Այս տարվա յոթ ամիսներին պաշտոնական վիճակագրությունը ցույց է տալիս, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատած` ճանապարհատրանսպորտային պատահարների թիվն ավելացել է, աճել է նաեւ զոհերի ու վիրավորների թիվը:
ArmLur.am-ը տեղեկացավ, որ այս տարվա հունվար-հուլիս ամիսներին մեր հանրապետությունում արձանագրվել է 2635 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետեւանքով զոհվել է 199, վիրավորվել՝ 3896 մարդ: Մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում Հայաստանում արձանագրված ճանապարհատրանսպորտային պատահարների քանակը կազմել է 2108, զոհերի թիվը՝ 152, իսկ վիրավորվել են 3100-ը: Պաշտոնապես, այս տարվա յոթ ամիսներին ճանապարհատրանսպորտային պատահարների թիվն աճել է 25 տոկոսով:
Բացի այս, ճանապարհատրանսպորտային պատահարների քանակն այս տարվա հուլիսին ավելացել է նաեւ հունիս ամսվա համեմատ. 2021 թվականի հուլիսին մեր հանրապետությունում արձանագրվել է 464 ՃՏՊ, որի հետեւանքով զոհվել է 31, վիրավորվել՝ 705 մարդ: Իսկ ահա հունիս ամսին ՃՏՊ-ների քանակը կազմել է 437, որի հետեւաքնով զոհվել է 28, վիրավորվել 647 մարդ: Սա ըստ մասնագետների մի շրջանակի՝ ավտոպարկի ընդլայման հետեւանք է:
Չէ որ այս ընթացքում մեր հանրապետությունում զգալի ավելացել է ավտոմեքենաների քանակը, ինչն արդեն իսկ լուրջ պատճառ է ճանապարհատրանսպորտային պատահարների քանակական ավելացման: Մյուս կողմից, տեղի ունեցող վթարների զգալի մասը վարորդների ոչ պրոֆեսիոնալ վարման հետեւանքն է, քանի որ նրանցից շատերը պարզապես չեն տիրապետում երթեւեկության տարրական կանոններին:
Բայց սրան զուգահեռ նկատենք, որ այս տարվա հուլիսի 7-ից, երբ նույն օրը դադարեցվեց Ճանապարհային ոստիկանության աշխատանքը, աշխատանքի դուրս եկավ ոստիկանության պարեկային նոր ծառայությունը, որը համատեղում է Ճանապարհային ոստիկանության, Պարեկապահակակետային ծառայության գործառույթները, պատասխանատու է հասարակական կարգի, ճանապարհային անվտանգության ապահովման համար:
Եւ չնայած սրան՝ արձանագրենք, որ հենց հուլիսին Հայաստանում ավելացել է ՃՏՊ-ների, դրանց հետեւանքով զոհերի եւ վիրավորների թիվը: Ի դեպ, չմոռանանք, որ Նիկոլ Փաշինյանը պարեկային նոր ծառայության ստեղծումը համարում է իր կառավարության կարեւորագույն բարեփոխումներից մեկը: Թերեւս թվերն ավելի խոսուն են:
Մանրամասները՝ տեսանյութում
Ս.Հ.