Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց Կաթողիկոս Պատրիարք Արհ. Տ. Ռաֆայել Արքեպս Մինասյանին:
Վարչապետը ևս մեկ անգամ շնորհավորել է Ամենապատիվ և Գերերջանիկ Տեր Ռաֆայել Պետրոսին՝ Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց 21-րդ Կաթողիկոս Պատրիարք ընտրվելու կապակցությամբ և նշել.
«Հոգևոր հայր,
Ուրախ եմ Ձեզ տեսնելու համար, այս անգամ՝ նոր կարգավիճակով, և ուզում եմ նախևառաջ շնորհավորել Հայ Կաթողիկե եկեղեցու հովվապետ ընտրվելու առիթով: Մենք շատ բարձր ենք գնահատում Հայ Կաթողիկե եկեղեցու գործունեությունը մեր ժողովրդի ինքնության պահպանման և զարգացման գործում: Հանրահայտ է այն անուրանալի ներդրումը, որ արել են Հայ Կաթողիկե եկեղեցու ներկայացուցիչները Մխիթարյան միաբանությունում, Զմմառի միաբանությունում և այդպես շարունակ:
Շատ ուրախ եմ, որ Դուք ընտրվել եք Հայ Կաթողիկե եկեղեցու հովվապետ՝ հաշվի առնելով, որ Դուք վերջին 10 տարում, ըստ էության, գործունեություն եք ծավալել Հայաստանի Հանրապետությունում: Իհարկե, ղեկավարելով Հայ Կաթողիկե եկեղեցու ավելի մեծ թեմ, բայց Ձեր հիմնական նստավայրը եղել է Հայաստանի Հանրապետությունում, ինչը նշանակում է, որ Դուք ավելի լավ եք տեղյակ Հայաստանի խնդիրներին, նրբություններին, առանձնահատկություններին: Կարծում եմ, որ Ձեր ընտրությունն այդ առումով ավելի կնպաստի մեր հետագա համագործակցությանը և այն առավել արդյունավետ դարձնելուն»:
Հայ Կաթողիկե եկեղեցու հովվապետն իր խոսքում նշել է.
«Պարոն վարչապետ,
Շատ շնորհակալ եմ Ձեր ազնիվ արտահայտությունների և զգացմունքների համար, և ես խորապես զգացված եմ նախևառաջ, որ Դուք առաջինն էիք, նույնիսկ կաթոլիկներից առաջ, որ շնորհավորեցիք ինձ այս նոր պաշտոնում ընտրվելու առիթով: Սրտիս մեջ պահում եմ, որ, ի վերջո, նկատվում եմ որպես ազգիս հարազատ զավակ՝ Ձեր մեջբերումով, և վստահ եղեք՝ այս բոլոր զոհողությունները, որ կրում եք, մեր սրտի մեջ են: Մենք այլ բան չունենք անելու, քան Ձեզ աղոթքի մեջ հիշելը՝ հատուկ կերպով, որպեսզի ամենաբարի Աստված իսկապես կարողանա Ձեզ նեցուկ, պահապան լինել և առաջնորդի Ձեզ դեպի լավ, խաղաղ ափեր: Դա մեր ցանկությունն է, մեր հարազատ զգացմունքներն են Ձեր հանդեպ և նաև մեր հայրենիքի հանդեպ»:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայապահպանության, Հայաստան-Արցախ-Սփյուռք միասնության, պետություն-եկեղեցի կապերի ամրապնդման շուրջ, կարևորել աշխարհիկ և հոգևոր իշխանության համագործակցությունն այս ուղղությամբ: Վարչապետն ընդգծել է՝ Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունը մեծ դեր ունի մեր ժողովրդի հոգևոր արժեքների ամրապնդման, ազգային ինքնության, մշակութային ժառանգության պահպանման գործում, և ՀՀ կառավարությունը կշարունակի իր նպաստը բերել այդ գործին: