինանսների նախարարությունից ստացել է 1 մլն 938 հազար դրամի եկամուտ, մանրամասներ ներկայացված չեն: Նա նաեւ «Արդշինբանկ»-ից՝ 18 մլն 167 հազար դրամի եւ «ՎՏԲ-Հայաստան» բանկից 874 հազար դրամի չափով փոխառություն է ստացել: Եւ որպեսզի պատկերավոր լինի, Պապիկյանի ֆինանսական վիճակի կայունացումը, ներկայացնում ենք 2018 թվականի՝ նախարարի պաշտոնը ստանձնելու դրությամբ հայտարարագիրը. ունեցել է մեկ հողամաս, Nissan Teana 2.3 մակնիշի մեկ ավտոմեքենա, 1.3 մլն դրամի եւ 1400 դոլարի չափով դրամկան միջոց, իսկ ընդհանուր եկամուտը՝ 1 մլն 801 հազար դրամ: Հուսանք՝ մի պատահական օր Պապիկյանը հանրությանը կներկայացնի, թե ինչպես է հաջողացրել ֆինանսական վիճակը այս կարգի բարելավել:
ԴԻՄԵԼ Է ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ
ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ օրերս իրավապահներին է զանգահարել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության համայնքային ծառայության բաժնի պետի պաշտոնակատար Աննա Վարդանյանը եւ հայտնել, որ հուլիսի 29-ին՝ ժ.18.20-ին, Գեւորգը ավտոմեքենայի կայանման վայրի շուրջ վիճաբանել է իր ամուսնու հետ եւ այդ ժամանակ փորձել է դանակով հարվածել ամուսնուն՝ Դավիթ Վարդանյանին, որը «Կենտրոն» համատիրության ղեկավարն է: Աննա Վարդանյանի ահազանգից հետո իրավապահները շտապել են դեպքի վայր եւ պարզել են դեպքի ողջ հանգամանքները: Ներկայումս իրավապահները փնտրում են Գեւորգ Շալջյանին, դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ս.Հ.
ԲԵՆԶԻՆԻ ԳԻՆՆ ԱՃՈՒՄ Է
Հայաստանում բենզինի գները բարձրացել են. վարորդներն արդեն կատակում են՝ բենզինի գինը հավասարվել, անգամ գերազանցել է դոլարի փոխարժեքին։ ArmLur.am-ը տեղեկացավ, որ հայաստանյան որոշ բենզալցակայաններում երեկվանից բենզինի գինն ավելացել է 10 դրամով: Օրինակ, Ռեգուլյար տեսակի բենզինի մեկ լիտրը վաճառվում է 490 դրամով, իսկ Պրեմիումի գինը գերազանցում է 500 դրամը, այսօր այն արդեն վաճառվում է 510 դրամով: Հայաստանում բենզինի գինը տեւական ժամանակ է, ինչ չի նվազում:
Ավելին, վարորդները հույս ունեին, որ բենզինի գինը կնվազի, երբ արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո քիչ թե շատ երկրում կկայունանա ներքաղաքական վիճակը։ Սակայն ընտրություններն եղան, անցան, բայց բենզինի գինը չիջավ: Բենզինի ներկրմամբ եւ վաճառքով զբաղվող ընկերությունները նախորդ ամիսներին արդարանում էին, որ թանկացման պատճառը դոլարի բարձր փոխարժեքն է, որն ազդեցություն է ունեցել ներմուծվող ապրանքների գների վրա, սակայն դոլարի փոխարժեքն իջավ, բենզինն այդպես էլ չէժանացավ: Օրինակ՝ այսօրվա դրությամբ ՀՀ առեւտրային բանկերում դոլարի առքի առավելագույն գինը 485 դրամ է, վաճառքինը՝ 495 դրամ: Մյուս կողմից՝ մասնագետների համոզմամբ՝ բենզինի գնի բարձրացման պատճառը ներքաղաքական անկայուն վիճակը չէ, այլ նավթի գնաճը։ Նավթի գներն աճել են Ռուսաստանում, ԱՄՆ-ում։
Բացի այս, ArmLur.am-ի ձեռքի տակ հայտնված ցանկից տեղեկացանք, որ, հուլիսի 26-ի տվյալներով, աշխարհում բենզինի միջին գինը կազմել է 1.19 դոլար կամ 589 դրամ:
Բայց, չնայած սրան, Ռուսաստանում բենզինի մեկ լիտրի միջին գինը հուլիսի 26-ի դրությամբ կազմել է շուրջ 330 դրամ, իսկ Վրաստանում այն գերազանցում է 490 դրամը։ Ի դեպ, բենզինի գնի բարձրացման մասին չի լռում նաեւ պաշտոնական վիճակագրությունը, ըստ որի` այս տարվա հունիսին, մայիսի համեմատ, բենզինի եւ դիզելային վառելիքի գներն աճել են 6.2 եւ 4.5 տոկոսով։
Օրինակ՝ Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներում, որի անդամ է հանդիսանում նաեւ Հայաստանը, բենզինը վաճառվում է գնային զգալի տարբերությամբ:
Նշենք, որ Ղազախստանում բենզինի մեկ լիտրի միջին գինը կազմում է 220 դրամ: Բելառուսում բենզինի մեկ լիտրի միջին գինը կազմել է մոտ 398 դրամ, Ռուսաստանում՝ 330 դրամ: Ղրղզստանում բենզինի միջին գինը կազմել է մոտ 337 դրամ: Նշենք, որ հայկական եւ վրացական շուկաներում բենզինը վաճառվում է հավասար գներով:
Հարեւան Իրանի Իսլամական Հանրապետությունում այն վաճառվում է միջինը 29 դրամով, որտեղից, ի դեպ, Հայաստանը սկսել է մեծ քանակությամբ բենզին ներկրել, բայց ինչպես տեսնում եք, մեզ մոտ իրանական բենզինի գինը միջինը 480-490 դրամ է:
Ս.Հ.