ՔՆՆԱՐԿՎՈՒՄ Է ԴԱՍԱԳՐՔԵՐ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ԿԱՐԳԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել ՀՀ ուսումնական հաստատությունները դասագրքերով ապահովելու կարգը: Նախագծի ընդունման արդյունքում գործընթացը կդառնա ամբողջությամբ էլեկտրոնային, ավելի դյուրին, նվազագույնի կհասցվի (կբացառվի) դասագրքերի եւ ուսումնական հաստատության սովորողների միջեւ քանակական տարբերությունը, ինչը նախկինում հնարավոր չէր վերահսկել։

 

Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ինչպես դպրոցները դասագրքերով ապահովելու ընթացակարգի փոփոխություններով, այնպես էլ հանրակրթական ուսումնական հաստատությունների, այդ թվում՝ օտար լեզվով խորացված ուսուցմամբ, ազգային փոքրամասնությունների եւ ռուսերենով ուսուցմամբ դասարանների դասագրքերի տրամադրման մեկ միասնական կարգ սահմանելու պահանջով։

Նախատեսվում է կանոնակագրել հետեւյալ ուսումնական նյութերի եւ ձեռնարկների շրջանառությունը.

հաստատության ուսումնական պլանով սահմանված՝ ազգային փոքրամասնությունների լեզվին, պատմությանը, մշակույթին վերաբերող դասագրքեր,

օտար լեզվով խորացված ուսուցում իրականացնելու համար անհրաժեշտ դասագրքեր,

ռուսաց լեզվով ուսուցմամբ դասարաններում օգտագործվող դասագրքերի,

մասնագիտացված հանրակրթական ծրագրեր իրականացնելու համար անհրաժեշտ դասագրքեր,

բրալյան դասագրքերի եւ տետրեր։

Նախատեսվում է թվայնացնել ինչպես վերոնշյալ, այնպես էլ տարրական դասարանների դասագրքերի պատվերների ձեւավորման, հաշվառման գործընթացը՝ խուսափելով մարդկային գործոնով պայմանավորված վրիպակներից եւ սխալներից։

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եւ օրենքով չարգելված այլ միջոցներով հրատարակված դասագրքերի եւ ուսուցչի ձեռնարկների շրջանառության գործընթացը կիրականացվի Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի կրթության կառավարման տեղեկատվական համակարգի միջոցով։ Մասնավորապես, վերոնշյալ հարթակում կիրականացվեն տարրական դասարանների եւ թվարկված խմբերի դասագրքերի հայտագրման, պատվերի ձեւավորման եւ հաշվառման գործընթացները: Նախագծով սահմանվում է նաեւ մշտադիտարկում իրականացնել դասագրքերի բաշխման գործընթացի նկատմամբ:

Հիշեցնենք, որ սոցիալապես անապահով ընտանիքների սովորողներին հատկացվող դասագրքերի համար ներդրումային գումարների փոխհատուցումն իրականացվում է ՀՀ պետական բյուջեի «Սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների դասագրքերի վարձավճարների փոխհատուցում» ծրագրի շրջանակում: Հաստատության սոցիալապես անապահով ընտանիքների սովորողների ցուցակը կազմվում է մանկավարժական եւ ծնողական խորհուրդների համատեղ նիստում, որը հաստատում է տնօրենը։

Հավելենք, որ առաջիկայում հանրային քննարկման կներկայացվի նաեւ դասագրքերի ստեղծման, դրանց գնահատման հանձնաժողովների ձեւավորման նոր կարգի նախագիծը։ Քաղաքացիները եւ շահառու խմբերը մինչեւ օգոստոսի 27-ը կարող են նախագծի վերաբերյալ ներկայացնել իրենց առաջարկություններն ու դիտողությունները:

 

 

ՖՐԱՆՍԱՀԱՅ ԿԱՄԱՎՈՐՆԵՐԸ՝ ԴԻԼԻՋԱՆՈՒՄ

Դիլիջան քաղաքի թիվ 2 դպրոցում ֆրանսահայ կամավորների նախաձեռնությամբ եւ  աջակցությամբ իրականացվում են շինարարական աշխատանքներ: Հայկական բարեգործական ընդհանուր միության աջակցությամբ Ֆրանսիայում ծնունդ առած կամավորական այդ շարժումն արդեն տասը տարեկան է, կամավորները երկու տարին մեկ տարբեր ծրագրեր են կյանքի կոչել Հայաստանում եւ  Արցախում: Նրանք   նորոգել են նաեւ Հայաստանի  սահմանամերձ գյուղերի դպրոցներ: Դիլիջանի համայնքապետարանը հայտնում է, որ ֆրանսահայ 30 կամավորները Դիլիջանի թիվ 2 դպրոցում   նորոգել են 4 դասասենյակներ,  նաեւ դպրոցական  մասնաշենքի տանիքը, տեղադրել արեւային վահանակներ: Կամավորները դպրոցականների համար կազմակերպել են ամառային ճամբար, շփվել դիլիջանցի երեխաների հետ: Ֆրանսահայ կամավորներն  Արցախում տեղի ունեցած պատերազմից հետո Դիլիջանում  բնակություն հաստատած արցախցիներին  նվերներ են հանձնել: Դիլիջանի թիվ երկու դպրոցի եւ քաղաքի  Շարամբեյանի անվան գեղարվեստի դպրոցի սաները փոքրիկ միջոցառմամբ շնորհակալությունն են հայտնել  իրենց ավագ ընկերներին:

