ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը, որը ղեկավարում է ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանն է, արդեն ձևավորվել է:
ArmLur.am-ը տեղեկացավ, որ հանձնաժողովի անդամ է նաև բանտարկության մեջ գտնվող Մխիթար Զաքարյանը, ով նույն խմբակցության պատգամավոր է, բայց կալանավորված:
Հիշեցնենք, որ օգոստոսի 4-ին Վերաքննիչ քրեական դատարանը որոշել էր, որ Մեղրիի նախկին քաղաքապետ, «Հայաստան»խմբակցության պատգամավոր Մխիթար Զաքարյանը կշարունակի մնալ կալանքի տակ Վարդաշեն քրեակատարողական հիմնարկում։ Զաքարյանը մեղադրվում է պաշտոնական կեղծիքի և պաշտոնական լիազորությունները չարաշահելու համար։ Խոսքը համայնքին պատկանող արգելոցից հողատարածքի օտարման մասին է։
Ըստ Քննչական կոմիտեի` 2016 թվականից Մեղրին ղեկավարած Զաքարյանը կազմակերպել է համայնքին պատկանող և վաճառքի ոչ ենթակա արգելոցի տարածքի վաճառքն իր մտերիմին։
Այս գործով մեղադրյալ են նաև Զաքարյանի նախկին տեղակալն ու քաղաքապետարանի գլխավոր մասնագետը։ Հավելենք, որ ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ նաև նույն խմբակցությունից Հռիփսիմե Ստամբուլյանը: ՔՊ խմբակցության պատգամավորից հանձնաժողովի անդամներն են Բաբկեն Թունյանը, Հովիկ Աղազարյանը, Կարեն Համբարձումյանը, Նարեկ Ղահրամանյանը, Ծովինար Վարդանյանն ու Հայկ Ցիրունյանը:
Սոնա Գրիգորյան