 

 

ԶՈՐԱՑՐԵԼ ԵՆ

Իջեւանի բնակիչները հայտնում են, որ պայմանագրի ժամկետից շուտ զորացրել, զինվորական ծառայությունից ազատել են Իջեւանի տարածաշրջանում ծառայություն իրականացնող ՀՀ պաշտպանության նախարարության զորամասի պայմանագրային զինծառայողների։ Զորացրվածների թիվը մեծ է հակաօդային պաշտպանության զինվորական ստորաբաժանումում,  նաեւ որպես կապավոր եւ վարորդ ծառայած պայմանագրային զինծառայողների շրջանում։

 

 

ԱՊՕՐԻՆԻ ՀԱՏԵԼ Է ՍԱՀՄԱՆԸ

Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Բերդի նստավայրում ընթանում է ՌԴ քաղաքացի Բիմբուլատ Ահմադովի դատավարությունը։ Նա մեղադրվում է  այն բանում, որ  2021թ. մարտի 4-ին՝ ժամը 22:54-ի սահմաններում, շրջանցելով ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի Բագրատաշենի  հսկիչ անցագրային կետը, ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի ջոկատի 1-ին սահմանապահ պարետատան կողմից պահպանվող տարածքում ապօրինի՝ առանց սահմանված փաստաթղթերի ու պատշաճ թույլտվության, Դեբեդ գետն անցնելու եղանակով, Վրաստանի կողմից հետիոտն հատել է ՀՀ պահպանվող պետական սահմանը եւ Տավուշի մարզի Պտղավան գյուղի տարածքով մուտք գործել ՀՀ, որտեղ էլ  2021թ. մարտի 16-ին բռնվել է ՀՀ ազգային անվտանգության աշխատակիցների կողմից։ Նրան մեղադրանք է առաջադրվել  ՀՀ քրեական օրենսգրքի 329 հոդվածի 1-ին մասով։ Բիմբուլատ Ահմադովի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 

 

ՄԻՊ-Ը ԱՀԱԶԱՆԳԵՐ Է ՍՏԱՑԵԼ

Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանին ներկայացվել են ահազանգեր, որ ադրբեջանական զինված ուժերը կրակոցներ են արձակել Սյունիքի մարզի Արավուս գյուղի ուղղությամբ: «Այս տեղեկությունները Մարդու իրավունքների պաշտպանին հաստատել են գյուղի բնակիչները եւ պնդել, որ նշանառու կրակոցներ են արձակվել նաեւ Հայաստանի Հանրապետության  զինված ուժերի դիրքերի վրա: Խոսքն Արավուս գյուղի այն հատվածի մասին է, որտեղ ադրբեջանական զինված ուժերը տեղակայված են քաղաքացիական տներից մի քանի հարյուր մետր հեռու: Նրանց անմիջապես դիմաց են տեղակայված ՀՀ զինված ուժերը, որոնք կատարում են բնակիչների կյանքն ու անվտանգությունը պաշտպանելու գործառույթ: Ըստ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հավաքագրած փաստերի` ադրբեջանական կրակոցները դադարել են Տեղի համայնքային մարմինների, ՀՀ 1-ին բանակային կորպուսի եւ Ռուսաստանի Դաշնության սահմանապահ ծառայության հրամանատարության ժամանումից հետո: Արավուս գյուղի ուղղությամբ ադրբեջանական այս գիշերվա կրակոցները հանցավոր են, խաթարում են մարդկանց բնականոն, խաղաղ կյանքն ու անվտանգությունը:

Այս փաստերն ապացուցում են, որ ադրբեջանական զինված ուժերի ներկայությունն ինքնին ՀՀ գյուղերի անմիջական հարեւանությամբ եւ համայնքների միջեւ ճանապարհներին մարդկանց կյանքի իրավունքի է խախտում է: Նրանք խախտում են նաեւ մարդկանց սեփականության, ազատ տեղաշարժի եւ մյուս կենսական իրավունքները: Ակնհայտ է, որ մարդկանց իրավունքները հնարավոր կլինի ապահովել միայն անվտանգության գոտու պայմաններում»,- նշել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

 

 

ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԸ ՎՆԱՍՆԵՐ Է ԿՐԵԼ

Նախօրեին տեղացած ուժեղ կարկուտից Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքը զգալի վնասներ է կրել: Նախնական տվյալներով տուժել է տնամերձ հողատարածքներում մշակված 230 հեկտար կարտոֆիլի, 56 հեկտար բանջարաբոստանային կուլտուրաների բերքը: Մեծապես տուժել է նաեւ գյուղնշանակության վարելահողերում առկա 90 հեկտար ցորենի, 67 հեկտար գարու, 94 հեկտար կարտոֆիլի, 54 հեկտար խնձորի եւ 45 հեկտար տանձի բերքը: Վնասվել են նաեւ ջերմոցներ, ջրատաքացուցիչներ, կտուրներ:

 

 




Լրահոս